Աշխարհազորի ձևավորման աշխատանքները շարունակվում են, առայժմ վարժանքներ չեն իրականացվում
19:26 - 01 փետրվարի, 2021

Աշխարհազորի ձևավորման աշխատանքները շարունակվում են, առայժմ վարժանքներ չեն իրականացվում

Աշխարհազորի ստեղծման նպատակը

Ազգային ժողովը 2020թ․ հոկտեմբերի 28-ի նիստում երկրորդ ընթերմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր Հայաստանում ստեղծել աշխարհազոր։

Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ Արցախյան վերջին պատերազմից առաջ՝ 2020-ի օգոստոսին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ․ «Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»:

«Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո սահմանվեց «աշխարհազոր» եզրույթը․ «Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է»: 

 

Օրենսդրական հարցեր

« «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նշվում էր, որ նախագծի ընդունումը ՀՀ 2020 թ․ և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնելու։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), որին ուղարկվել էր նախագիծը մեկնաբանություններ ստանալու համար, խիստ անհավանական էր որակել այս պնդումը, քանի որ նախատեսվում է աշխարհազորայիններին ամրակցել զենք, հատկացնել համազգեստ, ինչպես նաև ենթադրվում է աշխարհազորայինների զինվորական պատրաստության անցկացում։

Պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հետաքրքրվել էինք, թե ինչ միջոցներով են աշխարհազորայինների վարժանքներն անցկացվելու, նրանց զենք, համազգեստ բաժանվելու, եթե նշվում է, որ օրենքի ընդունումը լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնելու։ ՊՆ-ից մեզ պատասխանել են, որ հարցը քննարկման փուլում է։

Նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Ազգային ժողովի (ԱԺ) աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը նշել էր, որ անհրաժեշտ է ապահովել նախագծի համապատասխանությունը «Պաշտպանության մասին» օրենքի պահանջներին․ « «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, որպես զորահավաքային նախապատրաստության մաս, տարանջատվում են տնտեսության զորահավաքային պլանների հաստատումը և մշակումը և տնտեսության զորահավաքային ծրագրերի հաստատումը և մշակումը: Նախագծով սահմանված լրացմամբ համապատասխան օրենքում միայն տնտեսության զորահավաքային պլանների հաստատմանը վերաբերող կարգավորման մասով է ամրագրում նախատեսվում, մինչդեռ «Պաշտպանության մասին» օրենքով նախատեսված տնտեսության զորահավաքային ծրագրերի հաստատմանը վերաբերող օրենսդրական կարգավորման բացակայության պարագայում նշված ծրագրերի հաստատման հետ կապված հարցերը շարունակելու են բաց մնալ»:

ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե ինչպես է նախատեսվում լուծել «Պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխանության հարցը։ նախարարությունն այս հարցին տվել է ընդհանուր և  անորոշ պատասխան․ «Բազմաթիվ սկզբունքային հարցերը կարգավորելու, աշխարհազորի համակարգը լիարժեք ներդնելու համար անհրաժեշտ կլինի կատարել ծավալուն աշխատանք, մշակել մի շարք իրավական ակտեր»։

 

Աշխարհազորի կիրառումը և ղեկավարումը

ՊՆ-ից հետքրքրվել էինք, թե ինչ փուլում է աշխարհազորի ստեղծման գործընթացը։ Նախարարությունից մեզ հայտնել են, որ աշխարհազորի կառուցվածքը հաստատված է, ձևավորման աշխատանքները շարունակվում են։

Ըստ օրենքի՝  աշխարհազորի կիրառումը ներառում է

  • մասնակցությունը ՀՀ սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը,
  • մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին,
  • մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը,
  • մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը,
  • մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը:

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Աշխարհազորը կազմվելու է տարածքային սկզբունքով, բաղկացած է լինելու զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: 

Զորամիավորումների հրամանատարները խաղաղ ժամանակ և պատերազմի ընթացքում մարզերում մարզպետերի տեղակալներն են, Երևանում՝ քաղաքապետի տեղակալը։ Բրիգադների հրամանատարները մարզերում քաղաքների կամ խոշորացված և քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների ղեկավարների տեղակալներն են, Երևանում՝ վարչական շրջանների ղեկավարների տեղակալները։ Գումարտակների հրամանատարները չխոշորացված գյուղական համայնքների դեպքում համայնքապետերի տեղակալներն են, իսկ խոշորացված և գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների դեպքում՝ բնակավայրերի վարչական ղեկավարները։

«Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են մարզպետի տեղակալի նոր գործառույթները․  «Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է, ապահովում է մարզի համայնքների աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով մարզի տարածքում՝ ըստ համայնքների հաշվառված քաղաքացիներից»:

Խորհրդարանը 2020-ի նոյեմբերի 3-ին ընդունեց ևս երկու նախագիծ, որոնք կապված են աշխարհազորի ստեղծման հետ։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ընդունված փոփոխություններով սահմանվեցին վերը նշված կետերը, ըստ որոնց՝ համայնքների ղեկավարների տեղակալները, վարչական ղեկավարները աշխարհազորային բրիգադների և գումարտակների հրամանատարներ են։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ընդունված փոփոխություններով էլ Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը երեքից դարձավ չորս։ Քաղաքապետի չորրորդ տեղակալը լինելու է Երևանի աշխարհազորային զորամիավորման հրամանատարը։

Խորհրդարանում այս նախագծերի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պարզաբանեց, որ Երևանի դեպքում մեկ տեղակալի հաստիք են ավելացրել, իսկ համայնքների դեպքում պարզապես օրենքով սահմանել են, թե աշխարհազորին վերաբերող ինչ գործառույթներ պետք է իրականացնեն տեղակալները․ «Ենթադրվում է, որ գյուղական և քաղաքային համայնքների ճնշող մեծամասնությունն այսօր էլ ունի տեղակալ կամ տեղակալներ, և մենք ակնկալում ենք, որ իրենք իրենց նպատակահարմարության և աշխատանքների կազմակերպման շրջանակներում այս հարցի լուծումը կտան։ Դա իրենց իրավասությունն է, և իրենք իրենց կառուցվածքը հաստատում են»։

Այս փոփոխություններից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ, որը պետք է լինի աշխարհազորային զորամիավորման հրամանատար, չի նշանակվել։ Իսկ մարզերի մեծ մասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամաններով նշանակվել են մարզպետերի նոր տեղակալներ։

Այսպես, հոկտեմբերի 29-ին նշանակվեցին մարզպետների միանգամից 7 տեղակալներ (նշանակումները՝ այստեղ և այստեղ)։ Ավելի ուշ՝ դեկտեմբերի 8-ին, Սյունիքի մարզպետի տեղակալ նշանակված Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց այդ պաշտոնից՝ նշանակվելով Սյունիքի մարզպետ։ Մի քանի օր անց Կարո Ավանեսյանը նշանակվեց մարզպետի տեղակալ։ Նոյեմբերի 3-ին Շիրակի մարզպետի տեղական նշանակվեց Պողոս Աբրահամյանը, իսկ դեկտեմբերի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ նշանակվեց Գոռ Ասրյանը։ Կոտայքի մարզպետի նոր տեղակալ դեռ չի նշանակվել։

Մարզպետների նոր տեղակալների մեծ մասն ունի զինվորական կեսնագրություն, ինչը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ նրանք լինելու են աշխարհազորային զորամիավորումերի հրամանատարները։ Սլայդը թերթելով՝ կարող եք ծանոթանալ տեղակալների կենսագրություններին (կենսագրությունների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ 1, 2, 3, 4, 56

Եթե մարզպետների նոր տեղակալներն ունեն զինվորական կենսագրություն, և ենթադրվում է, որ Երևանի քաղաքապետի նոր տեղակալն էլ կունենա զինվորական կենսագրություն, ապա համայնքապետերի տեղակալների և վարչական ղեկավարների դեպքում հարցը մնում է բաց։ ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք զինվորական կենսագրություն չունենալու հանգամանքը չի՞ խանգարի նրանց ղեկավարել աշխարհազորային բրիգադները և գումարտակները։ Նախարարությունից մեզ պատասխանել են․ «Մարզպետների (Երևանի քաղաքապետի), ինչպես նաև համայնքների ղեկավարների տեղակալները խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորային համապատասխան կառույցի աշխատանքները լիարժեք և մասնագիտորեն իրականացնելու համար պետք է ունենան զինվորական կենսագրություն։ Սակայն, ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ սկզբունքային հարցերը կարգավորելու, աշխարհազորի համակարգը լիարժեք ներդնելու համար անհրաժեշտ կլինի կատարել ծավալուն աշխատանք, մշակել մի շարք իրավական ակտեր»։

Պատասխանի երկրորդ մասը, փաստորեն, կրկնում է նույն ընդհանրական պատասխանը, ինչ տրվել էր նախագծի օրենսդրական բացի վերաբերյալ մեր հարցին

 

Աշխարհազորին կամավորագրվելը

Աշխարհազորին անդամագրվելը կամավոր է, անդամարգվելու համար քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր։ Կամավորագրվել չեն կարող այն մարդիկ, որոնք

  • ենթակա են պարտադիր զինվորական ծառայության,
  • զինծառայող, ոստիկանության ծառայող, փրկարար ծառայող, քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող են,
  • պատիժ են կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ նրանց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիները ևս չեն կարող աշխարհազորի մաս կազմել։

ՊՆ-ից մեզ հայտնել են, որ աշխարհազորայինների կամավորագրումն ընթացքի մեջ է, առայժմ վարժանքներ չեն իրականացվում․ «Կամավորականների հավաքագրումից (ստորաբաժանումների համալրումից) հետո կորոշվի դրանց հետ վարժանքների անցկացման պարբերականությունը»։

Աշխարհազորին կարող են կամավորագրվել նաև կանայք։ ՊՆ-ից հետաքրքրվել էինք՝ կանանց և տղամարդկանց վարժանքներն անցկացվելու են առաձի՞ն, թե՞ միասին, ինչպես նաև կանայք առանձի՞ն ստորաբաժանումներում են ներգրավվելու։ Նախարարության պատասխանում նշված էր, որ աշխարհազորայինների ստորաբաժանումներում կանանց ներգրավումը հնարավոր է համապատասխան պաշտոններում նշանակման ակնկալիքով, իսկ նրանց վարժանքներն անցկացվելու են  ստորաբաժանման կազմով՝ տղամարդկանց հետ միասին։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ կանանց առանձին ստորաբաժանումների կազմավորումը նպատակահարմար չէ։

2020-ի դեկտեմբերին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով հաստատվեցին աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, ինչպես նաև աշխարհազորայինների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը։

Համաձայն նախարարի հրամանի՝ աշխարհազորայինի հետ պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով, և ժամկետը լրանալիս այն չլուծելու դեպքում պայմանագիրն ավտոմատ երկարացվում է ևս մի տարով։ Աշխարհազորայինները հնարավորություն ունեն վաղաժամ լուծելու պայմանագիրը։

Ինչ վերաբերում է աշխարհազորայիններին զենք հատկացնելու հարցին, հրամանով սահմանվում է, որ նրանք զենքն իրենց մոտ կարող են պահել միայն պատրաստության ժամանակահատվածում և աշխարհազորայինների կիառման դեպքում։

Նախարարությունից նաև տեղեկացանք, որ աշխարհազորայինների համազգեստը և տարբերանշանները չեն տարբերվելու ՀՀ զինված ուժերում ընդունված համազգեստից և տարբերանշաններից։ Իսկ աշխարհազորի պատրաստման և կիրառման պլանների, ինչպես նաև ղեկավարման կարգի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել