Խոշորացված և խոշորացվող համայնքներ․ ինչպե՞ս է փոփոխվել ՀՀ համայնքային քարտեզը
19:36 - 14 փետրվարի, 2021

Խոշորացված և խոշորացվող համայնքներ․ ինչպե՞ս է փոփոխվել ՀՀ համայնքային քարտեզը

Համայնքների խոշորացման գործընթացի մեկնարկից ի վեր՝ Հայաստանի 9 մարզում ձևավորվել է 54 խոշորացված համայնք՝ 486 համայնքների միավորմամբ։ Կառավարությունն առաջարկում է ՀՀ 6 մարզում ձևավորել ևս 11 խոշորացված համայնք՝ 186 համայնքների միավորմամբ։

Հասկանալու համար, թե խոշորացման գործընթացի արդյունքում ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել ՀՀ համայնքային բաժանումը, կարող եք ուսումնասիրել Infocom-ի պատրաստած քարտեզը, որում արտացոլված են ՀՀ բոլոր մարզերի արդեն խոշորացված, խոշորացվելիք, ինչպես նաև չխոշորացված համայնքները։

Քարտեզը Google Earth-ի միջոցով բացելու համար սեղմել այստեղ։

  • Դեղին գույնով եզրագծված են խոշորացված համայնքները, որոնց ներսում դեղինով նշված են բնակավայրերի անունները, իսկ նարնջագույնով՝ խոշորացված համայնքի անունը։
  • Կապույտով եզրագծված են խոշորացված, բայց առանձին գործող համայնքները, որոնց ներսում բաց կապույտով նշված են բնակավայրերի անունները, մուգ կապույտով՝ համայնքի անունը։
  • Կարմիրով եզրագծված են ձևավորվելիք խոշորացված համայնքները, որոնց ներսում կարմիրով նշված են բնակավայրերի անունները, մանուշակագույնով՝ համայնքի անունը։
  • Եթե կարմիրով եզրագծված համայնքի ներսում կա դեղինով եզրագծված համայնք, նշանակում է, որ արդեն խոշորացված համայնքը ներառվելու է համայնքային նոր փնջում։
  • Կանաչ գույնով նշված են այն համայնքները, որոնք խոշորացված չեն և առաջիկայում չեն խոշորացվելու։

Խոշորացումից հետո մարզերում պատկերն այսպիսին է․

  • Սյունիքի մարզում կա 8 համայնք, բոլորն էլ խոշորացված են։
  • Տավուշի մարզում կա 5 խոշորացված համայնք։ Մնացած համայքները 2020-ի տարեսկզբի օրենսդրական փոփոխություններով միավորվել են Իջևան խոշորացված համայնքի կազմում, բայց շարունակում են գործել առանձին, քանի որ Իջևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ դեռ տեղի չեն ունեցել։
  • Արագածոտնում կա 4 խոշորացված համայնք, ևս 2-ը նախատեսվում է ձևավորել։ Մարզում կա ևս 33 չխոշորացված համայնք։ Դրանք առաջիկայում չի նախատեսվում խոշորացնել։
  • Վայոց ձորում կա 8 համայնք․ 6-ը խոշորացված են, 2-ը՝ ոչ։
  • Լոռիում կա 12 խոշորացված համայնք։ Դրանցից Լերմոնտովոն Իջևանի հետ խոշորացել է 2020-ին։ Լերմոնտովոյի կամզում միավորված համայնքները ևս գործում են առանձին, մինչև կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Լոռիում նախատեսվում է ձավորել ևս 2 խոշորացված համայնք։ Ձևավորվելիք համայնքներից մեկի կազմում ներառվելու է արդեն խոշորացված Թումանյանը։ Մարզում կա ևս 17 համայնք։ Այդ համայնքները խոշորացնել դեռևս չի նախատեսվում։
  • Կոտայքում կա 6 խոշորացված համայնք, նախատեսվում է ձևավորել ևս 3-ը։ Ձևավորվելիք երեք համայնքների կազմում էլ ներառվելու են արդեն խոշորացված համայնքներ․ Եղվարդն ընդգրկվելու է ձևավորվելիք Նաիրի խոշորացված համայնքի կազմում, Մեղրաձորը՝ Ծաղկաձորի, Ակունքը՝ Աբովյանի։ Մարզում կա ևս 13 չխոշորացված համայնք։ Դրանք առաջիկայում խոշորացնել չի նախատեսվում։
  • Շիրակում կա 7 խոշորացված համայնք, նախատեսվում է ձևավորել ևս 1-ը։ Մարզում կա ևս 11 չխոշորացված համայնք։ Դրանք առաջիկայում չեն խոշորացվելու։
  • Գեղարքունիքում կա 4 խոշորացված և 53 չխոշորացված համայնք։ Մարզում առաջիկայում նոր խոշորացումներ չեն սպասվում։ 
  • Արարատում կա 1 խոշորացված համայնք, առաջիկայում նախատեսվում է ձևավորել ևս 2-ը։ Մարզում կա ևս 43 համայնք։ Այդ համայնքները խոշորացնել դեռ չի նախատեսվում։
  • Արմավիրում չկան խոշորացված համայնքներ, առաջիկայում նախատեսվում է ձևավորել 1-ը։ Մարզում դեռ կմնա 71 չխոշորացված համայնք։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել