Փողոցաշինական աշխատանքները մի՛ դարձրեք օրակարգ ձևավորելու հիմք․ Գյումրու քաղաքապետարան
11:37 - 06 ապրիլի, 2019

Փողոցաշինական աշխատանքները մի՛ դարձրեք օրակարգ ձևավորելու հիմք․ Գյումրու քաղաքապետարան

Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Հայտարարությունը՝ ստորև.

«Վերջին օրերին հանրային քննարկումների թեմա են դարձել Գյումրիի փողոցաշինական ծրագրերը եւ դրանց իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները:

Այս պահին Գյումրիում իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 40 կմ ճանապարհ: Այս մասշտաբի ծրագրերի իրականացումը աննախադեպ է Գյումրիի համար: Ծրագրերի մեկնարկի առաջին օրերից եւ մինչ օրս համագործակցել ենք փողոցաշինական աշխատանքների հարցում շահագրգիռ բոլոր անձանք հետ, քննարկել, վերլուծել ու լուծումներ գտել առաջ եկած խնդիրների համար:

Եվս մեկ անգամ բոլորին հորդորում ենք ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին, բարձրաձայնել խնդիրների մասին, հանդես գալ առաջարկներով, հետեւել գործընթացին, աջակցել եւ ոչ թե խոչընդոտել աշխատանքների ընթացքին:

Մեր կողմից ծրագրի խորհրդատու կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկվել եւ իրականացվում են թերությունների վերհանման, դրանց շտկման ուղղությամբ օրենքով ու պայմանագրային պարտավորություններով սահմանված կոնկրետ աշխատանքներ:

Ամենեւին չենք հերքում քաղաքացիների օբյեկտիվ դժգոհության հիմքերը: Շինարարների եւ նախագծողների հետ կունենանք նաեւ բնակիչների տեղաշարժի ապահովման մասով խորհրդակցություն, կփորձենք գտնել այդ հարցերի կարգավորման հնարավոր տարբերակներ, որոնք լրացուցիչ մեծ ծախսեր չեն պահանջի:

Քաջ գիտակցելով փողոցաշինական աշխատանքների ընթացքում ստեղծված անհարմարությունները՝ եւս մեկ անգամ հայցում ենք մեր ազգաբնակչության ներողամտությունը, ակնկալում նրանց աջակցությունը քաղաքի համար չափազանց կարեւոր այս ծրագրերի հաջող իրականացման հարցում:

Բացարձակապես անընդունելի ենք համարում փողոցաշինական աշխատանքներում առաջ եկող խնդիրների տեղափոխումը անձնական որակումների հարթություն: Հորդորում ենք՝ հարցը չքաղաքականացնել, փողոցաշինական աշխատանքները չդարձնել օրակարգ ձեւավորելու հիմք:

Միեւնույն ժամանակ, հասարակական-քաղաքական գործիչներին, ԱԺ պատգամավորներին եւ, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ ենք անում, եթե ծրագրի իրականացման իրավաչափության մասով ունեն մտահոգություններ եւ կասկածներ, կիրառեն խորհրդարանական վերահսկողության ամբողջ գործիքակազմը եւ դիմեն համապատասխան մարմիններին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Գյումրի կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր փողոցների ու մայթերի վիճակից, ինչին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքել էր. «Սա հլա փառք է»: Այդ արտահայտությունն առաջացրել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դժգոհությունը եւ վարչապետի ներկայությամբ նրանք սկսել էին վիճել՝ իրար անվանելով «կլյաուզնիկ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել