Պատերազմի սկզբից առայսօր Արցախում վնասազերծվել է 20 հազարից ավելի զենք- զինամթերք
18:08 - 14 դեկտեմբերի, 2020

Պատերազմի սկզբից առայսօր Արցախում վնասազերծվել է 20 հազարից ավելի զենք- զինամթերք

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն ու հումանիտար ականազերծող կենտրոնները սեպտեմբերի 27-ից առայսօր ոչնչացրել են 20 հազարից ավելի հրթիռային, հարվածային ու գնդիկաբեկորային ռումբեր, ականանետերի ականներ եւ այլ զինատեսակներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ամփոփելով շաբաթը՝ ծառայությունից հայտնում են.

Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնը ստացել է 1132 զանգ: Դրանցից 3-ը ճանապարհատրանսպորտային պատահար են, զոհվել է երկու քաղաքացի։

Զենք-զինամթերքի հայտնաբերման 42 կանչ է գրանցվել: Արցախի մայրաքաղաքը գրեթե 90 տոկոսով անվտանգ է բնակչության համար: Հիմնական կանչերն արձանագրվում են անտառային գոտիներից, քաղաքների եւ գյուղական համայնքների հարակից տարածքներից:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 27-ից առայսօր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն ու հումանիտար ականազերծող կենտրոնները ոչնչացրել են 20 հազարից ավելի հրթիռային, հարվածային ու գնդիկաբեկորային ռումբեր, ականանետերի ականներ եւ այլ զինատեսակներ:

Ավելացել է հրդեհների թիվը՝ 7 դեպք մեկ շաբաթում․ տուժածներ չկան։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հրդեհների բռնկման պատճառը էլեկտրականության հաճախակի անջատումներն ու տատանումներն են: Հրշեջ-փրկարարական ջոկատները, ԱԻՊԾ մնացած բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ գործում է ռազմական դրության ռեժիմը:

Կենցաղային կանչերը 58-ն էին։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շարունակել են օգնել բնակչությանը։

Նոյեմբերի 13-ից առայսօր շարունակվում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական եւ փոխանակման աշխատանքները: Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 828 մարմին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել