Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր
14:09 - 28 հունիսի, 2019

Հայաստան-Ինդոնեզիա. համագործակցության համաձայնագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ:

Համաձայնագիրը ստորագրել են Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն:

Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է համագործակցություն հաստատել տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների (ՏԲԻ) և գիտատեխնոլոգիական պարկերի (ՏԲԻ և ԳՏՊ) միջև՝ փոխադարձ շահավետության հիման վրա գիտելիքներ փոխանակելու ու դրանցով կիսվելու համար։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են:

Ինդոնեզական կողմը կարևորել է նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցությունը՝ ընդգծելով, որ համապատասխան ծրագրեր են իրականացվում Շվեյցարիայի, Գերմանիայի, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Արևիկ Անափիոսյանն իր հերթին ներկայացրել է հայաստանյան փորձը, մասնավորապես, դուալ համակարգի ներդրումը գերմանական GIZ-ի աջակցությամբ՝ ընդգծելով, որ այս ոլորտում ևս կարող է իրականացվել փորձի փոխանակում:

Փոխնախարարը նշել է նաև, որ նախարարության կողմից գիտատեխնոլոգիական պարկերի համագործակցության համար նշանակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որը, ըստ Արևիկ Անափիոսյանի, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում՝ իրականացնելով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է իրականացնում:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները:

Մասնավորապես, կողմերը՝

  • կկազմակերպեն փոխադարձ այցելություններ ՏԲԻ և ԳՏՊ անձնակազմերի ու փորձագետների միջև,

  • առանց գիտական աստիճանի շնորհման՝ կկազմակերպեն ծրագրեր (վերապատրաստում, նպատակային ուսուցումներ) ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի գործարկման ու կառավարման, ինչպես նաև նորարարությունների ու ձեռնարկատիրության ուղղությամբ՝ տեխնոլոգիաների փոխանցման շուրջ,

  • աջակցություն կցուցաբերեն Ինդոնեզիայի անձնակազմի՝ հայկական ՏԲԻ-ներում և ԳՏՊ-ներում փորձուսման կազմակերպման համար և հակառակ ուղղությամբ՝ երկու երկրներում ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի բնագավառներում կարողությունների զարգացումն ամրապնդելու նպատակով,

  • կիրականացնեն Հայաստանում ինկուբատորների ոլորտում վերապատրաստման և ինկուբատորների կամ ՀՏԲԿՆ ՄՌ կառավարիչների վերապատրաստման գործողությունների 2019 թվականի ծրագիրը՝ դիտարկելով ուսման վճարի զեղչման հնարավորությունը,

  • կխրախուսեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին ներդրումներ կատարել ու խթանել տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնես գործընկերությունը մյուս երկրի ՏԲԻ և ԳՏՊ բնագավառներում,

  • երկու երկրների միջև ՏԲԻ-ների շրջանում կկազմակերպեն համատեղ համաինկուբացիոն ծրագրեր այն ՏԲԻ ստարտափների համար, որոնք կցանկանան իրենց շուկան ընդլայնել արտերկրում, կխրախուսեն քույր ՏԲԻ-ների և քույր ԳՏՊ-ների ստեղծումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել