«Գործողություն, այլ ոչ թե խոսքեր». Խամենեին միջուկային գործարքի կողմերից հստակ քայլեր է ակնկալում |tert.am|
14:36 - 17 փետրվարի, 2021

«Գործողություն, այլ ոչ թե խոսքեր». Խամենեին միջուկային գործարքի կողմերից հստակ քայլեր է ակնկալում |tert.am|

tert.am: Իրանը 2015 թվականին կնքված միջուկային գործարքի կողմերից ցանկանում է տեսնել «գործողություն, այլ ոչ թե խոսքեր»: Նման հայտարարությամբ է հանդես եկել իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարության ֆոնին, թե վարչակազմը հույս ունի վերականգնել համաձայնագիրը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք շատ գեղեցիկ խոսքեր և խոստումներ ենք լսել, որոնք գործնականում չեն իրագործվել կամ ձեռնարկվել են հակառակ գործողություններ: Բառերն ու խոստումներն արժեք չունեն: Այս անգամ մենք միայն գործողություն ենք ակնկալում մյուս կողմից և մենք պատրաստ են նույնկերպ գործել», - շեշտել է Խամենեին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, որից երկիրը դուրս էր եկել 2018  թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը մանրամասնել էր, որ նման բան տեղի կունենա միայն այն պարագայում, եթե Թեհրանը առաջինը վերսկսի համաձայնագրի դրույթների լիակատար կատարումը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային գործարք) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել