Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ
17:56 - 31 մայիսի, 2021

Մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն անելը օրենքի խախտում չէ

Հունիսի 7-ին կմեկնարկի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում ընտրությունների մասնակից ուժերի համար կստեղծվեն հնարավորինս հավասար պայմաններ քարոզչություն իրականացնելու համար։

Սակայն այս օրերին իրենց համակիրների հետ հանդիպում են անցկացրել և քարոզչություն են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային-Ժողովրդավարակ Բևեռ» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինքը։

Այս հանդիպումները երբեմն մեկնաբանվում են օրենքի խախտման կոնտեքստում՝ նկատի ունենալով, որ մինչև քարոզարշավի մեկնարկը քարոզչություն իրականացնելը օրենքի խախտում է։ 

Հայաստանում ընտրություններն անցկացվում են համաձայն ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի։ Օրենսգիրքի 19-րդ հոդվածը սահմանում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները, համաձայն որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները: Այսինքն՝ քարոզարշավի համար ֆիքսված ժամանակահատվածը նախատեսված է քարոզչությունը հավասար պայմաններում և հավասար ռեսուրսներով իրականացնելու համար, որպեսզի այն կուսակցությունները, որոնք այլ կուսակցությունների համեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունեն, կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել ընտրողներին։

ՀՀ ընտրական օրենսգրքի նույն՝ 19-րդ հոդվածը սահմանում է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Հետևաբար մինչև օրենսգրքով սահմանված քարոզարշավի մեկնարկը իրականացված քարոզչությունը չի համարվում օրենքի խախտում, քանի որ այդ մասով որևէ բան նախատեսված չէ։

Նախընտրական քարոզչության մեկնարկը կուսակցությունների ընտրական գործընթացում գրանցվելու վերջին օրվանից սկսած 7-րդ օրն է, ավարտվում է քվեարկության օրվանից մեկ օր առաջ։

Պաշտոն զբաղեցնող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

Այնուամենայնիվ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։ 

Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին և օրերին, ինչպես նաև չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Վերջինի դեպքում բացառություն են հատուկ պետական պաշտպանության տակ գտնվող անձինք՝ այդ թվում նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը, որոնք կարող են քարոզչություն իրականացնելիս օգտվել ծառայողական մեքենայից։

Ամփոփելով՝ ևս մեկ անգամ նշենք, որ նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ժամանակահատվածը նախատեսված է բոլոր կուսակցությունների և թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու համար։ Այն չի սահմանափակում մինչև քարոզարշավն իրականացվող քարոզչությունը, հետևաբար մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցություններն ու թեկնածուներն ազատ են անհավասար պայմաններում իրականացնել քարոզչություն։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել