Քոչինյանի զեկույցը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրների ՔԿԾ-ների ղեկավարների խորհրդի նիստում
13:56 - 08 հուլիսի, 2019

Քոչինյանի զեկույցը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրների ՔԿԾ-ների ղեկավարների խորհրդի նիստում

Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում հուլիսի 3-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ IV նիստը, խորհրդի անդամ 7 երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հանրապետությունների, դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության քրեակատարողական համակարգերի ղեկավար կազմի, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների գործադիր կոմիտեի քարտուղարության ներկայացուցչի մասնակցությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նիստի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը զեկույցով ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացված իրավակազմակերպչական բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը:

Գործընկեր երկրների կողմից մեծ է եղել հատկապես հետաքրքրությունը ՀՀ քրեակատարողական համակարգում ներդրված պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի նոր իրավակարգավորումների նկատմամբ, ըստ որոնց՝ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կողմից դրսևորած վարքագիծն այսուհետ գնահատվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված բալային գնահատման չափորոշիչներին համապատասխան՝ բացառելով ոլորտում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները:

Նիստի շրջանակներում ստորագրվել են շուրջ մեկ տասնյակ որոշումներ, այդ թվում՝ խորհրդի նախագահ և համանախագահներ ընտրելու, խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների կատարած աշխատանքները գնահատելու, ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական համակարգերում պատիժ կրող անձանց միջև առցանց շախմատի առաջնություն կազմակերպելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել