tert.am: Տարվա վերջում մենք կունենանք գերակատարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մեր ներսում մենք մեզ հետ էլ համաձայն չենք, որովհետև պետական բյուջեի եկամտային մասի վերաբերյալ կանխատեսում անելու համար պետք է հատենք ընթացիկ տարվա մարտ-ապրիլը: Ֆիննախը, որն այդպիսի կանխատեսում է անում, ուղարկում է ՊԵԿ, կա մեթոդաբանական խնդիր: Կանխատեսումների համար բավարար հիմքեր չունենալով՝ ՊԵԿ-ը համաձայնել է կանխատեսման հետ: Հիմա ապրիլ-մայիս ամիսը ամփոփելիս գտնում ենք, որ պետք է լիներ ավելի շատ»,- նշեց նա:
Դավիթ Անանյանն ասաց, որ երրորդ եռամսյակի պակաս կատարողականը զրոյացվելու է չորրորդ եռամսյակում, և արդյունքում շուրջ 63 միլիարդի գերակատարում կլինի տարվա վերջում:
Խոսելով հարկային եկամուտների աճի մասին՝ Դավիթ Անանյանն ասաց, թե գերակատարման բացվածքն ըստ գործոնների ներկայացնել չի կարող: «Պետք է գնանք տեսնենք, թե էս 6 ամսվա ՀՆԱ կառուցվածքում որ ոլորտներում ենք աճ ունեցել, որ ոլորտներն են հարկվել: ԱՎԾ-ն այս տեղեկատվությունը դեռ չի ամփոփել:
Ինչ վերաբերում է վարչարարությանը, դա հարկային մարմինների ու հարկ վճարողների միջև հարաբերությունների ամբողջականությունն է: Այն ստուգող գործառույթ չունի միայն, իրազեկում է, սպասարկում»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողներին, ապա Դավիթ Անանյանն ասաց, որ նրանք մանր ու միջին բիզնեսում են, իսկ խոշոր բիզնեսում քիչ են պատահում չգրանցված մարդիկ:
comment.count (0)