«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Ժամանակն է սթափվելու և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 44 օր է մեր քաջարի բանակը պայքարում է ադրբեջանաթուրքական ահաբեկիչների դեմ՝ հանուն Արցախի և արցախցու սեփական հողում ապրելու և արարելու իրավունքի: Այս բարդ իրավիճակում բոլորիս միակամությունն ու համերաշխությունն առաջնային է և կարևոր, սակայն վերջին օրերին տարբեր պատասխանատու պաշտոնյաների կողմից հնչող իրարամերժ հայտարարությունները չափազանց վտանգավոր են, անթույլատրելի և հղի տագնապալի իրավիճակի ստեղծմամբ:
Նման իրավիճակը կանխելու համար և վտանգավոր անորոշությունը վերացնելու համար անհրաժեշտ է՝
1. ՀՀ վարչապետը ժամ առաջ հանդես գա ժողովրդին ուղղված հաշվետվությամբ և տա իրավիճակի հստակ և ճշգրիտ գնահատականը: Առանց ավելորդությունների և սառը դատողությամբ պետական մակարդակով պետք է ձևակերպել անելիքները՝ ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխան: Այսօր, առավել քան երբևէ հասարակությանը պետք է տրվի հստակ և ճշգրիտ տեղեկատվություն, հակառակը կարող է պատճառ դառնալ վտանգավոր խուճապի և անորոշության տարածման՝ իր բոլոր բացասական և վտանգավոր հետևանքներով:
2. Պետք է անհապաղ խոսել աշխարհաքաղաքական տերությունների, այդ թվում ԵՄ-ի հետ՝ առանց բացառությունների և առաջին դեմքերի մակարդակով, հստակություն մտցնել նրանցից սպասվող գործողությունների մեջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմաճակտում իրավիճակի փոփոխություններն ու զարգացումները տեղի են ունենում հաշված ժամերի ընթացքում: Այս գործընթացին ևս հասարակությանը պետք է հաղորդակից դարձնել՝ բացառելով նաև չհիմնավորված սպասումները աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնից:
3. Ռուսաստանի Դաշնությունից, որպես ռազմաքաղաքական դաշնակից, պետք է պահանջել իր պայմանագրային /1997թ.-ի Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, Համագործակցության և Փոխադարձ օգնության մասին Պայմանագիրը, ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման մասին պայմանագիրը՝ փոփոխություններով ու լրացումներով / պարտականությունների ողջ ծավալով կատարում:
4. ՀԱՊԿ-ից, որպես անվտանգության համակարգ, պետք է պահանջել հստակ դիրքորոշում և գործուն քայլեր իր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն ցցուն փաստը, որ այս ընթացքում բազմիցս խոցվել են ՀՀ բնակավայրերը և կան քաղաքացիական զոհեր: Պետք է նաև պահանջել, որպեսզի դադարեցվի ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զինտեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին:
5. Քաղաքական տարբեր շրջանակներին կոչ ենք անում ՀՀ-ի և Արցախի համար այս ճակատագրական պահին դրսևորել զսպվածություն, լինել բացառապես բանակի կողքին, քանզի ռազմական դրության ընթացքում անթույլատրելի և անընդունելի է ցանկացած գործողություն, որը կարող է հասարակությանը տանել երկփեղկվածության:
Անընդունելի է, այս ճակատագրական պահին արցախյան ճակատում արձանագրվող հաջողությունների կամ անհաջողությունների հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելը՝ երբևիցե և առավելևս այսօր անթույլատրելի և աններելի է արցախյան հիմնախնդիրը դարձնել խաղաթուղթ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի ձեռքում:
Ժամանակն է սթափվելու, ռեալ գնահատելու ներկա մարտահրավերները և անցնելու հստակ գործողությունների՝ ելնելով բացառապես առկա իրավիճակի հրամայականից և Հայաստանի ու Արցախի շահերից: Սա ցանկացած հայի պարտքն է այսօր՝ մենք հավատում ենք մեր բանակի ուժին և մեր ժողովրդի բռունցքված հավաքականությանը, վստահ ենք մեր ապագային՝ որը կերտվում է մեր հերոսների ջանքերով և պայքարով»:
comment.count (0)