ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 2] «Բա որ քցի` գնա աղոթելու»
18:47 - 01 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 2] «Բա որ քցի` գնա աղոթելու»

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 1] Քայլարշավը մեկնարկեց․ «ձեռառնոցու ֆլեշմոբ»

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ  ԲՈԼՈՐԸ

 

[Արմեն Գալջյան] Արթնացանք Ջաջուռում՝ բոլորս «ողջ էինք», այդ ցրտից հետո բացվող արևը իսկական հրաշք էր թվում: Շունը դեռ մեզ հետ էր և դա ուրախացնող փաստ էր: Մաքրեցինք ճամբարի տարածքը, տնկեցինք «Ինքնիշխանության» ծառը և շարունակեցինք մեր քայլարշավը:

[Վահան Կոստանյան] Առավոտյան շուտ էլի գրասենյակ: Քայլողներին միացող խմբին ճանապարհեցինք, մի քանի նոր վրան ուղարկեցինք, դեղեր՝ Ջաջուռի սառնամանիքի փլատակներից դուրս գալու համար: Զուգահեռ իրականության հետ կապող միակ բանը Նիկոլի լայվերն էին: Երևանը դեռ շաբաթ երեկոյից հետո ուշքի չէր եկել ու դեռ խորը քնի մեջ խռռացնում էր, երբ Հայաստանի հյուսիսում տնկվում էր Ինքնիշխանության ծառը:

Նույն օրը հրապարակվեց նաև Քաղաքացու երգը, որի վրա երկար աշխատանք էր տարվել դեռևս մինչև քայլերթը, երբ հավաքվում էինք Դիվանբաշիում ու մեր երկրորդ տունը դարձած միսենյականոց փաբում լսում Մխիթարի եղբոր տնային ձայնագրությունները: Ի դեպ, խորհուրդ չեմ տա կարդալ երգի բառերը գիշերը, որովհետև, երբ առաջին անգամ մի քանիսիս ուղարկեց Նիկոլը գիշերվա երկուսին, գիշերն էդպես էլ լուսացրել էի «ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս, իմ հոգին պարտվել» քամին գլխիս մեջ:

[Թագուհի Ղազարյան] «Քաղաքացու երգն» եմ լսում առաջին անգամ: Էս շարժմանն ինձ ամենաշատը մոտիվացնող բաներից մեկը: Ընդունված խոսք կա ասել, որ հաղթանակը հազար տեր ունի, պարտությունն ա անտեր:

«Ես պարտվել եմ, պարտվել եմ», այսինքն` ասում է` ասում եք` ժողովրդին էլի տանելու է պարտության: Իսկ դուք գիտե՞ք` ես ինչ եմ զգացել ամեն անգամ պարտվելիս` փողոցում, ընտրություններում, համալսարանից դուրս մնալիս, խմբագրությունս փակելիս, ընդհատակում, բանտ նստելիս: Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում ամեն անգամ պարտվել, ամեն անգամ հուսախաբ լինել, ամեն անգամ ձախողել, ամեն անգամ վերականգնվել, նորից հույս գտնել, նորից առճակատման գնալ: Ամեն անգամ պարտության ակունքները, պատճառները գտնել:

Ասում է` հա, ես էն Նիկոլն եմ, որ ասում էր` ես իմ ամեն քվեին տեր եմ կանգնել, ու որ խուլ մեղադրանք կար էդ ամենի մեջ ձեր նկատմամբ, որ դուք չեք քվեարկել, ոչ թե ես իմ խոսքին տեր չեմ եղել, որ ես էլի պարտվել եմ: Ես Նիկոլն եմ, որն ասում է` եթե մարդիկ ցանկանան փոփոխություն, էդ փոփոխությունը կլինի, ու էդ ամենի մեջ խուլ մեղադրանք կա ձեր նկատմամբ, որովհետև ամեն անգամ, երբ ես դուրս եմ գալիս առճակատման, տեսնում եմ, որ մենակ եմ: Դուք ինձնից փոփոխություն եք ակնկալում ու ինձ մենակ թողնում: Ու ես իրավունք ունեմ, չէ՞, ձեզ մեղադրելու, ասելու, որ սա իմ պարտությունը չի:

Բայց ես որոշել եմ ոչ մեկի վրա էլ չգցել պարտությունս: Ե՛ս եմ պարտվողը, ես պարտվել եմ, պարտվել եմ, բայց ի՞նչ անեմ, ի՞նչ կարող եմ անել: Ես ուրիշ ճանապարհ չգիտեմ: Ես նորից դուրս եմ եկել պայքարելու: Ընդունիր քո բազմիցս պարտված առաջնորդին ու արի ինձ հետ` նորից պարտվելու կամ գոնե մի անգամ, մի վերջին ճիգով հաղթելու համար: Այլևս միայն ինձ եմ վերագրելու պարտությունը, այլևս չեմ ասելու, որ դու ես պարտության պատճառը, տե՛ս, լսի՛ր, ասում եմ` ե՛ս պարտվել եմ, ե՛ս եմ պարտվել…

Ասում է` դուք ասում եք` ես մենակ ի՞նչ կարող եմ փոխել, մենակ ինձնով ի՞նչ կարա լինի: Բա ես էլ եմ էդ նույն մտավախություններն ունեցել: Բայց ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում` ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ: Ինչը նշանակում է, որ դո՛ւ էլ մենակ չես, նա՛ էլ մենակ չի: Մեզ խաբել են, որ մենք մենակ ենք: Մեզ բոլորիս խաբել են, առանձին-առանձին խաբել ու համոզել են, որ մենակ ենք: Ասում է` եկեք ամենքս մեր բաժին քայլն անենք: Որովհետև ես վստահ եմ, որ սա ծնվող հաղթանակ է մի նոր: Որովհետև ես հավատում եմ, որ սա գրվող պատմություն է մի նոր:

[Արմեն Գալջյան] Քայլելու ընթացքում կար մի քանի բան, որը մեզ օգնում էր մոտիվացված լինել՝ մեկը դա Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերն էր, որով մենք հաղորդակցվում էինք ժողովրդի հետ, իսկ մյուսը՝ Ավինյանի ուսապարկի մեջ գտնվող դինամիկները, որով մենք գրեթե անդադար լսում էինք Փաշինյանի գրած բառերով և Հայկ Ստվերի կատարմամբ ստեղծված «Քաղաքացու երգը», որը հետագայում դարձավ հեղափոխության երգը:

[Թագուհի Ղազարյան] Ֆեյսբուքում աչքովս է ընկնում #ՄերժիրՍերժին-ի հրավերը՝ քաղաքացիական հասարակությունից կամավորներ հավաքագրելու: Going եմ տալիս: Ընկերներիցս մեկն է գրում Ֆեյսբուքով, ասում է` գործ չունես դրանց հետ, ասում է՝ պրավալ ա, հարցնում եմ` խի՞, ախր: Վերջապես նախադեպ է, երբ քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքական հստակ պահանջ ունի, չեն կարող ինչ-որ պահի հետ կանգնեն, ասեն` մեր պահանջը բավարարված է: Ասում է` Քոչարյանի պրոյեկտն են: Ասում եմ` ի՞նչ ես առաջարկում, ոչինչ չանե՞լ, որովհետև էդպես ավելի ապահով է՞: Չենք շարունակում:

Մեկ ուրիշն ասում է` հիմա իմաստ չունի ձեր արածը, հիմնական ճակատամարտը տասնհինգ թվին ա եղել, կամ լավ` խորհրդարանականին, հիմա ոչ մի տարբերակ չկա: Ես վստահ եմ, որ տարբերակ կա, բայց շատ-շատ եմ նեղվում, որ ընդդիմության գերխնդիրը իրար դեմ խոսելն է դարձել, անհնար է էս մարդկանց բերել իրար կողքի, որ բերես, հաստատ լիքը ժողովուրդ կմիանա, իսկ եթե ժողովուրդը միացավ, հաստատ ինչ-որ բան փոխել հնարավոր կլինի: Փորձում եմ էս ամենը համոզել իրեն, բայց անհույս է: Իրենք էնքան վստահ են, որ էս ամենն անիմաստ է, որ քիչ է մնում ինձ էլ համոզեն:

Նիկոլին լրիվ մենակ են թողել, անգամ իր դաշնակից ընկերները: Եղել է, որ ինձ համար էլ են իր արածները անհասկանալի ու աննպատակ թվացել: #ՄերժիրՍերժին-ն ավելի հոգեհարազատ է թվում, նամանավանդ, որ էնտեղ տեսնում եմ նաև մարդկանց, որոնք 2015-ին «Ո՛չ»-ի ճակատում էին: Ու չեն փորձում հին խոսակցությունները ջրի երես հանել, այլ նոր իրավիճակից ելնելով են լուծումներ փնտրում: Ինձ ամենահուսադրող հատվածը էս պատմության մեջ դառնում է էս նախաձեռնությունը: Ինձ թվում է, թե գտել եմ փրկօղակը:

[Արամ Թարվերդյան] Օրվա առաջին միտքը արթնանալուն պես ֆբ մտնելն էր՝ տեսնելու, թե ինչ կա, ուր հասան ժողովուրդը, հասկանալու մեդիայի և սովորական մարդկանց արձագանքը։ Մտա ֆբ, ու առաջինն, ինչ newsfeed-ին բերեց, դա Էդմոն Մարուքյանի փոստն էր, թե բա. «I suffer that disorder where I speak the truth and it pisses people off»։ Էդ օրը որոշել էի ծխելը թարգել, բայց դե Էդմոնը հասցրեց, ներվայնացա, փորձեցի հիշել, թե երբ է վերջին անգամ ինքը ճիշտ բան ասել։ Էդպես էլ չհիշեցի, ու «անհասկանալի» էր դա գրելու առիթը: Ով իմանար, որ ծխելու առիթներ Էդմոնն ինձ դեռ շատ է տալու և թարգելու մասին մտածելը դեռ վաղ է: Օրվա ընթացքում անընդհատ հետևում էի լայվերին, ֆբ ընկերներով անընդհատ վիճում ու բանավիճում էինք լինելիքների շուրջ։ Իսկ մի տեղ՝ հեռվում մարդիկ կային, որ քայլում էին:

[Անի Վարդանյան]  Առավոտը դեռ անկողնում պառկած հետևում էի Նիկոլ Փաշինյանի էջի լայվին։ Քնաթաթախ մտածում էի՝ տեսնես էս լայվ անող տղու ձեռքը չի հոգնու՞մ։ Քոմենթներին էի հետևում, մարդկանց արձագանքին, ու մի 10 րոպե նայելուց հետո ձանձրանում, անջատում էի։ Համալսարանում քննական շրջանը հաջորդ օրը սկսվելու էր։ Իրար ետևից 5 քննություն ունեինք։ Ու քանի որ «Ռեստարտի» գործունեությունը թե՛ քննական շրջանի սկսվելու, թե՛ ներքաղաքական հարցական վիճակի պատճառով դադարեցվել էր, քննություններին էի պատրաստվում։ Ու միաժամանակ էլ փորձում էի կուրսային աշխատանքիս վրա աշխատել, որովհետև «Ռեստարտի» ակտիվ գործունեության արդյունքում ամեն ինչից հետ էի ընկել։

Քայլարշավի սկսվելուց ի վեր Ռեստարտում ակտիվ քննարկումներ էր . որպես նախաձեռնություն միանալու՞ ենք, թե՞ ոչ։ Ես դեմ էի միանալուն, որովհետև կարծում էի, որ Ռեստարտի գործունեությունը ուղղված պետք ա լինի ուսանողական խնդիրներին։ Չէի ուզում քաղաքական որակումներ ստանայինք , որովհետև, եթե քաղաքական գործընթացները տապալվեին, Ռեստարտի գործունեությունն էլ հարցականի տակ կդրվեր։

Ի վերջո որոշվեց, որ նախաձեռնության անդամները ազատ են անել ցանկացած գործողություն, բայց Ռեստարտը, որպես նախաձեռնություն, չի միանալու քաղաքական գործընթացներին։ Ես դեռ ոչինչ չէի որոշել։ Քայլարշավին միանալու գաղափար չունեի։ Մտածում էի, երբ Երևան հասնեն, կհասկանամ ինչ անել։

[Միքայել Նահապետյան] Առավոտը դժոխքի դռների պես է բացվում, որովհետև նախորդ օրը՝ մինչև ուշ գիշեր մի տաս հոգով` Միսկարյան Գարեգինը, Մինասյան Վահագը, Սահակյան Սուրենը, Վահեն, Պետրոսյան Դավոն... Մովսիսյան Ռևազն էլ քեզ նվեր, քննարկում էինք մեր դերն ու անելիքը։ Էդտեղ ասեցին՝ «Բա, որ քցի` գնա աղոթելու», ասեցի` «չի քցի, երկու ամիս առաջվա հանրահավաքում տեսավ, որ քարը պատռի 300 հոգու աջակցություն ունի, մի ոտքը գերեզմանում քաղաքական գործիչ ա, էս պրոցեսի անհաջողությունից ոչ մի բան չի շահելու, նենց որ՝ «վաբանկ» ա գնացել»։

Մի անգամ էլ ի մի բերեցինք մեր օրակարգը` ընտրական օրենսգրքի փոփոխություն, կուսակցությունների մասին օրենք, քաղաքականություն-բիզնես տարանջատում, դատական համակարգի անկախացում, ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներդրում։ Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը Սուրենը, Միսկարյանը, ես պիտի գնանք ճամբար` արշավորդներին տեսակցելու ու խոսելու։ Ցրվեցինք։

[Սոնա Մնացականյան] Գնում եմ Կարենի օֆիս՝ վերցնելու ինձ ու Աննային խոստացած թաղարով ծաղիկները։ Գրկում եմ երկու թաղարներն ու քայլում Կասկադ։ Հաճելի ա էն զգացողությունը, որ գարուն կա քաղաքում, որ պիտի հանդիպեմ ընկերներիս։ Աննայի հետ հանդիպում եմ Քոսթում, հետո մյուսներն էլ են հավաքվում, կամ մենք ենք գնում մի ուրիշ տեղ։ Խոսում են ինչ-որ քայլարշավից, չեմ հասկանում՝ ինչ ա․ մի քանի օր ա՝ դուրս եմ եկել ֆեյսբուքից, որ հոդվածի վրա աշխատեմ։ Մտածում եմ՝ եթե ֆեյսբուքում չես, ուրեմն Հայաստանում չես։

Աննան ոգևորված ա, ասում ա՝ հը՞, կարո՞ղ ա մի բան դուրս գա։ Վահրամն ու Գեմոն թերահավատ են։ Աննան մի թեթև վիճում ա հետները, թե խի չեք հավատում էդ մարդուն։ Գեմոն, իրան թողած, Վահրամին ա պաշտպանում, թե ախր էս մարդը վաղուց ա հայտնել իր աջակցությունը Նիկոլի թիմին, բայց դե, հիմա ինքն էլ ա ջոկում, որ չլնող բան ա։

Ես էլ եմ ռացիոնալ հուսահատների շարքում։ Աննային ասում եմ՝ անհույս ա, Ան ջան, Սահակաշվիլու պրիոմն ա գործածում Նիկոլը (նոր էի կարդացել թարգմանությունը), բայց ախր ո՞վ պիտի դուրս գա, շրջաններում մարդիկ ավելի հուսահատ են։ Էլի մեր նման մի քանի հարյուր հոգի քաղաքում կհավաքվենք ու կցրվենք տներով։ Աննան տխրում ա, մենք էլ, ու ցրվում ենք տներով՝ հաստատ իմանալով, որ ապրիլի 13-ին գնալու ենք Ազատության հրապարակ՝ գոնե էս տխրությունը իրար հետ կիսելու։

[Միքայել Նահապետյան] Օրը լուսանում է` զանգում եմ Վահանին։ Հանդիպում ենք ՔՊ-ի գրասենյակում։ Մարդ չկա։ Վահանը էրկուկես է լինում մեդիայի ու քայլարշավի արանքում։ Աշխարհի ամենամինիմալ կազմով` երկու հոգով մտագրոհ ենք անում, ինչ-որ փիառի փոքր գործիքներ մոգոնում։ Ասում եմ՝ «Վահա՛ն, զգացել ես, որ համալսարաններում, թաղերում... ամեն տեղ, բացի ֆեյսբուքի փոքր կենտրոնից մեզ անհաջողակ ապուշի կանխավարկածով են վերաբերվում։ Սա արժանապատվության պայքար ա դարձել` ապացուցելու, որ անիմաստ չենք քամակներս ասֆալտին քսում»։ Ծիծաղում է։ Ասում եմ. «Ծախեց` վարի կտամ»:

[Վահան Կոստանյան] Ինքաբանտարկված սենյակում մոնիտորինգ անելու դաժան պատիժն էլ ավելի «քաղցր» էր դառնում, երբ օրվա ընթացքում տեսնում էի, թե ոնց են Քրիստինեն, Նիկոսը, հետո արդեն Լևոնն ու Սոֆյան գնում քայլելու(հաստատ մարդիկ կան, ում մոռացա նշել), ու փախչելու գաղափարը ավելի ու ավելի գայթակղիչ էր դառնում: Օգնության հասավ Միքոն. պարզվեց՝ Սուրենի ու Միսկարյանի հետ պիտի գնային ճամբար: Ես էլ, չնայած բոլոր հորդորներին մնալ մոնիտորինգ անել, միացա տղաներին:

[Արմեն Գալջյան] Ճանապարհին դադար վերցրինք մի գազալցակայանի մոտ, պաղպաղակ կերանք, և տեղի բնակիչները սկսեցին զրույցի բռնվել Նիկոլի հետ՝ թե բա «էս ի՞նչ հաշիվ ա»: Էդ ինչ հաշիվայի պատասխանը լսելուց հետո տեղացիները սկսեցին արտաբերել արդեն հիմա ոչ արդի արտահայտություններ․ «դե աստված տա լավ ըլի», «բայց մի բան կըլնի՞», «էհհ ախպեր, էսքան պայքարինք՝ բան չելավ, տենանք հմի ինչ եք անում»: Սրանք մեզ համար մերժելի արտահայտություններ էին, մենք պատասխանում էինք հետևյալ կերպ՝ «Ձեր բաժին անելիքը աստծո վրա մի դրեք, մենք մեզնից կախվածը անում ենք և հույս ունենք, որ դուք էլ ձեզնից կախվածը կանեք», կամ այլ կերպ ասած՝ 50/50:

[Վահան Կոստանյան] Սուրենի ու Միսկարյանի հետ մինչ էդ շատ քիչ էի հասցրել շփվել ու, իմ սովորության համաձայն, մեծամասամբ ճանապարհին լուռ էի ու դիմանում էի կառափնարանին՝ անիվների վրա: Բայց զգում էի, որ էս մարդկանց հետ երկար ճանապարհ ունենք անցնելու ու հիմա էլ վստահ եմ, որ ապրիլի 1-ին քննարկված օրակարգը ամենևին էլ կատակ չէ մեր պետության զարգացման համար:

[Արմեն Գալջյան] Մեզ միացան մի քանի քաղաքացիական ակտիվիստներ: Մենք կանգ առանք Մեծ Պարնի կոչվող տարածքում և ճամբար խբեցինք: Տեղի բնակիչները՝ մոտ երկու տասնյակից ավելի, եկան մեր ճամբար՝ արդեն երկու երեք խարույկ էր վառվում: Նրանց կողմից լսում էինք մի շարք հոռետեսական կանխատեսումներ մեր շարժման և ընդհանրապես քաղաքական գործընթացների մասին:

[Միքայել Նահապետյան] Մութը չընկած ճամբարում ենք։ Սուրենը Նիկոլին բարևում է, ասում «привет участникам автопробега», ծիծաղում ենք։ Ճամբարում մոտ 50 մարդ կա, ոգևորությանը չափ չկա։

[Վահան Կոստանյան] Տեղ հասանք, բոլորը հոգնած էին, բայց ուրախ: Սառած էին, բայց եռանդուն: Մինչև կրակը կվառեին՝ հավաքեցինք, ու պատմեցի Երևանում ծավալվող իրադարձությունների մասին: Հենց կրակի շուրջ Նիկոլը Ազատությանը հարցազրույց տվեց, որի վերջում էնքան էր սառել ու մարմինը թմրել, որ չէր կարողանում կանգնել:

[Միքայել Նահապետյան] Վերևում գրած օրակարգի կետերը Նիկոլին ենք տալիս, ասում՝ «եթե Սերժի գնալուց հետո էսքան բանը կանեք` մինչև վերջ հետներդ ենք», համաձայնություն է տալիս, ասում՝ «Եթե դրա տեխնիկական իրագործման ձևերն էլ գտնենք, հաշվեք՝ Հայաստանի հարցերի կեսը լուծել ենք»։ Հետո հարցնում է՝ ինչ ենք մտածում ԱԺ-ն շրջափակելու մասին, ասում ենք` չի աշխատի ու պայմանավորվում մի քանի երկրների հաջողված փորձի մասին տեղեկանք պատրաստել, նորից հանդիպել։

[Վահան Կոստանյան] Թվում էր, թե օրը վերջացել է, բայց սկսեցին նոր հյուրեր գալ: Գյուղացիների տարբեր խմբերը այցերը ավելի էին տաքացնում, քան արդեն բավականին թեժացած կրակը: Զրուցելուց, երազելուց հետո վերադարձանք Երևան: Սուրենենք որոշեցին էլի գալ՝ շարունակելու երկխոսությունը: Պայմանավորվեցինք, որ ես ինձ էլի մեջ կգցեմ: Մոռացա, Չալոն-Քայլոն: Ամբողջ ընթացքում հսկեց ճամբարը, վազեց բոլոր անծանոթ մեքենաների հետևից, մրսեց մեզ հետ, խորը հայացքով խոսում էր բոլորիս հետ: Ու հետո արդեն իմ ու Միքայելի մոտ պիտի ծնվեր էջ բացելու գաղափարը, ու ընկերս պիտի գրեր այս մարդկային շան մանիֆեստը:

[Միքայել Նահապետյան] Երևանի ճանապարհին հայտնաբերում ենք, որ Նիկոլի ձեռնոցները Սուրենի մեքենայի մեջ են մնացել։ Նախորդ օրվա Ջաջուռի ցրտից դատելով՝ կարգին մրսած կլինի էդ գիշեր)))

[Արմեն Գալջյան] Հիշում եմ Տրդատը մի մեծ վրան էր բերել, իր ենթավրաններով, որը այդ օրերին մեզ հինգ աստղանի հյուրանոցի լյուքս համար էր թվում: Այդ գիշերը առաջինի համեմատ շատ տաք և հանգիստ անցավ:

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 3] Խառը կանաչի․ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆեմինիստներ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել