Գյումրիում 18 մարդ գործազուրկ է դարձել Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով |factor.am|
14:04 - 05 հուլիսի, 2019

Գյումրիում 18 մարդ գործազուրկ է դարձել Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով |factor.am|

factor.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս Կառավարության հավանությանն էր ներկայացրել մի նախագիծ, որով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն լուծարվելու է, ընկերությանն ամրացված անշարժ գույք հետ է վերցվելու և հանձնվելու է Պետգույքի կառավարման կոմիտեին:

Հուլիսի 1-ի Կառավարությամբ որոշմամբ՝ լուծարվեց ոչ միայն Կրթության ազգային ինստիտուտի մայր կառույցը, այլև մարզային 8 մասնաճյուղերը, որոնց թվում է Շիրակի մասնաճյուղը։ Արդյունքում Գյումրիում 18-ով ավելացավ գործազուրկների թիվը: «Սկզբում ունեինք մայր կառույց և 11 մասանճյուղ:

3 մասնաճյուղ 1.5 առաջ է լուծարվել, իսկ 8-ը մնացել էր: Հուլիսի 1-ի դրությամբ՝ ո՛չ այդ 8-ը կա, ո՛չ էլ մայր կառույցը։ Բոլորը լուծարվել են»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի արդեն նախկին տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը՝ հավելելով, որ նախարարությունից դեռ 2 ամիս առաջ գրավոր ծանուցում էին ուղարկել ու տեղեկացրել լուծարման մասին:

«Գյումրիի կառույցը 50 տարվա պատմություն ունի, մյուս մասնաճյուղերը ստեղծվել են 2003 թվականին: Ստեղծման պահից աշխատել է 60 հոգի՝ հոյակապ շենքով ու ամեն հարմարություններով։ Իսկ երկրաշարժից հետո նվազել է աշխատողների թիվը։ 11 տարի ես արդեն տնօրենն եմ՝ 2008 թվականից, մոտ 25 հոգի աշխատող ունեինք, այս պահին 18 հոգի էր աշխատում, այդ թվում՝ ես:

Հիմա բոլորս ազատված ենք աշխատանքից»,- ասաց Մեսրոպ Ղալաչյանը: Նախարարությունը, ի դեպ, որևէ պարտավորություն չի ստանձնել գործազուրկներին աշխատանքով ապահովելու հարցում: «Նախարարն ասում է՝ կրթությունը սոցիալական ոլորտ չէ, որպեսզի աշխատատեղ ստեղծենք, դրա համար, ասում է, սոցապ նախարարություն կա։

Կրթությունը որակյալ պիտի լինի, հասկանում եմ և ընդունում։ Փոփոխություններին համակարծիք եմ, բայց ոչ միանգամից դնել, կտրել: Կարելի էր կոսմետիկ կամ խորքային, բայց այդ հենքի վրա»,- ասաց ԿԱԻ Շիրակի մասնաճյուղի նախկին տնօրենը։ Մեր զրուցակցի խոսքով՝ կրթության ազգային ինստիտուտը նախարարությունում որոշել են փակել՝ ուռճացված լինելու, ոչ արդյունավետ աշխատանքի, կրթության զարգացումներին ոչ համաչափ քայլելու համար. «Ասում են՝ ուռճացված է կառույցը, մոտ 300 հոգի էր աշխատում՝ Երևանով և մասնաճյուղերով։

Ինչ-որ իրենք տեսլական ունեն, կառույցը չի իրականացրել։ Նախարարի խոսքն եմ ուզում ասել, ասում էր՝ 20-րդ դարի կրթական ծրագրերով մենք 21-րդ դարի հանրակրթություն ենք ուզում ուսուցչին և աշակերտին մատուցել: Այսինքն՝ համահունչ չի, ուզում են փոփոխությունների լայն շրջանակ սկսել։ Պետք է փոփոխություններ լինեն, բայց ունքը սարքելու տեղը աչքն էլ չհանենք»:

Կրթության ազգային ինստիտուտն իրականացնում էր մանկավարժների վերապատրաստում, դասագքրերի և կրթական ծրագրերի փորձաքննություն, հանրակրթական ծրագրերի վերլուծություն, դպրոցների տնօրենների համար հավաստագրման դասընթացներ էր կազմակերպում:

Հիմա պարզ չէ, թե ինչ կառույց է իրականացնելու հանրակրթության ոլորտի այս կարևոր գործառույթները։ Մեր զրուցակիցը նշեց, որ նախարարությունում մտադիր են հիմնադրամ ստեղծել, որը կզբաղվի ԿԱԻ գործառույթներով՝ բացառությամբ վերապատրաստման դասընթացների: «Ուզում են, նախարարի խոսքերն եմ ասում, ուղեղային կենտրոն ստեղծել, կրթության ազգային ինստիտոտի հենքի վրա կստեղծվի նոր հիմնադրամ, որը կզբաղվի բովանդակային մշակմամբ, ծրագրերի, չափորոշիչների, դասագրքերի մշակմամբ:

Վերապատրաստումները դուրս են բերում, ազատականացնում են, այսինքն՝ ցանկացած հասարակական կազմակերպություն, պետական կառույց կարող է մասնակցել մրցույթին ու ուսուցիչների, տնօրենների վերապատրաստում անել»,- ասաց Մեսրոպ Ղալաչյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել