Վերջ ենք տալու տեղեկատվական տեռորին, հայհոյանքի լեզվին․ կոշտ վարչական միջամտություններ կլինեն․ Տիգրան Ուլիխանյան

 |factor.am|
20:42 - 14 դեկտեմբերի, 2020

Վերջ ենք տալու տեղեկատվական տեռորին, հայհոյանքի լեզվին․ կոշտ վարչական միջամտություններ կլինեն․ Տիգրան Ուլիխանյան |factor.am|

factor.am: Factor TV-իՆ զրուցել է ժ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Ուլիխանյանի հետ։

-Այս օրերին, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքը լարված է, հատկապես ընդդիմադիրները հաճախ են օգտագործում այս արտահայտությունները՝ պետական կառավարումը բացակայում է, չկա իշխանություն, պետական մարմինները կաթվածահար են, չեն աշխատում։ Ինչպե՞ս կպատասխանեք այս քննադատությանը։

-Այսօր ընդդիմության քննադատության և, ընդհանրապես, ընդդիմադիր խոսույթի մեծ մասը կառուցված է կեղծ թեզի վրա, և այդ կեղծ թեզը հետևյալն է՝ ամեն ընդդիմադիր չի մոռանում շեշտել, որ պետական կառավարման համակարգը չի գործում, և դրա վրա կառուցում է իր խոսքը։ Ես ուզում եմ ասել, որ այդ պնդումը կեղծ է և սուտ։ Պետական կառավարման համակարգում, այո՛, կան և եղել են դժվարություններ, բայց պետական կառավարման համակարգը ոչ մի վայրկյան կազմալուծված չի եղել և չէ, պետական կառավարման համակարգը գործում է և արդյունավետորեն իրականացնում է պետության ֆունկցիաները։ Այլ հարց է, որ այդ համակարգի տարբեր օղակներում, գուցե, առաջացել են խնդիրներ, դա սովորական է, և մենք, որպես պատասխանատու պաշտոնատար անձինք, հանձն ենք առել այդ խնդիրները վեր հանել և լուծել։ Բայց ասել, որ պետությունը չկա, պետական կառավարման համակարգ գոյություն չունի, շատ անպատասխանատու հայտարարություն է, և ես խիստ դատապարտում եմ այդպիսի հայտարարությունները։ Դրանք ոչ թե քննադատություններ են՝ ուղղված իշխանությանը, դրանք պետության չգոյության վերաբերյալ հայտարարություններ են, որ հարվածում են պետությանը, ոչ թե իշխանություններին։ Ես խորհուրդ կտայի լայնախոհ քաղաքական գործիչներին դադարեցնել այդպիսի սին և անհիմն պնդումները։

Ընդդիմությունը հայտարարում է, որ մտադիր է հանրային ճնշմամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը պարտադրել ընտրել վարչապետի իրենց թեկնածուին։ Ի՞նչ կասեք սրան։

-Եթե քաղաքացիների մեծամասնության կողմից կլինի այդ ճնշումը, կարիք էլ չի լինի այդ ճնշումը գործադրելու։ Երբ կարձանագրենք՝ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է իշխանափոխություն, մտածելու բան չի լինի, մեզանից որևէ մեկը չի դիմադրի։ Որևէ իշխանություն քաղաքացիների մեծամասնության կամքին դեմ գնալ չի կարող՝ ինչքան էլ ուզի, և այստեղ ուղղակի պետք է արձանագրել՝ արդյո՞ք կա քաղաքացիների կողմից այդ հանրային ճնշումը մեր նկատմամբ։ Ես պնդում եմ, որ չկա։ Ես իմ ձեռքի տակ նաև տվյալներ ունեմ, որոնք չեմ ուզում հրապարակել, որպեսզի չկաշկանդեմ այդ տվյալներով։ Թող ամեն մարդ իր շրջապատում տեսնի՝ արդյո՞ք կա այդ հանրային պահանջը, թե՞ այդ պահանջի վերաբերյալ կա կեղծ և սին ապատեղեկատվություն։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշումներին, ես այդ ճնշումները մեկ ձևով եմ տեսնում մինչև այժմ՝ լրատվական կայքերով և այլն, ամենավերջին ստոր և արգահատելի բառապաշարն է օգտագործվում ոչ միայն պատգամավորների, այլ նաև քաղաքական իշխանության հասցեին։ Դրանով փորձ է արվում հեղինակազրկել մարդկանց։ Ես ուզում եմ ասել՝ դա ամենակոշտ արձագանքն է ստանալու պետության կողմից։ Դեռևս չեմ ուզում բացահայտել, թե ինչպես, բայց ուղղակի դա անթույլատրելի է։

Պետական իշխանության մարմինների հեղինակազրկումը բերում է նաև մեր քաղաքացիների անվտանգության մակարդակի թուլացման։ Դա նաև բռնություն է մեր քաղաքացիների նկատմամբ, որովհետև պետական իշխանության մարմինները նրա համար են, որպեսզի այդ թվում քաղաքացիների շահերը պաշտպանեն, իսկ հեղինակազրկված և այդպիսի հայհոյանքների տակ գտնվող քաղաքական պաշտոնյաները կարող են նաև խնդիր ունենալ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված։ Մենք այդ հեղինակազրկման պրոցեսն ուղղակի կասեցնելու ենք ժամանակի ընթացքում, ես դրանում չեմ կասկածում։ Այն, ինչ տեղի է ունենում հատկապես վերջին շաբաթներին Հայաստանի տեղեկատվական շրջանակներում՝ տեղեկատվական հարձակումները պաշտոնյաների, նրանց ընտանիքների վրա, օգտագործվող բառապաշարը, ցածր մակարդակը, ընդհանրապես հայհոյանքի լեզուն, նաև այդ տեղեկատվական տեռորին վերջ ենք տալու։ Մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի որոշենք՝ ինչն ենք անվանում տեղեկատվական ահաբեկչություն, որպեսզի մեր հանրությանը զերծ պահենք դրանից։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ առնվազն խորհրդարանական ընդդիմության հետ մենք կունենանք կոնսենսուս, որ սա ուղղակի պետք է վերացնել, և այդ ուղղությամբ կոշտ վարչական միջամտություններ կլինեն։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել