pastinfo.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ ոստիկանության կողից մշակված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց, որ 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ՝ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար: 6 ընկերություն հայտ է ներկայացրել մասնակցելու մրցույթին, դրանք արտասահմանյան ընկերություններ են։
«Նպատակն է 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման համաձայն հին նմուշի՝ այն է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը, ՀՀ քաղաքացիներին տրամադրելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ 2021 թվականի հունվարի 1-ը սահմանելու փոխարեն սահմանել 2022 թվականի հունվարի մեկին»,- ասաց Ֆիդանյանը։
Ներկայումս մրցութային գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է եւ նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված կարող է ձգձգվել` կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ:
«Մեր ներկայիս տրամադրության տակ եղած սարքավորումները բավականին հնացել են։ Զուտ այդ խնդրով է պայմանավորված լուսանկարների հարցը։ Ժամանակը օգտագործել ենք լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու։ Նոր լուծումներ կառաջարկվեն և լավագույնս կարող ենք նոր անձնագրեր ունենալ»,- ասացՖիդանյանը՝ անդրադառնալով անձնագրերի լուսանկարի վատ որակին։
Նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փաթեթի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում:
comment.count (0)