Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է իր հրաժարականի մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Սիրելի Նուբարաշենցիներ,
Այսօր վերջին անգամ դիմում եմ Ձեզ, որպես Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։
Փետրվարի 1-ից ես թողնում եմ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ իմ դիմումի հիման վրա։
Մեծ գոհունակությամբ և հպարտությամբ կարող եմ նշել, որ այս 1 տարի և մի քանի ամիսների ընթացքում կատարվեց հսկայածավալ աշխատանք, կազմավորվեց աշխատասեր և բանիմաց թիմ աշխատակազմում, ինչպես նաև համակարգային ճիշտ լուծումներ տրվեցին և ,իհարկե այդ ամենի արդյունքում, լուծվեցին Նուբարաշեն վարչական շրջանում մի քանի տարի ծառացած շատ խնդիրներ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եղել են իմ և մեր աշխատակազմի կողքին, հավատացել են մեր նվիրվածությանը, մեր աշխատանքին ու նպատակներին։ Այս ընթացքում փորձել եմ լսել բոլորին, տեսնել ցանկացած խնդիր և աջակցել յուրաքանչյուրին անհատապես՝ մեր հնավորությունների սահմանում։
Իմ խորին Շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետին, ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, Նուբարաշեն վարչական շրջանի ողջ աշխատակազմին և իհարկե բոլոր Նուբարաշենցիներին՝ Ձեր վստահության և հավատի համար։
Եվս մեկ անգամ շեշտում եմ իմ ցանկությամբ պաշտոնը թողնելու փաստը, քանի որ անցնելու եմ այլ աշխատանքի՝ հետագա շահարկումներից, ոչ ադեկվատ քննարկումներից և անհիմն խոսակցություններից խուսափելու համար։
Հաջողություն եմ մաղթում հաջորդ ղեկավարությանը, ցանկանում եմ մեծ նվիրվածություն մեր բնակիչներին և մեր վարչական շրջանին։
Շնորհակալ եմ բոլորին»:
comment.count (0)