hetq.am: «Յուքոմ» ՓԲԸ-ն վարչական դատարանում վիճարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշումը, որով թույլատրվել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը՝ վերջինիս կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 % փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
«Յուքոմ»-ն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09.07.2020թ. թիվ 282-Ա որոշումը վերացնելու պահանջով հայցադիմումը վարչական դատարան է ներկայացրել երեկ՝ սեպտեմբերի 3-ին:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն նշված որոշմամբ թույլատրել էր համակենտրոնացումը՝ առաջ քաշելով մի շարք պայմաններ: Մասնավորապես այն, որ «ԹԻՄ» ընկերության սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո ձեռնպահ մնան իրացնել հետևյալ իրավունքները.
Բացի այդ, եղբայրները պարտավոր են համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո ձեռնպահ մնալ «Յուքոմ» ՓԲԸ-ի վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահանջելուց և ստանալուց:
Հանձնաժողովը որոշել էր նաև, որ համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո մեկ ամսյա ժամկետում Հայկ և Ալեքսանդր Եսայանները պարտավոր են ներկայացնել բաժնետիրական համաձայնագիր կնքելու առաջարկ և համաձայնագրի նախագիծ, որով կսահմանվեին թվարկված իրավունքների և գործողությունների իրականացումից ձեռնպահ մնալու պարտավորությունները:
ՏՄՊՊՀ-ի որոշումից օրեր առաջ՝ հուլիսի 6-ին, «Յուքոմ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր համակենտրոնացման անթույլատրելիության մասին: Մասնավորապես, ընկերությունից նշում էին, որ «Յուքոմ»-ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը խախտել են «Յուքոմ» ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս:
ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲԸ սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության և դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը):
«Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել, հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար: Նշված գործողությունները, ինչպես հիմնավորված է դիրքորոշման մեջ, անբարեխիղճ մրցակցություն են և արգելված են»,- նշված էր «Յուքոմ»-ի տարածած հայտարարության մեջ:
comment.count (0)