Վայլդբերրիզը՝ խոշոր հարկատու. ՊԵԿ-ը հրապարակել է 2024-ի 1000-ի ցանկը
 |civilnet.am|
13:20 - 27 հունվարի, 2025

Վայլդբերրիզը՝ խոշոր հարկատու. ՊԵԿ-ը հրապարակել է 2024-ի 1000-ի ցանկը |civilnet.am|

civilnet.am: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած շուրջ 102 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա 71 մլրդ դրամի համեմատ աճը կազմել է 43 տոկոս:

Բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը կարողացել է դուրս մղել ավանդաբար առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններին՝ հայտնվելով երկրորդ հորիզոնականում։ Ընկերության վճարած հարկերը հասել են 66,7 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 46,1 մլրդ դրամի փոխարեն։

Երրորդ հորիզոնականում հայտնված «Գրանդ տոբակո»-ն էլ ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ վճարելով 63,5 մլրդ դրամ հարկ։ Ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավելացրել է հարկերը 15 տոկոսով։

Գազամատակարարման ոլորտը ներկայացնող «Գազպրոմ Արմենիա»-ն, չնայած հարկային վճարումների որոշակի նվազմանը, պահպանել է իր դիրքերը քառյակում՝ վճարելով 46,9 մլրդ դրամ։ Նախորդ տարի ընկերության վճարած հարկերը կազմել էին 48,5 մլրդ դրամ։

Տեխնիկայի վաճառքի ոլորտը ներկայացնող ևս մեկ ընկերություն՝ «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր «Փրիթի ուեյ»-ը եզրափակում է հնգյակը՝ 36,3 մլրդ դրամ վճարած հարկերով։

Վառելիքի առևտրով զբաղվող «Սի փի էս էներջի գրուպ»-ը վճարել է 24,2 մլրդ դրամ հարկ՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը։ Բանկային հատվածը ներկայացնող «Ամերիաբանկ»-ը յոթերորդն է՝ 23,5 մլրդ դրամ հարկային վճարումներով։ Առցանց առևտրի հարթակ «Վայլդբերրիզ»-ը հայտնվել է ութերորդ հորիզոնականում՝ վճարելով 21,3 մլրդ դրամ հարկ։ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը իններորդն է՝ 20,4 մլրդ դրամ հարկերով, իսկ տասնյակը եզրափակում է «Ջեյ թի այ Արմենիա»-ն՝ 20,2 մլրդ դրամ վճարած հարկերով։

Այսպիսով 2024-ին Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում ԶՊՄԿ-ից հետո առանցքային դեր են ստանձնել տեխնիկայի վաճառքով ու էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունները՝ «Մոբայլ սենթր արթ»-ը, «Փրիթի ուեյ»-ը և «Վայլդբերրիզ»-ը։ Հանքարդյունաբերության, ծխախոտի արտադրության ու էներգետիկայի ոլորտի ավանդական ընկերություններին զուգահեռ, առաջին տասնյակում իր կայուն տեղն է զբաղեցնում նաև բանկային հատվածը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել