Ալիևների ընտանիքը եղել է ոչ թե «Սոսիների պուրակ»-ում, այլ «Բասիտչայի» արգելոցում
11:51 - 27 ապրիլի, 2021

Ալիևների ընտանիքը եղել է ոչ թե «Սոսիների պուրակ»-ում, այլ «Բասիտչայի» արգելոցում

Երեկ «Ինստագրամի» իր էջում Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել Ալիևների ընտանիքի՝ Ջրական (Ջաբրայիլ) և Կովսական (Զանգելան) կատարած այցից։

Հայկական սոցցանցերում, այնուհետև լրատվամիջոցներում սկսեցին լուրեր տարածվել, թե լուսանկարներն ու տեսանյութերն արվել են Սյունիքի մարզում գտնվող «Սոսիների պուրակ»-ում (1,2,3)։

Այսօր auroranews.am կայքում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի մեկնաբանությունը, ըստ որի՝ «Սոսիների պուրակ»-ի մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, սահմանազատումն էլ արված է քարտեզով, առանց փշալարերի։ Քիչ անց, սակայն, կայքը նյութը հեռացրեց։

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ պարզաբանում տարածեց, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական  արգելավայրի տարածք չէ։

Եթե լսենք, թե ինչ է ասում Իլհամ Ալիևը տարածված տեսանյութում, կհասկանանք, որ խոսքը, հավանաբար, ոչ թե «Սոսիների պուրակ»-ի մասին է, ինչպես նշվում է հայկական սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում, այլ «Բասիտչայի» պետական արգելոցի։ Տեսանյութում Ալիևն ասում է․ «Սա Բասիտչայն է՝ Զանգելանի գեղեցիկ բնության մի մասնիկը»։ Նա, հավանաբար, նկատի ունի Բասիտչայ գետը, որը հոսում է «Բասիտչայի» պետական արգելոցով։

«Սոսիների պուրակ»-ը ստեղծվել է 1958 թվականին։ Պուրակը Ծավ և Շիկահող գետերի ափին է՝ «Շիկահողի» արգելոցի հարևանությամբ։

«Սոսիների պուրակ»-ը

Իսկ «Բասիտչայի» արգելոցը հիմնվել է 1974-ին Զանգելանում և Արցախյան առաջին պատերազմից հետո եղել է հայկական վերահսկողության ներքո։ Վերջին պատերազմից հետո այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ «Բասիտչայի» արգելոցը հենց Զանգելանում է, որտեղ այցելել է Ալիևների ընտանիքը, իսկ «Սոսիների պուրակ»-ը՝ Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի մոտ։

Քանի որ  «Սոսիների» պուրակից և  «Բասիտչայի» արգելոցից արված լուսանկարները շատ նման են, հեշտ է այս երկու վայրերը շփոթել։

Այսպիսով, տարածվող լուրերը, թե Ալիևների ընտանիքը եղել է Սյունիքի մարզում գտնվող «Սոսիների պուրակ»-ում, չեն համապատախանում իրականությանը։

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել