Հայաստանի ազգային-ժողովրդական նեւեռը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի առթիվ
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի նվիրական օրերից մեկն է՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը:
Հայ իրականության մեջ այն մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր:
Այդուհանդերձ, Ապրիլի 24-ը կորստի օր է, առավելագույնը՝ կորուստը ճանաչել տալու օր:
Մինչդեռ, որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն, մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա:
Մեր իրականության մեջ կա՛ այդ օրը։
Հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը:
Նոյեմբերի 22-ի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի հյուսիս-արևելյան մասը:
Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և ստորագրման պահից մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը.
1) կատարման համար պարտադիր է,
2) իրավական տեսանկյունից անբեկանելի է,
3) իրավունքների գոյության առումով անժամանցելի է:
Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի ու Ռումինիայի և նրանց իրավահաջորդների համար, քանի որ կայացվել է նրանց անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա։
Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ սահմանված կարգով հաստատված է ԱՄՆ Մեծ կնիքով, ԱՄՆ նախագահի ստորագրությամբ և ԱՄՆ պետքարտուղարի ենթաստորագրությամբ:
Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ Իրավարար վճիռն ի կատար ածելը դրա կողմերի, այսինքն՝ հայցադիմումը ստորագրած բոլոր երկրների, անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը:
Ըստ այդմ, մեր համազգային խնդիրն է՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:
Սա ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում ներկա փուլում, երբ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը անցնում են մեծ փորձությունների միջով և կանգնած են էլ ավելի մեծ մարտահրավերների առաջ:
Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի խոսքով ասած՝ հայրենասիրության օր»։
comment.count (0)