Այս պահին Երևան քաղաքի բոլոր տեղամասերի քվեների հաշվարկով՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ, ԼՀԿ ավագանու ցուցակի առաջնորդ Դավիթ Խաժակյանը չի ընտրվել Երևանի ավագանու ապագա կազմում։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Դավիթ Խաժակյանն անցած տարիներին պատշաճ, ազնիվ ու բարեխիղճ կերպով առանց որևէ վարձատրության ներկայացրել է Երևան քաղաքի բնակիչների շահերը Երևանի ավագանիում ու Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում։
Դավիթ Խաժակյանն այլևս չի կարող ներկայացնել Երևանի բնակիչների շահերը ավագանիում, քանի որ նա չի ընտրվել այս ընտրապայքարում։ Դավիթ Խաժակյանը կորցրել է ձեզ ծառայելու հնարավորությունը, իսկ դուք կորցրել եք Դավիթ Խաժակյանի պես ավագանու անդամի կողմից ներկայացված լինելու հնարավորությունը։
Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ԼՀԿ թիմի և Դավիթ Խաժակյանի օգտին քվեարկած յուրաքանչյուր քաղաքացուն։ Մենք դողալու ենք ձեր յուրաքանչյուր քվեի, ձեր վստահության վրա և շարունակելու ենք աշխատել ու պայքարել հանուն ինքնիշխան, ժողովրդավար և արդիական Հայաստանի Հանրապետության։
Միաժամանակ շնորհավորում ենք Երևանի ավագանու կազմում ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժերին և մաղթում նրանց հաջողություն՝ Երևան քաղաքի կառավարման գործում։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Մարուքյանը։
comment.count (0)