ՀԽ նախագահը  գերիների իրավունքների ոտնահարումը կանխելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպաններին
19:16 - 02 դեկտեմբերի, 2020

ՀԽ նախագահը գերիների իրավունքների ոտնահարումը կանխելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպաններին

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարներին՝ կոչ անելով հատուկ այցելություն կատարել Ադրբեջան՝ կանխելու համար հայ գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` աջակցելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում:

Ստյոպա Սաֆարյանի նամակում նշված է. «Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց ղեկավարների մակարդակով խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի գործադրումը, միևնույն ժամանակ ցավում ենք, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիոն պատերազմ նախաձեռնողի անունը մինչ այժմ երբեք չի ցուցանվել: Մինչդեռ Ադրբեջանը, որը 1990թ. ի վեր այդպիսի երրորդ ագրեսիայի նախաձեռնողն է, նույնիսկ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո շարունակում է նոր ռազմական հանցագործությունները՝ անտեսելով բոլոր միջազգային նորմերն ու պարտավորությունները:

Սույն թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական ու զոհված անձանց փոխանակմանը: Հիշյալ հայտարարության մեջ մեր հայրենակիցների ապահով փոխանակումն իրականացնելու հստակ ժամկետ նշված չէ: Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի պահանջները, ձգձգում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձն ապահովելու գործընթացը՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով անմարդկային վերաբերմունք: Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել ու ճնշում գործադրել և խնդրին հրատապ լուծում տալ:

Հրադադարի ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատեսն է հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող, խտրական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ ու լուսանկարներ:

Խստորեն դատապարտելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը՝ պայմանավորված բացառապես նրանց հայկական էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև ադրբեջանական հասարակության կողմից դրա փառաբանումը պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:

Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է խստագույնս դատապարտվեն։

Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործությունները կանխելու՝ միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ստեղծում ադրբեջանական կողմի համար՝ առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ։

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները: Խնդրում ենք Ձեզ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղին առնչվող խորհրդաժողովով համանախագահների  համար  հաստատված  մանդատը,  ի  թիվս  այլոց,  նախատեսում է «հակամարտության կողմերի հետ աշխատել վստահության ամրապնդման միջոցների մշակման ուղղությամբ, ի մասնավորի, հումանիտար ոլորտում` դրանք համաժամանցելով քաղաքական գործընթացներին»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունեցին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի պայմանները պատշաճ կերպով չեն իրականացվում Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայկական կողմը սահմանած ժամկետներում իր զինված ուժերը դուրս է բերում բոլոր տարածքներից: Իսկ հայ հասարակությունը մտահոգված է, թե ինչու տարածքների հետ կապված պարտավորությունը պետք է կատարվի հստակ ժամկետներում, մինչդեռ մեկ այլ պարտավորություն՝ կապված գերիների և զոհվածների վերադարձման հետ, չպետք է անմիջապես իրականացվի:

Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և պատասխանատվությունը դառնում են պարտադիր հանձնառություններ՝ կա՛մ դադարեցնել բոլոր պարտավորությունների կատարումը, կա՛մ նպաստել դրանց համապարփակ ձևով և ժամկետներում իրականացմանը:

Հաշվի առնելով այս խնդրի հրատապությունը` կոչ ենք անում նախաձեռնել ու հատուկ այցելություն կատարել Ադրբեջան և վերահսկել իրավիճակը նրանց պահման վայրերում՝ կանխելու գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` աջակցելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում:

Մենք ապավինում ենք այս հարցում Ձեր փոխըմբռնմանը։ Ստեղծված իրավիճակում Ձեր առաքելությանը համապատասխան գործելով՝ Դուք կարող եք անմեղ մարդկանց կյանքեր փրկել, քանի որ հայերի և ադրբեջանցիների խաղաղ համագոյակցությունը, ցավոք, այս պայմաններում անհնար է, որովհետև շարունակում ենք տեղեկություններ ստանալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ։

Կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանում հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները և լրացուցիչ երաշխիքների շրջանակներում պաշտպանելու վիրավորների իրավունքները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել