Լերմոնտովոյի բյուջեն խոշորացվող համայնքի բոլոր խնդիրների լուծման համար բավարար չէ, պետք է այլ աղբյուրներից միջոցներ գտնել․ Էդիկ Չախալյան
2021 թվականի նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում եւ Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Քարորզարշավը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին, ավարտվելու է նոյեմբերի 12-ին։
Արզնիում ընտրելու են ավագանի․ առաջադրվել են անկուսակցականներ եւ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ։
Լերմոնտովոյում ընտրելու են ավագանի եւ համայնքի ղեկավար։ Համայնքապետի պաշտոնում առաջադրվել են անկուսակացական Ռաֆիկ Խառատյանն ու անկուսակցական Էդիկ Չախալյանը։ Վերջինս Լերմոնտովոյի գործող ղեկավարն է, իսկ Խառատյանն Անտառաշեն համայնքի ղեկավարն է։ Անտառաշենն, ի դեպ, միավորվելու է Լերմոնտովո համայնքի հետ։ Ռաֆիկ Խառատյանը, սակայն, որոշել է հանել իր թեկնածությունը։ Այս մասին նա ասաց Infocom-ի հետ զրույցում՝ նշելով, որ իր առողջությունը չի ների ավելի մեծ համայնք ղեկավարելու հարցում։
Լերմոնտովոյում բնակիչների 80 տոկոսը ռուսներ են, 15-ը՝ հայեր, 5-ը՝ եզդիներ։ Էդիկ Չախալյանը, որ համայնքի ղեկավարն է դեռեւս 1997 թվականից, կարծում է՝ կվերընտրվի։ Մեր զրույցում Չախալյանն ասաց, որ թեեւ բոլոր մոլոկանները չեն մասնակցում ընտրություններին՝ ելնելով իրենց կրոնական համոզմունքներից, սակայն վերջիններիս հոգեւոր առաջնորդն ասել է, որ բոլորն էլ ուզում են՝ նորից ինքն ընտրվի։
Չախալյանը դեռ չի սկսել քարոզարշավը, պատրաստվում է նոյեմբերի 1-ից հանդիպել բնակիչների հետ։ Մեր զրուցակիցը մտահոգություն չունի, որ համայնքը խոշորացվում է՝ միանալով Անատառաշենին։ Մինչ այս էլ անտառաշենցիները դպրոց, մանկապարտեզ ու փոստ են եկել հենց Լերմոնտովոյում։
Չախալյանի վստահեցմամբ՝ առաջնահերթորեն լուծելու են Անտառաշենի լուսավորության հարցը։ Նպատակ ունեն նաեւ արեւային պանելներ տեղադրել Լերմոնտովոյի մանկապարտեզի վրա, ապա գնել միկրոավտոբուս, որպեսզի անտառաշենցիները կարողանան դպրոց ու մանկապարտեզ գալ։ Նոր տրակտորի ձեռքբերման հարց էլ են դրել իրենց առաջ․ մեր զրուցակցի խոսքով՝ դա գյուղի համար շատ մեծ նշանակություն կունենա։
Համայնքի բյուջեն, սակայն, բոլոր խնդիրների լուծման համար բավարար չէ, սակայն գիշերային լուսավորության հարցը կկարողանան լուծել։ Մնացածի համար պետք է այլ աղբյուրներից միջոցներ գտնեն․ «Ծրագիր պետք է ունենանք, ներդրումներ արվեն։ Իմ կարծիքով՝ լավ պիտի լինի, կաշխատենք, կլինի։ Ես հարց պիտի բարձրացնեմ կառավարության առաջ, որ Անտառաշենում գազ քաշենք, որ գազ քաշենք, արդեն ծառահատումը քիչ կլինի, պատկերացրեք՝ ինչքան են ծառ հատում, որ գազ քաշենք, մեր անտառը կպաշտպանվի։ ժողովուրդն արդեն հարցնում է՝ գազը կքաշե՞ս, այո, ասում եմ, անպայման։ Ջրի խողովակներ կան, որ պետք է փոխենք, դա էլ կանենք, չենք մոռանա»,- վստահեցրեց Լերմոնտովոյի գործող ղեկավար Էդիկ Չախալյանը։
Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են սպասվում նաեւ Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում։
Իջեւանում առաջադրվել են «Հայ հեղափոխական դաշնակցությունն» ու «Քաղաքացիական պայմանագիրը»։ ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, ՀՅԴ-ի ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը։
Կապանում ընտրություններին դարձյալ երկու քաղաքական ուժ է մասնակցելու, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ համայնքի ղեկավարի պաշտոնում գործող պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությամբ, մյուսը՝ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ Կապանի գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի թեկնածությամբ։
Իսկ Ստեփանավանում առաջադրվել են երեք ուժեր՝ «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը», «Քաղաքացիական պայմանագիրը»։ Առաջինի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, որն այս պահին չի աշխատում, ՀԱԿ ցուցակի առաջին համարը Վանո Հակոբյանն է, որը նույնպես չի աշխատում, իսկ ՔՊ ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։
Լուսանկարը՝ past.am-ից
Հայարփի Բաղդասարյան
18:57 - 28 հոկտեմբերի, 2021