Զոհված մայորի մայրը վարչապետից պատասխաններ է պահանջում |armtimes.com|
17:31 - 13 նոյեմբերի, 2020

Զոհված մայորի մայրը վարչապետից պատասխաններ է պահանջում |armtimes.com|

armtimes.com: Իշխանությունների հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքին ներկա է նաեւ պատերազմի զոհված հերոսներից մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը։

Իր ելույթի սկզբում նա նշեց, որ սրտի մեծ կսկիծով է եկել այստեղ․ «Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ, երեւի թե պատկերացնում եք, թե սրտի ինչ կսկիծով եմ եկել այստեղ, արցունքը խեղդում է ինձ, 40 օր է՝ ես ողբում եմ, բայց ողբալով ոչինչ հնարավոր չէ անել, ես հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որ իր կյանքի 40 տարին ծառայեցրեց ժողովրդին, իր երկրին տվեց մի առյուծ զավակ, Հունաստանում սովորած, լուրջ ծառայություն անցած զինվոր»։

Որդեկորույս մոր խոսքով՝ երբ իր որդին գնում էր սովորելու, ինքը, որպես մայր, հասկանում էր, որ եթե զինվոր է, ուրեմն պիտի իր հայրենիքը պաշտպանի․ «Սա նորմալ է, բայց նորմալ չէ այն, որ ես չգիտեմ, թե ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց։ Ո՞ւր եք, որդոկորու՛յս մայրեր, մի՞թե ոչինչ չունեք ասելու, ինչո՞ւ այստեղ չեք, ես պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց ու հանձնեց, ինչի՞ համար հանձնեց, ինչպես իր տիկինը ասեց՝ հանուն ոչինչի, ես այսօր հասկացա՝ հանուն ոչնչի»։

Զոհված զինծառայողի մայրը պահանջեց, որ վարչապետը գա եւ անձամբ իրեն պատասխանի, թե ինչու հանձնեց հողերը․ «Կներեք, սիրելի՛ ժողովուրդ, չեմ կարողանում խոսել, շատ բան ունեմ ասելու, շատ բան է կուտակված, բայց վարչապետը պիտի գա ու ինձ պատասխան տա, թող իմ աչքերին նայի ու ասի՝ ինչի՞ համար տվեց այդ հողերը, ո՞ւմ համար, թող գա վարչապետը ու պատասխան տա։ Ես ոչինչ այլեւս չունեմ կորցնելու, իմ ամենահարազատ, ամենանվիրական մասունքը տվել եմ ազգին, բայց պարզվում է՝ ես երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել, ինչի՞ համար, թող գա վարչապետը ու պատասխան տա, եթե այդքան թասիբ ունի, որ թասիբից էր խոսում, թող գա ու պատասխան տա, եթե կարող է»,- ասաց նա՝ հավելելով, որ հպարտ է, որ որդի է կորցրել հայրենիքի համար, բայց չի ուզում գլուխը կախել։

Որդեկորույս մոր ելույթից հետո իրավիճակը հրապարակում սրվեց․ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը կոչ արեց հավաքի մասնակիցներին չտրվել սադրանքների, իսկ ոստիկաններին խորհուրդ տվեց իրենց զենքը չուղղել ժողովրդի ուղղությամբ․ «Հարգելի՛ ոստիկաններ, դուք օրենքի պաշտպաններն եք, դուք ժողովրդի թշնամին չեք»,- ասաց նա։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել