Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը |azatutyun.am|
10:11 - 03 դեկտեմբերի, 2020

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Ալբանիայի նախագահությամբ մեկնարկում է ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը:

Նիստը նախատեսվում էր անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն COVID-19-ի համաճարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ այն կազմակերպվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցերի և ճգնաժամերի ամբողջ շարքը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը ևս կմասնակցի նիստին, ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Ըստ հաղորդագրության՝ Բիգանը մի շարք հարցերի հետ միասին ուշադրություն կհրավիրի նաև Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

Նախարարների խորհրդի կարևոր թեմաներից է նաև կազմակերպության գործադիր կառույցների չորս ղեկավարների՝ Գլխավոր քարտուղարի, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի, Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի և Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոններում թեկնածուների համաձայնեցումը և նշանակումը երեք տարի ժամկետով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել