armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ չի եղել ինստիտուտ, որ իրեն զեկուցի Արցախի վերջին պատերազմի անխուսափելիության մասին: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Բագրատյանը նշեց, որ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո առնվազն տեղեկություններ կային, որ Թուրքիան նույնպես մասնակցելու է Արցախի պատերազմին: «Ենթադրվում էր, որ պատերազմ է լինելու, արդյոք ճիշտ չէ՞ր լինի, որ ՀՀ-ն էլ դիմեր իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին և հարավ-արևելյան թևով համատեղ զորախմբով ստեղծվեր թիկունք, որ պատերազմ սկսելու պայմաններում վստահ լինեինք, որ համատեղ զորախմբի միջամտությունը կարող է լինել շատ օպերատիվ»,-հարցրեց պատգամավորը:
Փաշինյանը նախ վստահեցրեց, որ հայ-ռուսական անվտանգային համակարգը և համատեղ զորախումբը եղել է, կա և կլինի ամուր, այդ թվում՝ պատերազմի ընթացքում: «Այսինքն՝ պատերազմի ընթացքում եղել է ամուր, քանի որ այդ զորախմբի տրամաբանությունը եղել է հետևյալը, որ եթե լինի հարձակում Հայաստանի տարածքի վրա, Ռուսաստանի և Հայաստանի միացյալ խմբավորումը կդիմակայի այդ հարձակմանը համատեղ: Խնդիրն այն է, որ «դե յուրե» Հայաստանի տարածքի վրա հարձակում չի եղել, եղել են մի քանի միջադեպեր, որոնք հետագայում ռազմաքաղաքական ճանապարհով կանխվել են: Սահմանային միջադեպեր եղել են, բայց հարձակում Հայաստանի տարածքի վրա չի եղել»,-ասաց նա:
Վարչապետը վստահեցրեց, որ եղել են երաշխիքներ, որ եթե ՀՀ տարածքի վրա տեղի ունենա հարձակում, Ռուսաստանը իր բոլոր պայմանագրային և դաշնակցային պարտավորությունները կկատարի:
Անդրադառնալով պատերազմի անխուսափելիության մասին հարցին՝ նա նշեց. «Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց-որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ սա ապացուցող փաստեր նույնպես կան:
Վարչապետը, սակայն, հիշեցրեց, որ դեռ 2020-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից ասել է պատերազմը կանգնեցնելու պայմանները: Նա նշեց, որ փոխզիջումների մասին իր խոսքը բուռն հակազդեցության է արժանացել:
comment.count (0)