ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

 |aravot.am|
20:14 - 09 օգոստոսի, 2023

ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց |aravot.am|

aravot.am: «Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգեցին։ Դրանով դատական նիստն ավարտվեց»,- Aravot.am-ին տեղեկացրեց Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 11։00-ից մեկնարկած և մինչև աշխատանքային օրվա ավարտ տևած՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր՝ Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում որոշվեց երկարաձգել նաև մեղադրյալներից Արմեն Քամալյանի տնային կալանքի ժամկետը։ Այն երկարաձգվեց երեք ամսով։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: 2022-ի օգոստոսի 14-ին դատարանը որոշել էր կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Այս գործով մեղադրվում են Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։

Սուրեն Մանուկյանի փաստաբանից հետաքրքրվեցինք՝ Սուրեն Մանուկյանի կալանքը երկարաձգելու որոշումը սպասելի՞ էր, նա պատասխանեց․ «Նախապես ամեն ինչ որոշված էր, որովհետև ակնհայտ խախտումներով, օրենսդրական նորմերն անտեսելով էր անցնում դատական նիստը, այնպիսի տպավորություն էր, որ ցանկացած գնով, ինչ-որ բաներ շրջանցելով ու անտեսելով պետք է այդ խափանման միջոցի հարցը որոշվեր, որ հանգստանային։ Որոշեցին, հանգստացան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել