«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։
- «Ազատ դեմոկրատները» դեմ է համայնքների խոշորացմանը․ դեռևս 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ դուք ասում էիք՝ համայնքները չպետք է խոշորացվեն։ Համայնքների համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ խոշորացումը։
- Դեռևս 2016-ին և դրանից առաջ, երբ քննարկվում էր համայնքների խոշորացման հայեցակարգը, և հետագայում, երբ օրենքի նախագիծը բերվեց Ազգային ժողով, մենք խորհրդարանում էինք և մեր դիրքորոշումը ներկայացրինք՝ պատճառաբանելով, որ այստեղ խնդիրը զուտ բյուջեի հավելումները կամ կրճատումները չեն։ Համայնքների խոշորացման գործընթացում կա նաև շատ կարևոր մի ասպեկտ, որը կոչվում է տվյալ համայնքի մշակութային առանձնահատկություն, որովհետև սա զուտ տնտեսական խնդիր չէ, նաև մշակութային խնդիր է։
Կան համայնքներ, որոնք, իհարկե, ունեն 120 բնակիչ, բայց այդ համայնքներն ունեն երկար տարիների պատմություն և ավանդույթներ ունեցող դպրոց, 5-րդ դարից պահպանված մշակութային կոթող, եկեղեցի։ Տվյալ համայնքներին զրկել իրենց ժողովրդարացման գործընթացից և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու ժողովրդավարական կարևորագույն ատրիբուտից, որն ամբողջ աշխարհում է խթանվում, սխալ է, և մեր դիրքորոշումը հենց դրանով է պայմանավորված եղել։
Խոշորացման հիմնական առանձնահատկությունը, որ նշվում էր թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, այն էր, որ ավելի շատ ֆինանսական հնարավորություններ կտրվեն խոշորացված համայնքներին, և խնդիրները թիրախային լուծումներ կստանան։ Փորձեմ չհամաձայնել, որովհետև եթե տվյալ համայնքն ունի բյուջե, համայնքի բնակիչներն արդեն իսկ, թեկուզ քիչ, բայց մասնակցում են բյուջեի կառավարմանը, ավագանի են ընտրում, կոնկրետ գիտեն՝ իրենց համայնքն ինչ խնդիր ունի։ Բայց մենք տեսնում ենք, որ հիմնականում խոշորացված փնջերում փոքր գյուղերը միանում են մեծ կենտրոնի հետ, և դասագրքային ճշմարտություն է, որ, բնականաբար, դոմինանտ լինելու է այն համայնքը, որն առավել խոշոր է թե՛ իր բնակչության քանակով, թե՛ իր խնդիրների քանակով, որովհետև ինչքան մեծ է համայնքը, այնքան ավելի շատ խնդիրներ լուծվելու են տվյալ համայնքում։
Տնտեսական դոմինանտության խնդիր, այնուամենայնիվ, առաջանալու է։ Փնջի մեջ գտնվող խոշոր համայնքը, ըստ տրամաբանության, դառնալու է խոշորացված համայնքի կենտրոն, ընտրությունների ժամանակ ավագանու ամենաշատ անդամներ լինելու են այդ համայնքից, և նրանք ավելի շատ փորձելու են իրենց ընտրողների խնդիրները լուծել։ Իսկ իրենց ընտրողները, փաստացիորեն, խոշոր համայնքի ընտրողներն են, ոչ թե ինչ-որ 120 հոգանոց հեռավոր համայնքի։
Մյուս խնդիրն այն է, թե ինչպես են այդ փնջերը ձևավորվում։ Ինչպես նշեցի՝ առանձնահատկությունները, մշակույթը հաշվի առնելու խնդիր կա։ Այդ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք ունենք շատ ու շատ համայնքներ, այդ համայնքներն ունեն իրենց ուրույն դիմագիծը, և շատ հնարավոր է՝ ճանապարհի հակառակ կողմում գտնվող համայնքի հետ այդքան էլ լավ հարաբերություններ չունեն։
- Կառավարությունն ասում է՝ մենք բնակավայրերը պահպանում ենք, և յուրաքանչյուր բնակավայր ունի վարչական ղեկավար։
- Վարչական ղեկավար ունենալու դեպքում էլ այս խնդիրը շարունակելու է գոյություն ունենալ, որովհետև, ինչպես նշեցի, փոքր համայնքն ավագանիում շատ քիչ ներկայացվածություն է ունենալու և ինչ-որ առումով տուժելու է բյուջեի բաշխման, խնդիրների լուծման ժամանակ։ Իսկ այն դեպքում, երբ համայնքն ունենում է իր ընտրած ավագանին, իր ընտրած ավագանուց պահանջում է հստակ մոտեցում, հստակ խնիրներ են դրվում ավագանու առջև, և այդ խնդիրները լուծվում են։
- Ձեր նշած խնդիրը կլուծվե՞ր, եթե խոշորացված համայնքի ավագանու կազմում բոլոր բնակավայրերից ներկայացուցիչներ ունենալու համար քվոտաներ սահմանվեին։
- Այդ դեպքում հնարավոր կլիներ խնդիրը լուծել, որովհետև այլ կերպ ընտրությունը մեխանիկորեն է լինելու։ Պետության ժողովրդավարացման, նաև քաղաքացու մասնակցայնությունն ապահովելու համար տեղական ինքնակառավարումը շատ կարևոր գործիք է։
Անընդհատ խոսվում է ռեսուրսների տեղաբաշխման մասին, ասվում է, որ պետք է ապակենտրոնացում իրականացվի։ Ապակենտրոնացումը միայն տեղական իշխանության փոփոխությունը կամ խոշորացումը չէ։ Հնարավոր է նաև ճիշտ կառավարելիություն մտցնել, տվյալ համայնքին տալ հնարավորություն՝ ներկայացնելու իր խնդիրները և տվյալ խնդրներին համապատասխան՝ ստանալու դոտացիաներ, ոչ թե դա կատարել ընտրողաբար կամ համահարթեցված։ Համահարթեցումը ևս լուծում չէ, որովհետև փոքր համայնքը, բնականաբար, կունենա փոքր խնդիրներ, մեծ համայնքը կունենա մեծ խնդիրներ։ Այստեղ ավելի շատ կարևոր է մարդկային և նաև ֆինանսական ռեսուրսների ճիշտ կառավարումը։
- Կառավարությունն ասում է, որ եթե համայնքները խոշորացվում են, ենթակառուցվածքներն են զարգանում, բնակիչներին մատուցվող ծառայությունների որակն է լավանում, և այն համայնքները, որոնք նախկինում չէին կարող երազել փողոցների լուսավորություն, մանկապարտեզ, բարեկարգ ճանապարհներ ունենալու մասին, այժմ կարող են այդ ամենն ունենալ։ Համաձայն չե՞ք, որ համայնքների խոշորացումը փոքր համայնքների համար կարող է նաև նպաստավոր լինել։
- Մենք արդեն ունենք խոշորացված համայնքներ և նաև ունենք այդ խոշորացված համայնքների բնակչների դիրքորոշումը, որ իրենց կյանքում խոշորացումից առաջ և հետո որևէ բան էականորեն չի փոխվել։ Դուք նշեցիք մանկապարտեզի, ճանապարհների, լուսավորության խնդիրները։ Ի՞նչն է խանգարում համայնքին, որն ունի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ճիշտ են աշխատում, ճիշտ խնդիրներ են բարձրացնում մարզպետարանում, այնուհետև կառավարությունում, իր լուսավորության խնդիրը լուծել։ Խոշորացումը չէ այն գործիքը, որով հնարավոր է այդ խնդիրները լուծել, այդ խնդիրն առանց խոշորացման էլ հնարավոր է լուծել, երբ կան ֆինանսական ռեսուրսներ։
Բերվում է այն մոտեցումը, որ ամեն համայնքի համայնքապետարանում անիմաստ պահվում են աշխատակցիներ, և դա բյուջեի հավելյալ ծախս է։ Սա խնդրի այլ կողմն է։ Դա որոշ բնակավայրերում միակ աշխատատեղն է․ եկե՛ք այս ասպեկտից ևս նայենք։ Համայնքապետարանում աշխատողները, թերևս, միակ աշխատողներն են որոշ համայնքներում, որովհետև այլ աշխատատեղեր գոյություն չունեն։
- Կառավարությունն էլ ասում էր՝ փոքր համայնքի՝ առանց այն էլ փոքր բյուջեի մեծ մասն ուղղվում էր համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձերին, և համայնքի կարիքների համար գումար չէր մնում։
- Նույնը կա նաև կառավարությունում, ցանկացած նախարարությունում, վարչությունում․ աշխատակիցների ուռճացված բազա այն դեպքում, երբ կան հաստիքներ, որոնք որևէ գործառույթ չեն իրականացնում։ Նույնը համայնքնրեի դեպքում է։ Հնարավոր է հաստիքների կրճատում իրականացնել։
Ճանապարհների խնդիր գոյություն ունի, որովհետև երբեմն միացնում են այնպիսի համայնքներ, որոնք անգամ աշխարհագրորեն համատեղելի չեն։ Համայնք կա, որն իր կենտրոնից հեռու է, ենթադրենք, 30 և ավելի կիլոմետր։ Շատ ու շատ բնակիչների համար խնդիր է կենտրոն հասնել մի սովորական թղթի համար։ Իհարկե, տեղում լինելու է վարչական ղեկավար, որն ինչ-ինչ հարցեր լուծելու է, բայց հարցերի մեծ մասը պատվիրակվելու է կենտրոնին, և այս դեպքում մարդիկ ևս որոշակի ծառայությունների հասանելության խնդիր են ունենալու։
Բերվում է միջազգային պրակտիկայի օրինակը։ Մեր համայնքների առանձնահատկությունն այն է, որ տվյալ համայքը ձևավորվել է իր բոլոր կարևորագույն կենտրոնների՝ եկեղեցու, դպրոցի, մշակութային կենտրոնի շուրջ։ Իսկ միջազգային պրակտիկայում մենք չունենք այդպիսի բան, այնտեղ տվյալ վարչատարածքային համայնքը ձևավորվել է ինչ-որ գործարանի շուրջ․ ինչ-որ արդյունաբերություն է եղել այդտեղ, տարբեր տեղերից եկել են մարդիկ, որոնք աշխատել են տվյալ արդյունաբերության շուրջ, տվյալ գործարանում, և ձևավորվել է համայնք։ Այսինքն՝ այստեղ մշակութային խնդիր, պահպանության առանձնահատկություն չկա, բայց Հայաստանում կա։
Կարևոր է նաև հանգամանքը, որ տվյալ հարցի լուծումը զուտ օրենքն ընդունելով և իմպերատիվ կիրառելով չպիտի լիներ, դա պետք է լիներ փուլային տարբերակով, պետք է ստուգվեր, հետադարձ կապը պետք է պահպանվեր բնակչության հետ։
Հիմա այն համայնքներին, որոնք դեմ են խոշորացմանը, հնարավորություն է տրվում ստորագրահավաք իրականացնել և իրենց հաշվին հանրաքվե իրականացնել։ Բնականաբար, փոքր համայնքը, անգամ եթե դեմ լինի, հնարավորություն չի ունենա հնարաքվե իրականացնել։
- Հանրաքվեն պետք է ոչ թե համայնքն իր միջոցներով իրականացներ, այլ կառավարությո՞ւնը։
- Այո՛։ Ի վերջո մենք այս ամենն անում ենք տվյալ համայնքի բնակչի կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու, տվյալ համայնքում ենթակառուցվածքներն առավել արդյունավետ ու զարգացած դարձնելու և, ի վերջո, այդ ամենը տվյալ քաղաքացուն ծառայեցնելու համար։ Ըստ այդմ՝ քաղաքացու ձայնը ևս պետք է լսելի լինի։
- Իսկ հանրաքվեների արդյունքները պարտադիր կատարման ո՞ւժ պետք է ունենան։
- Բնականաբար, որովհետև էլ ո՞րն է հանրաքվե իրականացնելու իմաստը, եթե լսելու ենք արձագանքը, բայց, միևնույն է, խոշորացումն իրականացվելու է։
- Կառավարությունը վստահեցնում է, որ կխուսափի խոշորացումից, եթե որևէ համայքնի բնակիչներ հանրաքվեով դեմ լինեն։
- Բայց հանրաքվեի իրականացման պարտավորությունը դրվելու է համայնքի վրա։ Սա նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնում համայնքի համար, որովհետև շատ հնարավոր է՝ համայնքը իր բյուջեով հնարավորություն չունենա դա իրականացնել։ Շատ համայնքներ, որոնք չեն ունենա այդ հնարավորությունը, նաև իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորություն չեն ունենա։
Աննա Սահակյան
comment.count (0)