hetq.am: Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից.
Օրենքներ ընդունելիս անհրաժեշտ է հնարավորինս լավ հաշվարկել, կանխատեսել, թե ինչպես այդ օրենքները պետք է գործեն իրական կյանքում: Հակառակ պարագայում օրենքը դառնում է, այսպես ասած, «մեռած»՝ թղթի վրա գրված կամ իրավակիրառ պրակտիկայում առաջացնում է բազմաթիվ խնդիրներ:
Վերջերս փոփոխություն կատարվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» օրենքում, որով կալանավորները՝ դատապարտյալների պես, մերձավոր ազգականների հետ երկարատև տեսկցություններ ունենալու իրավունք ստացան: Ըստ նոր փոփոխության, կալանավորներին միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն է տրամադրվելու 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ` մինչև 3 օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվելու է նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորված անձն ունի համատեղ երեխա:
Նոր փոփոխությունը, բնականաբար, միայն ողջունելի է. այո՛, կալանավորված անձինք նույնպես պետք է կարողանան երկարատև տեսակցել հարազատների հետ: Առհասարակ կապը ընտանիքի հետ շատ կարևոր է: Սակայն այս օրենսդրական դրական փոփոխությունը դժվար է լինելու իրագործել, եթե ոչ՝ անհնար, մեկ պարզ պատճառով՝ երկարատև տեսակցության սենյակներն ընդամենը երկուսն են բանտում: Եթե մինչ փոփոխությունը այստեղ մոտ 150 անձ էր օգտվում երկարատև տեսակցության իրավունքից, ապա հիմա մի քանի անգամ ավելի է դառնում նույն իրավունքից օգտվողների թիվը: Բայց սենյակները չեն ավելացել, նախկին երկուսն են: Տեսակցությունների սենյակների հարցը պետք է լուծվեր դեռ մինչև այս օրենքի ընդունումը:
Առանց այդ էլ «Նուբարաշենում» երկարատև տեսակցությունների հետ կապված լուրջ խնդիր կար, գոնե մինչև համաներումն այդպես էր: Այստեղ երկարատև տեսակցությունների համար ընդամենը երկու սենյակ կա, իսկ օրենքով սահմանված իրենց տեսակցություններից օգտվելու ցանկություն ունեցողները, բնականաբար, շատ են: Մինչ այս մեկուսարանի վարչակազմը ինչ-որ կերպ փորձում էր լուծել տեսակցությունների տրամադրման խնդիրը: Բայց այս նոր փոփոխությունը գործնականում թե՛ մեզ` դատապարտյալներս, թե՛ կալանավորվածներին, թե՛ մեկուսարանի վարչակազմին լրջագույն խնդրի առաջ է կանգնեցրել…
Անհնար է ընդամենը երկու սենյակի պարագայում նույնիսկ ամենանվազագույն քանակով տեսակցության օրեր տրամադրելով` իրացնել բոլորի տեսակցության իրավունքը: Օրենքը սահմանում է` առնվազն 2 ամիսը մեկ մինչև 3 օր տեսակցության իրավունք: Նույնիսկ եթե հիմա որոշեն տրամադրել ընդամենը 1 օր, ինչը արդեն իսկ անընդունելի է, այնուամենայնիվ, դա էլ անհնար է իրագործել:
Այստեղ մեկ այլ կարևորագույն խնդիր կա ցմահ ազատազրկվածներիս հետ կապված: Կալանավորվածներից ոմանք մի քանի ամիս անց ազատվում են, ոմանք մի քանի տարի իրենց պատիժը կրելու համար տեղափոխվում են գաղութներ, իսկ ցմահ ազատազրկվածներս, մանավանդ նախկին մահապատժի դատապարտվածներս, ովքեր մեկ տասնյակ տարուց ավելի առհասարակ չենք ունեցել երկարատև տեսակցություններ, հետո տարին ընդամենը 1 անգամ, հիմա էլ Աստված գիտի, թե երբ կվերադառնանաք մեր ընտանիքների մոտ` պարզապես չենք կարող հանդուրժել, որ ընդամենը 1 օրով տեսակցություն տրամադրվի` 2-3 օրվա փոխարեն: Մենք անազատություն մեջ ենք 20-27 տարի, և մեր ապրելու, կյանքի իմաստը մեր ընտանիքներն են, նրանց հետ այդ հանդիպումները:
Հիմա անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները անհապաղ միջոցներ ձեռնարկեն` «Նուբարաշեն» բանտում հատկացվեն անհրաժեշտ քանակությամբ սենյակներ երկարատև տեսակցությունների համար: Այսօր կարևորագույն խնդրիր է երկարատև տեսակցությունների նոր սենյակներ կառուցելու հարցը:
Առաջարկում եմ ամենագործնական և խնդիրն ամբողջությամբ լուծող տարբերակը.
1. Մեկուսարանի տարածքում երկարատև տեսակցությունների համար առանց հապաղելու կառուցել մի քանի տնակներ: Տարածքը մեծ է, գտնվում է արգելագոտուց ներս, այսինքն` ամբողջությամբ պահպանվող, վերահսկվող գոտի է: Տնակների դռները կարող են փակվել, սակայն նախընտրելի կլինի, ինչպես գաղութներում, որքանով տեղյակ եմ, շուրջը մի փոքր ծառապատ տարածք լինի, որտեղ հարազատները կարողանան նստել, թե չէ՝ նրանք նույնպես այդ օրերին դառնում են փակ ռեժիմի «դատապարտյալներ»:
2. Զուգահեռաբար խնդիրը կարող է լուծվել քննչական սենյակների հատվածում երկարատև տեսակցությունների սենյակների ավելացմամբ` անպայման բնական լուսավորությամբ:
3. Այս խնդրի լուծմանը էապես կնպաստի ցմահականների վերաբերյալ ռեժիմների փոփոխության վերաբերյալ նոր օրենքի արագ կիրառումը, այն է`15, 18 և 20 տարիները լրացած ցմահականների ռեժիմները համապատասխանաբար փոխել և տեղաբաշխել տարբեր քրեակատարողական հիմնարկներում, որտեղ միայն դատապարտյալներ են: Դրանից հետո այստեղ կարող է մնալ ցմահականների մի փոքրաթիվ խումբ, որոնց պատժի կրման 15 տարին դեռ չի լրացել, և այդ պարագայում հնարավոր կլինի բոլորի իրավունքները լիարժեք իրացնել: Եվ վերջապես «Նուբարաշենն» ի սկզբանե նախատեսված է եղել միայն կալանավորված անձանց, այլ ոչ թե դատապարտյալներին պահելու համար:
Մենք`դատապարտյալներս, կալանավորված անձինք և մեկուսարանի վարչակազմը հուսով ենք, որ այս խնդիրը անհապաղ լուծում կստանա կառավարության կողմից:
comment.count (0)