Դեպի Արցախ բեռնափոխադրումներն ու մատակարարումն իրականացվում է կանոնավոր |armenpress.am|
14:53 - 14 դեկտեմբերի, 2020

Դեպի Արցախ բեռնափոխադրումներն ու մատակարարումն իրականացվում է կանոնավոր |armenpress.am|

armenpress.am: Արցախում առևտրի և սպասարկման ոլորտների բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այս մասին տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ այժմ Ստեփանակերտում և շրջկենտրոններում աշխատում են մեծաթիվ մթերային խանութներ:

«Պահանջվող ապրանքների համապատասխան ծավալներն ու դրանց  մատակարարումը ձևավորում են տնտեսավարողները: ՀՀ-ից մատակարարումն իրականացնում են առաքող ընկերությունները՝ թեթև բեռնատարներով: Մեծածավալ բեռնափոխադրումներ հիմնականում իրականացվում են տեղահանված բնակչության համար պահանջվող կենցաղային ապրանքների, գույքի, տեխնիկայի և շինանյութերի ներկրման համար»,- նշեց նախարարը:

Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմի հետևանքով գործարար բնագավառի կրած վնասների չափը դեռևս չի գնահատվել: «Մինչ այդ, անհրաժեշտ էր վերանորոգել ոլորտի աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Հաջորդ փուլում կգնահատվեն նաև վնասների չափերը»,-ասաց Թովմասյանը:

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը հայտնեց, որ ապրանքային շուկայում գնագոյացումների  պարբերական դիտանցումներից բացի, ուսումնասիրում են նաև պահանջարկ- առաջարկ հարաբերակցությունը:

«Եթե ընթացքում պարզվի, որ այս կամ այն ապրանքատեսակի սղություն է առաջացել, ապա առանձին ուսումնասիրության ենթակա է դրա մատակարարման գործընթացը: Առայժմ, ըստ մեր ուսումնասիրությունների արդյունքի,  խանութներում  որևէ ապրանքատեսակի պակասություն չի նկատվել»,-ասաց ոլորտի պատասխանատուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել