hetq.am: Դատախազությունը հաստատել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի մեղադրանքը: Գործը դատարանում է, մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից:
Արաքս Դիլանյանը մեղադրվում է նախկին նախարարի կողմից առանձապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Վիկտոր Մարտիրոսյանը` կաշառքի օժանդակության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ:
Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքների, Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008 թվականի սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:
Մարտիրոսյանը, Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար:
Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, գործարար Սիլվա Համբարձումյանի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացի Արաքս Դիլանյանի՝ Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո, ըստ մեղադրանքի, նշված գումարից 797 918 520 դրամին համարժեք 9 499 030 ԱՄԷ դիրհամ և 769 125 000 դրամին համարժեք 9 156 250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:
Դրանից հետո Վիկտոր Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Արամ Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին:
Վիկտոր Մարտիրոսյանն իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին:
Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և Հայաստանի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:
Կաշառքի գործի շրջանակներում նախկին նախարար Արամ Հարությունյանն, ինչպես նաև նրա մտերիմներից Սուրեն Ավագյանը մեղադրյալի կարգավիճակ ունեն:
2007 թվականի հունիսի 8-ից Հարությունյանը զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսացել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահը:
Շարունակությունը՝ hetq.am
comment.count (0)