Կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում |shantnews.am|

09:04 - 06 հուլիսի, 2019

shantnews.am։ Տեղեկություններ են ստացվել, որ երեկ կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սա միակ համայնքը չէ, որտեղ կենդանիների անկման դեպքեր են գրանցվում: Լուրեր շրջանառվեցին, որ պատճառը Սևանա լճի «ծաղկած» ջուրն է, քանի որ կենդանիները հենց լճի տարածքում էին արածում:

«Հիմա, թե ինչքանո՞վ է ջրի հանգամանքը … Մասնագետներն ասում են, որ ինչ ջուր էլ խմեին, պիտի տենց լինեին, որովհետև թունավոր խոտը կերել են արդեն: Յոնջա են ասում, դա լինում է տևական անձրևներից հետո, ծաղկման շրջանում թունավոր է, եթե անասունը ուտում է, փքվում է , եթե ջուրն էլ խմում է, արդեն վերջ՝ կա´մ պիտի սատկի, կա´մ պիտի մորթվի»,- ասել է Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավար (Ծափաթաղը մտնում է խոշորացված համայնքի մեջ) Սուլիկո Շուշանյանը՝ հավելելով, որ մոտ 80 գլուխ կով փրկվել է կենդանաբույժների միջամտություններից հետո:

Ըստ Սուլիկո Շուշանյանի՝ նմուշներ են վերցվել, արդյունքի մասին հավանաբար կասեն երկուշաբթի:

«Մասնագետների ասելով, դա այնքանով կապ ունի ջրի հետ, որ թունավոր խոտը ուտելուց հետո ջուր են խմել»,- հավելել է համայնքապետը:
Նկատառմանը, թե այդ տարածքում առվույտ միշտ էլ աճել է, ինչպե՞ս է ստացվում, որ հենց այս տարի են անկման դեպքերը գրանցվել, Սուլիկո Շուշանյանը պատասխանել է, որ դեպքեր միշտ էլ եղել են:

«Դա բոլոր ժամանակներում էլ եղել է, վախտ է լինում, ավելի շատով է լինում: Ուղղակի, որ քանակը շատ է եղել, Մարտունիում էլ է եղել, Վարդենիսում էլ, մտածել են, որ Սևանի ջրից է: Անձամբ իմ անասունները հենց մտել են Ազգային պարկի անտառ, էդ թունավոր յոնջայից կերել են, մի երեք-չորս հատ սատկել է: 5 օր հետո ենք գտել»,- ասել է համայնքապետը:

Հարցին` ինչո՞ւ են կենդանիները հայտնվում ազգային պարկի տարածքում, Շուշանյանն ասել է, որ քանի որ արևային օրերին արոտները պակասել են, այդ իսկ պատճառով կենդանիներին անտառ են տանում:

«Թողնում են անտառում, անասնապահ էլ չկա, հենց այդպես թողնում են, անասունն էլ ուր ասես հասնում է: Արդյունքն էլ դա է լինում»,- հավելել է համայնքապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել