«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարությունը քննարկվել է Արցախի ԱԺ-ում
18:14 - 16 մարտի, 2021

«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարությունը քննարկվել է Արցախի ԱԺ-ում

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպմանը քննարկվել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարության ու անհրաժեշտության հարցերը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով Նազելի Բաղդասարյանի հերթական այցն Արցախ, նշել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև համագործակցության ակտիվացումը: Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ անհայտ կորած անձանց մասին Արցախի Հանրապետության և ՀՀ օրենքները պետք է նույնական լինեն:

Արցախի ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամների և պատգամավորների հետ հանդիպմանը Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի նպատակահարմարությանն ու ընդունման անհրաժեշտությանը: Պատգամավորը նշել է, որ օրենքի ընդունմամբ կկարողանան լուծել տարբեր գերատեսչություններում հրադադարից հետո առաջացած խնդիրները:

«Դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Կարծում եմ` ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Լիահույս եմ, որ համատեղ քննարկումների արդյունքում կհստակեցվի անհայտ կորած անձանց կարգավիճակային հարցը»,-նշել է Բաղդասարյանը:

Պատգամավորի խոսքով, նախագիծը մշակվել էր դեռևս 2006 թվականին, սակայն հետագա տարիներին որոշ գերատեսչություններ հարցի քննարկումը ժամանակավրեպ են համարել:

Այնուհետև ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակին առնչվող հարցերին և վստահեցրել, որ կանդրադառնան պատգամավորների առաջարկներին ու քննարկումներ կծավալեն:

Խորհրդարանականները կարևորել են նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել,որ դրանք շարունակական կլինեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել