Շինաղբն ապօրինի կուտակող մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն
11:59 - 23 հուլիսի, 2019

Շինաղբն ապօրինի կուտակող մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն

Երևանի  քաղաքապետարանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացնում շինաղբի ապօրինի կուտակման վայրերի մոտ: «Այսօր վաղ առավոտից արգելվել է մուտքը Շենգավիթի Ներքին Չարբախ թաղամասի տարածքում ձևավորված անօրինական աղբավայր:

Բոլոր վարորդները զգուշացվել են և ուղղորդվել դեպի Նուբարաշենի աղբավայր: «Բոլոր այս հողատարածքները համայնքային սեփականության են, որտեղ ինքնակամ, օրենքի կոպիտ խախտումներով մարդիկ հիմնել են շինարարական աղբավայր: Շաբաթվա ընթացքում հարյուրավոր մեքենաներ մտնում են այստեղ և ամբողջ տարածքը լցվում է շինաղբով: Այս երևույթն ունի կազմակերպիչ, կան հսկիչներ, որոնք մեքենաներն ուղղորդում են այստեղ: Մայրաքաղաքում կա նման 6 մշտական վայր:

Խնդիրը լուծելու համար անցնելու ենք կոշտ մեթոդների, ընդհուպ մեքենաները կտարվեն տուգանային հրապարակ, իսկ վարորդները կտուգանվեն»,-նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը և ընդգծել, որ բոլոր հասցեներում սահմանվելու է մշտական հսկողություն:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս շինարարական աղբ տեղափոխող բոլոր մեքենաների վարորդներին տեղեկացնում և հիշեցնում է, որ շինաղբի համար նախատեսված միակ օրինական վայրը Նուբարաշենի աղբավայրն է»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել