hetq.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ռազմական գործողությունների ընթացքում եղել է Սյունիքի մարզում, նաև Արցախում, ասում է իր հիմնական աշխատանքով` օրենսդիր գործունեությամբ այդ ընթացքում չի զբաղվել: Պատգամավորը մեզ հետ զրույցում ներկայացրեց դիտարկումները թե իր արձանագրածի, թե մարտական գործողություններին մասնակցած ընկերների, այդ թվում 70-ամյա հոր պատմություններից, որը որպես կամավոր է մեկնել Արցախ: Բաբայանն ասում է, որ ինքն ամբողջ պատերազմի ընթացքում Խնձորեսկից մինչև Մեղրի անընդհատ բոլոր դիրքերով շրջել է` հասկանալու, թե ինչով կարող է օգնել:
Պատգամավորն ուշադրություն է հրավիրում Մեղրիում զոհվածների փաստին՝ օրինակ բերելով նաև նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանին, ասում է այդ հատվածում 12 զոհ ենք ունեցել, սակայն պաշտպանություն իրականացնողները համապատասխան զինտեխնիկա չեն ունեցել: Անարձագանք են մնացել Պաշտպանության նախարարությանն ուղղված այն կոչերը, որ Մեղրիում հրետանի է հարկավոր:
«Մարտական գործողությունների ժամանակ որոշակի շեղումներ եղել են, ու այդ շեղումները հանգեցրել են անկազմակերպվածության, հետադարձ կապի բացակայության կամ ոչ ճիշտ կոորդինացիայի: Թշնամին ամբողջությամբ տիրապետել է մեր վարքագծին, կարողացել է էնպիսի ազդեցություն թողնել, որ մեզ մոտ ջոկատների, հենակետերի միջև կապի խզում է եղել»,- պատմում է Հարություն Բաբայանը:
Պատգամավորն այն համոզմունքին է, որ պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը քննելու է այս ռազմական գործողությունների ողջ ընթացքը: Պաշտոնատար անձինք, ըստ նրա, իրավունք չունեն պարզապես հրաժարականի դիմում ներկայացնել և հեռանալ, բոլորը պետք է փաստահավաք խմբի հարցերին պատասխանեն: Օրինակ` ի՞նչ են զեկուցել, ինչպե՞ս են զեկուցել, կամայական զորամասի որևէ հրամանատար ինչ մարտական խնդիր է կատարել և այլն:
Բաբայանի կարծիքով` նման անձինք չպետք է Հայաստանից բացակայեն, իսկ պաշտոնատար անձինք, որոնք պետք է հարցերի պատասխանեն, շարունակ հրաժարականներ են ներկայացնում:
«Հունան Պողոսյանը Սյունիքի մարզը թողնում, գնում է: Ինչի՞ է գնում, բացատրություն պետք է տա, ախր հո ամուսնալուծություն չի՞, որ կնոջդ ասես` այլևս չեմ կարող ապրել քո հետ… ուղղակի պատասխանատվությունը կորել է»,- ասում է մեր զրուցակիցը:
Հարություն Բաբայանը լիահույս է, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն արագ կապաքինվի և հանրությանը կներկայացնի իր վերլուծությունները:
Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
comment.count (0)