hetq.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հոկտեմբերի 28-ի նիստում համաձայնություն է տվել «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («Բիլայն») ձեռքբերման գործարքին։
Այս տարվա ապրիլին Ucom ընկերության բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները տարաձայնություններ ունեցան ընկերության մյուս` ավելի մեծ բաժնեմաս ունեցող, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների հետ, ինչի հետևանքով նրանք հեռացան Ucom-ից և հիմնադրեցին «Թիմ» ՍՊ ընկերությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Բիլայն»-ը գնելու համար: Ի վերջո, հոկտեմբերի 29-ին նրանք հայտարարեցին գործարքի ավարտի մասին:
Ինչ է տեղի ունեցել, և ինչպես է կնքվել գործարքը
Հոկտեմբերի 28-ի նիստում ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել, որպեսի «Թիմ» ՍՊԸ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրվեն:
Մինչ այդ, Հանձնաժողովը հուլիսի 29-ին համաձայնություն էր տվել, որ երբ «Թիմ» ՍՊԸ-ն ձեռք բերի «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը, դրանք պետք է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրվեն, իսկ սեպտեմբերին համաձայնություն էր տվել դրանք նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրելուն։
Սակայն ընկերությունը հոկտեմբերի 14-ի գրությամբ հայտնել է, որ ելնելով ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունից՝ «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության և «Թիմ»-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի գնման գնի տարաժամկետ վճարման մասին։ Դրա արդյունքում «Թիմ»-ի մոտ «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության նկատմամբ կծագի հետաձգված վճարային պարտավորություն, և վերջիններս համաձայնել են նշված պարտավորության կատարումն ապահովել ընկերության բաժնեմասերի գրավով։ Այսինքն՝ «Թիմ»-ը խնդրել էր համաձայնություն տալ «Վեոն Արմենիա»-ի և իր 100 տոկոս բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020 թվականի հոկտեմբերի 22-ին իր գրությամբ չի առարկել 100 տոկոս բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։
Եվ ՀԾԿՀ-ն, համաձայն հոկտեմբերի 28-ի նիստի նախագծերի, համապատասխանաբար, համաձայնություն է տվել ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնեմասերը «Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերության օգտին գրավադրելուն։
Ովքեր են եղել հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա»-ի հետևում
«Վիմպել-կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերությունը գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում։ Ընկերության նախագահը Իսմաիլով Ռաշիդ Ռուստամ Օղլին է։ Գլխավոր տնօրենը Ալեքսանդր Յուրիի Տորբախովն է։
Իսմաիլով Ռաշիդ Ռուստամ Օղլին այս տարվա օգոստոսից գլխավորում է «Վիմպելկոմ»-ը։ Վերջինս 2014-2018թթ․-ին զբաղեցրել է ՌԴ կապի փոխնախարարի պաշտոնը՝ նախարար Նիկոլայ Նիկիֆորովի օրոք։ Այնուհետև ռուսաստանյան NOKIA –ի գլխավոր տնօրենն էր։
«Վիմպել-կոմունիկացիի» (նույն Վիմպելկոմն է՝ կրճատված) հանրային բաժնետիրական ընկերությունը գրանցված է ՌԴ-ում։ VEON ընկերությունների խմբի մեջ է մտնում, այլ կերպ ասած՝ Բերմուդյան օֆշորում գրանցված VEON Ltd-ի 100 տոկոսանոց դուստրն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանում։ Ւսկ VEON խմբի մեծ բաժնետերը Letter one Investment Holdings S.A. -ն է՝ 48 % մասնակցությամբ։ Իրական սեփականատեր, մեծ մասնակցության չափով, ՌԴ գործարար, «Ալֆա» բանկի հիմնադիր Միխաիլ Ֆրիդմանն է։
VEON ընկերությունների խմբի դուստր է նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն։ VEON խմբի համագործադիր տնօրեն 2020թ․ մարտի 1-ից նշանակվել է ազգությամբ թուրք Քաան Թերզիօղլուն (Kaan Terzioğlu)։ Վերջինս միացել էր խմբին 2019թ․ նոյեմբերից, իսկ մինչ այդ՝ 2015թ․ ապրիլից թուրքական բջջային օպերատոր Turkcell-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։
Շարունակությունը՝ hetq.am-ում։
comment.count (0)