Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է խնդիրներով. ԼՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|
12:37 - 23 մարտի, 2021

Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է խնդիրներով. ԼՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Ընտրական օրենսգրքի մասով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով ենք գնում առաջ՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում: 

«Երկու տարի ժամանակ կար Ընտրական օրենսգիրքը փոխելու: 2019 թվականի գարնանը ստեղծվել է  հանձնաժողով, որում նաև ես եմ ներգրավված եղել: Բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, մի մասն ընդունվել է, մի մասը՝ չէ: Հիմա Ընտրական օրենսգիրք փոխելը հղի է լրջագույն խնդիրներով և, առաջին հերթին, հարցականի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը: Ցանկացած կուսակցություն, ով հաջողության չհասավ ընտրություններով, կարող է որպես պատճառ բռնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, և տոտալ պրոցեսը կդելիգիտիմացնի»,- ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ քննադատություններին, թե ռեյտինգային ընտրակարգի պահպանման դեպքում խորհրդարանում կարող են հայտնվել քրեական տարրեր: «Ռեյտինգային համակարգն առաջին անգամ կիրառվեց 2017 թ., ՀՀԿ-ն հաղթեց: Դրանից մեկ ամիս հետո Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին փակ համամասնական ընտրակարգով, ՀՀԿ-ն հավաքեց ավելի շատ ձայն, բաժանվեց նույնքան փող, ընտրություններին նույնկերպ ներգրավված էին գումար բաժանողներ, թաղային հեղինակություններ, օլիգարխներ: Սա գալիս է ցույց տալու, որ ամեն ինչ կախված է ընտրությունները կազմակերպողներից:  Եթե ընտրությունները կազմակերպողները թույլ են տալիս, որ կիրառվի վարչական ռեսուրս, բաժանվի ընտրակաշառք, ներգրավվեն թաղային հեղինակություններ, քրեական տարրեր, ինչ ընտրական կարգով ուզում եք արեք՝ դա լինելու է»,- ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել