Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի․ Նիկոլ Փաշինյան
19:53 - 26 հոկտեմբերի, 2020

Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի․ Նիկոլ Փաշինյան

Մի կարեւոր հարց կա, որի պատասխանն ունենալը շատ կարեւոր է․ գուցե Հայաստա՞նն է մեղավոր՝ իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորման հասնել։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն, եւ այդ ընթացքում եկել ենք եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա, ընդ որում՝ այս պահանջարկը ոչ միայն այսօրվա, այլեւ պատերազմից առաջ գոյություն ունեցող պահանջարկ է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս շեշտեց, որ այնտեղ, որտեղ հայկական կողմը որեւէ ճկունություն է ցուցաբերել, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար։ Եթե  հայակական կողմը  որեւէ բանի համաձայնվել է, դա արդեն ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետեւ նրանք ցանկացել են ավելին՝ քաջալերված լինելով Թուրքիայի կողմից։

«Այսպիսով՝ մեր արձանագրումն այն է, որ Ադրբեջանը հիմա առավել եւս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա։  Ես ուզում եմ՝ մենք հստակ պատասխանենք մի հարցի․ հայ ժողովուրդն արդյոք պատրա՞ստ է փոխզիջումների։ Ես կարծում եմ, որ, այո՛, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի, ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի, եւ ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի՝ իր իրավունքները պաշտպանելու»,- ընդգծեց վարչապետը։

Խոսելով նաև  հայկական կողմից ակնկալվող միջազգային ճկունության մասին,  Փաշինյանն ընդգծեց, որ , որ պիտի ուժ ունենանք՝ գործել մեր շահերի եզրագծերին մոտիկ, բայց անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը գնա կապիտուլյացիայի։ Հետեւաբար,  պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր շահերը պաշտպանել, մենք պետք է գտնենք ռեսուրսներ, որպեսզի կարողանանք իրավիճակը դարձնել այնպիսին, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը, որ Ադրբեջանի համար ընդունելի լինի փոխզիջումային տարբերակը։ Փաշինյանը հավելեց․

«Սա է այն կարեւոր պրոբլեմը, որ մինչ օրս թույլ չի տվել լուծել Ղարաբաղի հարցը, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չի եղել եւ հիմա առավել եւս պատրաստ չէ փոխզիջման։ Մենք պիտի հասկանանք, որ սա իսկապես ճակատագրական պահ է, եւ մեզնից որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չի կարող հույս ունենալ, որ կգտնվեն ուժեր, որ էս հարցը կլուծեն։ Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ այս օրակարգին նվիրված լինի նույնկերպ եւ նույնչափ, որքան նվիրված կանգնած են այն զինվորները, որոնք իրենց դիրքը թեկուզ կյանքի գնով չեն լքում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել