Մեր սրտերը լի են ուրախությամբ, որ նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ Նենսի Փելոսի

14:04 - 25 ապրիլի, 2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված հայ ժողովրդին: Ուղերձում ասվում է.

«Որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ` պատիվ ունեմ փոխանցելու ԱՄՆ կոնգրեսի ողջույնները հայ ժողովրդին` հիշատակի այս կարևոր օրվա առթիվ։
 
106 տարի առաջ` այս օրը, աշխարհն ականատեսը եղավ 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկին՝ Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համակարգված սպանություններին։

Բայց, դժբախտաբար, շատ հաճախ, այս հանացագործության ճշմարտությունը հերքվել է և դրա հրեշավորությունը նվազագույնի հասցվել։

Եվ ահա թե ինչու, մեր սրտերը լի են ուրախությամբ, որ Նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության օրը։

Այդ իսկ պատճառով 2019թ․ Կոնգրեսն օրենսդրություն ընդունեց, որով հայտարարեց, որ հայերի հանդեպ իրականացրած բարբարոսությունը Ցեղասպանություն է։

Շնորհակալություն եմ հայտնում ամերիկահայ համայնքից շատերին, այդ թվում՝ կոնգրեսականներ, Աննա Էշուին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փըլլոնին, Ջեքի Սփիրին, ովքեր իրականություն դարձրին այս օրը։ Եվ մենք մեծապես երախտապարտ ենք Նախագահ Բայդենին իր առաջնորդության համար։

Մեզանից յուրաքանչյուրը բարոյական պարտավորություն ունի հիշելու ճշմարտությունը և ճանաչելու այս դաժանությունը, ինչպիսին որ այն եղել է, որոհետև եթե մենք անտեսում ենք պատմությունը, ապա մեզ վիճակված է ականատեսը լինելու անցյալի սարսափների կրկնությանը։

Այսօր և միշտ, մենք հարգում ենք զոհերի և վերապրածների հիշատակը: Մենք խոստանում ենք ամուր կանգնել բռնության և մոլեռանդության դեմ, որտեղ էլ որ դա տեսնենք: Եվ մենք պարտավորվում ենք կառուցել հույսի, խաղաղության և ազատության ապագա բոլորի համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել