Տիգրան Ուլիխանյան

Պետական վերահսկողական ծառայության գործող պետ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված ԱԺ նախկին պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ։

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 18-ին։ 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2008թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Տնտեսագետ-կառավարիչ: 2008-2011թթ. եղել է «Ռեզոնանս եւ ռադիոկապ» ՍՊԸ տնօրեն:

2014-2016թթ.՝ «Ֆինքա ՈՒՎԿ» ՓԲԸ հետազոտությունների մասնագետ, ապա ներքին վերահսկողության բաժնի մասնագետ: 2016-2018թթ.՝ «Ատիկա շին» ՍՊԸ տնօրեն: 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել. Տիգրան Ուլիխանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել. Տիգրան Ուլիխանյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին։ «2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Որոշումն ըստ էության ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։ Պատճառը շատ պարզ է։ Իմ պատկերացմամբ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար, այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։ Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում», - Facebook-ում գրել է Ուլիխանյանը։
13:59 - 24 հունիսի, 2022
Վերջ ենք տալու տեղեկատվական տեռորին, հայհոյանքի լեզվին․ կոշտ վարչական միջամտություններ կլինեն․ Տիգրան Ուլիխանյան

 |factor.am|

Վերջ ենք տալու տեղեկատվական տեռորին, հայհոյանքի լեզվին․ կոշտ վարչական միջամտություններ կլինեն․ Տիգրան Ուլիխանյան |factor.am|

factor.am: Factor TV-իՆ զրուցել է ժ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Ուլիխանյանի հետ։ -Այս օրերին, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքը լարված է, հատկապես ընդդիմադիրները հաճախ են օգտագործում այս արտահայտությունները՝ պետական կառավարումը բացակայում է, չկա իշխանություն, պետական մարմինները կաթվածահար են, չեն աշխատում։ Ինչպե՞ս կպատասխանեք այս քննադատությանը։ -Այսօր ընդդիմության քննադատության և, ընդհանրապես, ընդդիմադիր խոսույթի մեծ մասը կառուցված է կեղծ թեզի վրա, և այդ կեղծ թեզը հետևյալն է՝ ամեն ընդդիմադիր չի մոռանում շեշտել, որ պետական կառավարման համակարգը չի գործում, և դրա վրա կառուցում է իր խոսքը։ Ես ուզում եմ ասել, որ այդ պնդումը կեղծ է և սուտ։ Պետական կառավարման համակարգում, այո՛, կան և եղել են դժվարություններ, բայց պետական կառավարման համակարգը ոչ մի վայրկյան կազմալուծված չի եղել և չէ, պետական կառավարման համակարգը գործում է և արդյունավետորեն իրականացնում է պետության ֆունկցիաները։ Այլ հարց է, որ այդ համակարգի տարբեր օղակներում, գուցե, առաջացել են խնդիրներ, դա սովորական է, և մենք, որպես պատասխանատու պաշտոնատար անձինք, հանձն ենք առել այդ խնդիրները վեր հանել և լուծել։ Բայց ասել, որ պետությունը չկա, պետական կառավարման համակարգ գոյություն չունի, շատ անպատասխանատու հայտարարություն է, և ես խիստ դատապարտում եմ այդպիսի հայտարարությունները։ Դրանք ոչ թե քննադատություններ են՝ ուղղված իշխանությանը, դրանք պետության չգոյության վերաբերյալ հայտարարություններ են, որ հարվածում են պետությանը, ոչ թե իշխանություններին։ Ես խորհուրդ կտայի լայնախոհ քաղաքական գործիչներին դադարեցնել այդպիսի սին և անհիմն պնդումները։ Ընդդիմությունը հայտարարում է, որ մտադիր է հանրային ճնշմամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը պարտադրել ընտրել վարչապետի իրենց թեկնածուին։ Ի՞նչ կասեք սրան։ -Եթե քաղաքացիների մեծամասնության կողմից կլինի այդ ճնշումը, կարիք էլ չի լինի այդ ճնշումը գործադրելու։ Երբ կարձանագրենք՝ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է իշխանափոխություն, մտածելու բան չի լինի, մեզանից որևէ մեկը չի դիմադրի։ Որևէ իշխանություն քաղաքացիների մեծամասնության կամքին դեմ գնալ չի կարող՝ ինչքան էլ ուզի, և այստեղ ուղղակի պետք է արձանագրել՝ արդյո՞ք կա քաղաքացիների կողմից այդ հանրային ճնշումը մեր նկատմամբ։ Ես պնդում եմ, որ չկա։ Ես իմ ձեռքի տակ նաև տվյալներ ունեմ, որոնք չեմ ուզում հրապարակել, որպեսզի չկաշկանդեմ այդ տվյալներով։ Թող ամեն մարդ իր շրջապատում տեսնի՝ արդյո՞ք կա այդ հանրային պահանջը, թե՞ այդ պահանջի վերաբերյալ կա կեղծ և սին ապատեղեկատվություն։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշումներին, ես այդ ճնշումները մեկ ձևով եմ տեսնում մինչև այժմ՝ լրատվական կայքերով և այլն, ամենավերջին ստոր և արգահատելի բառապաշարն է օգտագործվում ոչ միայն պատգամավորների, այլ նաև քաղաքական իշխանության հասցեին։ Դրանով փորձ է արվում հեղինակազրկել մարդկանց։ Ես ուզում եմ ասել՝ դա ամենակոշտ արձագանքն է ստանալու պետության կողմից։ Դեռևս չեմ ուզում բացահայտել, թե ինչպես, բայց ուղղակի դա անթույլատրելի է։Պետական իշխանության մարմինների հեղինակազրկումը բերում է նաև մեր քաղաքացիների անվտանգության մակարդակի թուլացման։ Դա նաև բռնություն է մեր քաղաքացիների նկատմամբ, որովհետև պետական իշխանության մարմինները նրա համար են, որպեսզի այդ թվում քաղաքացիների շահերը պաշտպանեն, իսկ հեղինակազրկված և այդպիսի հայհոյանքների տակ գտնվող քաղաքական պաշտոնյաները կարող են նաև խնդիր ունենալ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ կապված։ Մենք այդ հեղինակազրկման պրոցեսն ուղղակի կասեցնելու ենք ժամանակի ընթացքում, ես դրանում չեմ կասկածում։ Այն, ինչ տեղի է ունենում հատկապես վերջին շաբաթներին Հայաստանի տեղեկատվական շրջանակներում՝ տեղեկատվական հարձակումները պաշտոնյաների, նրանց ընտանիքների վրա, օգտագործվող բառապաշարը, ցածր մակարդակը, ընդհանրապես հայհոյանքի լեզուն, նաև այդ տեղեկատվական տեռորին վերջ ենք տալու։ Մեխանիզմներ ենք մշակում, որպեսզի որոշենք՝ ինչն ենք անվանում տեղեկատվական ահաբեկչություն, որպեսզի մեր հանրությանը զերծ պահենք դրանից։ Կարծում եմ՝ այս ուղղությամբ առնվազն խորհրդարանական ընդդիմության հետ մենք կունենանք կոնսենսուս, որ սա ուղղակի պետք է վերացնել, և այդ ուղղությամբ կոշտ վարչական միջամտություններ կլինեն։Շարունակությունը՝ factor.am-ում։
20:42 - 14 դեկտեմբերի, 2020
ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան
 |armtimes.com|

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում շատ մեծ՝ առանցքային փոփոխություններ են սպասվում։ Կարելի է ասել, որ ծառայությունը վերափոխվելու է։ Երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ/ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Ուլիխանյանը։ Պատերազմի թեժ շրջանում՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ուլիխանյանը նշանակվեց այդ պաշտոնում։ Նա ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել էր նաեւ հեղափոխությունից հետո՝ մինչ 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դրանից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։ Տիգրան Ուլիխանյանի հետ զրուցը ծառայությունում իրականացվող աշխատանքների մասին։ - Պարո՛ն Ուլիխանյան, այս ընթացքում ի՞նչ եք հասցրել անել։ - Ղեկավարի պարտականություններն եմ կատարել, որը սահմանված է օրենքով։ Մանրամասները, թե ինչ ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ ինչ ենք այս պահին իրականացնում՝ նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել, որովհետեւ ռիսկ կա, որ դա կարող է նվազեցնել արդյունավետությունը։ - Կա՞ն արդեն պետական մարմիններ, որտեղ հասցրել եք այս ընթացքում ուսումնասիրություն իրականացնել եւ ավարտել։ - Ուսումնասիրությունները շարունակվում են տարբեր տեղերում։ Արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը իմ պարտականությունների մեջ է մտնում՝ զեկուցել վարչապետին, հետո, ըստ անհրաժեշտության այդ թվում նաեւ նրա հանձնարարությամբ՝ դրանք կա՛մ կհրապարակվեն, կա՛մ ոչ։ - Այս օրերին պետական գնումները սովորականից շատացել են՝ հաշվի առնելով, որ լրացուցիչ կարիքներ են ավելացել։ Նախատեսվա՞ծ է ուսումնասիրել այդ գնումների մանրամասները։ - Պետական գնումների համակարգը մեզ մոտ ուսումնասիրվում է ոչ միայն ըստ հանձնարարականների, այլեւ այն դրված է մշտադիտարկման տակ։ Դա նշանակում է, որ ամենօրյա ուսումնասիրություններ են կատարվում, դրանց վերաբերյալ արձագանքներ են լինում, մենք նամակագրական կապ ենք պահպանում պետական հիմնարկների հետ եւ ուսումնասիրության տարբեր արդյունքներ ունենք։ - Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի զգալի մասը՝ 100 մլն դոլարից մի փոքր ավելի փոխանցվել է ՀՀ Կառավարությանը՝ դարձյալ գնումների համար, ինչը որոշակի քննարկման առիթ էր դարձել։ Բացի ներկայացվող հաշվետվություններից՝ արդյո՞ք ՊՎԾ-ն եւս պատրաստվում է ստուգել այդ ծախսերը։ - Հարցն այն է, որ դրա մասին բարձրաձայն խոսելը կամ հայտարարելը, թե պատրաստվում ենք այսինչ տեղը ուսումնասիրություն իրականացնել կամ չենք պատրաստվում՝ 2 դեպքում էլ կարող է բացասաբար ազդել իրականացվելիք ուսումնասիրության վրա։ Դրա համար ես ընդհանրապես մեր գործողությունների պլանը կամ վաղը-մյուս օրը իրականացվելիք աշխատանքների մասին հակված չեմ բարձրաձայնել։ - Սովորաբար կառույցներում ղեկավարի փոփոխությունից հետո կադրային ջարդ է լինում, դուք կադրային փոփոխություններ արդեն կատարե՞լ եք։ - Ես ընդհանրապես այդպիսի արտահայտություններ օգտագործելուց զերծ եմ մնացել։ Գնահատողական հարց է, թե ով ինչն է համարում կադրային ջարդ։ Ես կարող եմ այսպես ասել՝ կադրային փոփոխություններ եղել են, այդ թվում նաեւ այն պաշտոնյաների, որոնք ուղղակի նշանակովի են եւ ղեկավարի փոփոխության հետ ենթադրելի է, որ նրանք էլ կփոփոխվեն։ Եղել են պաշտոնյաներ, որոնք ազատվել են աշխատանքից իմ փոփոխության հետ կապված, եղել են պաշտոնյաներ որոնք նոր են նշանակվել։ Կարելի է գնահատել, որ ծառայությունը վերափոխվելու է։ - Ձեր նշանակումից հետո թվային տվյալ կասե՞ք, թե քանի աշխատակից է ազատվել։ - Երեւի մինչեւ 10 աշխատակից։ Բայց փոփոխություններ դեռեւս սպասվում են եւ շատ։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
23:05 - 02 դեկտեմբերի, 2020
Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հրաժարականի դիմումի մասին․ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
19:42 - 29 սեպտեմբերի, 2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած խոշոր գումարների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած խոշոր գումարների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը

«Իմ քայլը» խմբակցությունը մերժել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած խոշոր գումարների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Այս առնչությամբ, Տիգրան ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․««Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը։ Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաեւ լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորելու եւ խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։Եվ ահա իմ կողմից այդ առաջարկն ընդունելու եւ ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր) ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլ:-ից։ Սա արդեն համարում եմ քաղաքական հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ եւ հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ։Նորից հայտարարում եմ՝ խնդիրը չի անհետանալու, մինչեւ ամենը չբացահայտվի։ Գնում եմ մինչեւ վերջ։ Նշեմ, որ ընդդիմադիր խմբակցություններից պատասխան դեռ չկա»:Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ Ուրիխանյանին ուղղված պատասխանում ասվում է. «Ձեր կողմից ներկայացված թեման, մեր դիտարկմամբ, չի հանդիսանում քննիչ հանձնաժողովի առարկա, ուստի առաջարկում ենք, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ստեղծել աշխատանքային խումբ, որի շրջանակներում կկարողանանք քննարկել Ձեր կողմից ներկայացված հարցերը եւ դրանց տալ լուծում»»:
15:02 - 13 մայիսի, 2020