Շիրակում աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան
15:00 - 29 դեկտեմբերի, 2020

Շիրակում աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան

Շիրակի մարզպետարանում,  դեկտեմբերի 29-ին  կայացած տարեվերջյան ամփոփ մարզային խորհրդի նիստում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը համայնքի ղեկավարներին ներկայցրեց մարզպետի նորանշանակ տեղակալ Պողոս Աբրահամյանին, որն այսուհետև զբաղվելու է մարզում աշխարհազորի հետ կապված խնդիրներով:

Թեև նշանակումը կատարվել է նոյեմբերի 3-ին, սակայն նորանաշանակ տեղակալին մարզպետն հիմա էր ներկայացնում համայնքների ներկայացուցիչներին: «Պաշտոնը նոր է՝ մինչև հիմա աշխարհազորը համակարգող պաշտոն չի եղել, և  մենք  պետք է այս աշխատանքը կատարենք ի շահ մեր պետության պաշտպանության և մեր անվտանգութայն ուժեղացման»,- նշեց նորանշանակ մարզպետի տեղակալը՝ վստահեցնելով, որ սերտ աշխատանք է լինելու բոլոր համայնքների հետ: Մարզում աշխարհազորային կորպուսի համալրումը լինելու է մարզպետարանների կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած նախագծերի հաստատումից հետո: Շիրակի մարզում  աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան հունվարից:

Մարզային խորհրդի նիստի մեկնարկին բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակը: Այնուհետև մարզպետարանի վարչությունների ղեկավարները ներկայացրին 2020 թվականին իրականացված աշխատանքները:

  Ամփոփելով տարին՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ տարին ծանր  էր, իսկ 2021-ը  դժվար աշխատանքի  տարի կլինի համայնքների համար: «Պատերազմի ու համավարակի հետևանքով առաջ եկած խնդիրներն ավելի դժվարացնեն 2021 թվականը: Մաղթում եմ, որ հաջորդ տարին լինի հաջողված աշխատանքի տարի»,- ասաց Տիգրան Պետրոսյանը՝ համայնքների ղեկավարներին հորդորելով ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես զոհված, անհետ կորած կամ գերեվարված անձանց ընտանիքներին: Մարզպետն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մարզի առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ համավարակի ողջ ընթացքում նվիրումով աշխատելու համար:  Մարզպետն իր երախտիքի խոսքը հղեց հայրենիքի պաշտպաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել