Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքը ձևավորվել է 2017-ին՝ 4 բնակավայրերի միավորմամբ։ Համայնքի բնակավայրերից է Գետափը։ Գետափի բնակիչ Սմբատ Ավոյանը խոշորացումից գոհ է։ Նա ասում է, որ իրենց գյուղում դրական փոփոխություններ կան․ «Որ բյուջեն մեծացել է, արդեն տեխնիկա կա, որն ավելի էժան գներով է տրամադրվում։ Հույսեր կան, որ ապագայում ավելի լավ բաներ կլինեն։ Խոշորացումից գոհ ենք, դժգոհելու ոչ մի բան դեռևս չկա»։
Գետափի մեկ այլ բնակիչ՝ Կարեն Գևորգյանը, կարծում է, որ իրենց գյուղում խոշորացումից հետո էական փոփոխություններ չկան։ Կարեն Գևորգյանի խոսքով՝ Գետափում խնդիրներ կան, որոնցից ամենակարևորը 12-ամյա դպրոցի բացակայությունն է։ Բնակավայրի դպրոցն 9-ամյա է, և ծնողները ստիպված են իրենց երեխաներին այլ գյուղերի դպրոցներ ուղարկել, որ նրանք ուսումն ավարտեն։
Գետափի վարչական ղեկավար Մուրադ Մանուկյանը նշում է, որ Գետափը նախկինում էլ այլ համայնքների հետ միացված լինելու փորձ ունեցել է, այդ պատճառով էլ մտահոգություն են ունեցել, որ խոշորացումից հետո իրենց գյուղի համար ոչ ամեն ինչ հասանելի կլինի։ Չնայած նախկին մտահոգություններին, Մուրադ Մանուկյանը հիմա խոշորացումից գոհ է։ Գետափը նաև Արագածավանի ավագանու կազմում ներկայացուցիչ ունի։ Բնակավայրի վարչական ղեկավարի կարծիքով, սակայն, խնդիր չէր լինի, եթե իրենք համայնքի ավագանու կազմում ներկայացուցիչ չունենային։
Կառավարությունն առաջարկում է Արագածոտնի մարզում 29 համայնքների միավորմամբ ձևավորել Թալին խոշորացված համայնքը, որի կազմում ընդգրկվելու է Կարմրաշենը։ Կարմրաշենում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, խմելու ջրով ապահովված են, ոռոգման ջուրը հիմնականում հերիքում է։ Բնակիչներին մտահոգող հիմնական հարցն այն է, որ համայնքը գազաֆիկացված չէ։
Կարմրաշենի բնակիչ Մանուկ Թորոսյանը գտնում է, որ խոշորացումը վտանգավոր է։ Նա կարծում է, որ փոքր բնակավայրերը կարող են անտեսվել, քանի որ խոշորացված համայնքի ղեկավարը չի ունենա այն նույն սրտացավությունը, ինչ ունեն առանձին համայնքների ղեկավարները։
Կարմրաշենի համայնքապետ Կորյուն Մարտիրոսյանը հասկանում է բնակիչների այն մտահոգությունները, թե սպասվող խոշորացումից հետո տեղական ինքնակառավարման մարմինները կարող են պակաս սրտացավ լինել բնակչների հանդեպ, բայց խոշորացումից նաև դրական սպասելիքներ ունի։
Արագածոտնի մարզում կա 4 խոշորացված համայնք։ Առաջիկայում, բացի Թալինից, առաջարկվում է ձևավորել ևս մեկը։ Մարզի մնացած 33 համայնքները դեռ չի նախատեսվում խոշորացնել։
Աննա Սահակյան
comment.count (0)