ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Արման Բաբաջանյանը, Գոռ Երանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպել են Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան և հույս հայտնել, որ թե՛ Հայաստանի և թե՛ Իրաքի օրենսդիր մարմինների գործունեությունն առաջիկայում ևս կլինի ավելի նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով:
«Իրաքը կարևոր առաջնահերթություն է Հայաստանի համար: Մեզ համար կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը` հիմնված խաղաղ համագոյակցության վրա: Գաղտնիք չէ, որ վերջին տարին բավականին ծանր է եղել Հայաստանի համար»,- նշել է Ռուբինյանը՝ խոսելով համավարակի և Թուրքիայի աջակցությամբ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած ռազմական ագրեսիայի մասին:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի՝ իրաքյան կողմի նախագահին 2020 թվականի պատերազմի ժամանակ դրսևորած զուսպ հայտարարության և պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչի համար: Խոսելով հայ-իրաքյան կապերի, պատմական ավանդույթների մասին՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործություններին, Հայոց ցեղասպանությանը:
Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ևս հույս է հայտնել, որ երկուստեք իրականացվող արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերին, համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշել է, որ Իրաքը կողմնակից է տարածաշրջանի հարևան երկրների հետ խաղաղ, կայուն, հավասարակշիռ հարաբերություններ հաստատելուն: Նա բարձր է գնահատել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի աշխատանքն ու դերակատարումը:
Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռիհան Հաննա Այուբը նշել է, որ Իրաքում ապրող հայերն ինքնատիպ ազգերից մեկն են, և ընդգծել Իրաքի խորհրդարանում հայազգի ներկայացուցչի՝ պատգամավորական մանդատ ունենալու անհրաժեշտության մասին:
Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի կատարած աշխատանքները երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Նշվել է, որ 1930-ից Հայաստանում հրատարակվող «Ռյա-Թազա» պարբերականը, քրդերեն հեռարձակվող ռադիոհաղորդումը հայ ժողովրդի հետ պատմական ջերմ հարաբերությունների խոսուն օրինակներից են:
Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարությունը․ «Մերձավոր Արևելքը մեզ համար կարևոր տարածաշրջան է: Համոզված եմ, որ այս այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխշահավետ համագործակցությանը: Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արևելքի տարածաշրջանով, ինչպես նաև կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը»:
Նա տեղեկացրել է, որ 2021-ի փետրվարին այցելել է Իրաքի Հանրապետություն՝ մասնակցելու 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների վերահուղարկավորության ծեսին Բաղդադում և Սինջարում, Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի և գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ հանդիպումներ է ունեցել հոգևոր խորհրդի, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Սինջարի փախստականների եզդիների ճամբար: Նա ցավով արձանագրել է, որ շուրջ 8 տարի է անցել, սակայն եզդիները դեռևս փախստականների ճամբարում են և չեն կարողանում վերադառնալ հայրենի բնօրրան՝ Սինջար, կազմակերպելու իրենց բնականոն կյանքը: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հնարավորությունները պահպանելու ազգային դիմագիծը, կրոնը, մշակույթն ու ինքնությունը:
Արման Բաբաջանյանը նշել է, որ երկու պետությունների ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություններ: Արման Բաբաջանյանն ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը և խորհրդարանը դիտարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:
«Եթե մենք չենք դատապարտում Ցեղասպանությունը, մենք այսօր, ըստ էության, նոր ցեղասպանությունների համար դուռ ենք բացում և հնարավորություններ ստեղծում»,- նշել է նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրաքյան հարաբերությունները հարատևելու են տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու նպատակադրմամբ:
Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշել է, որ Իրաքն անցնում է բավականին դժվար շրջափուլ և կայունության անհրաժեշտություն ունի. «Կայունությունից հետո մենք կսկսենք նորովի վերակառուցել մեր երկիրը: Կվերանայվի մեր դերը միջազգային կառույցներում, կանդրադառնանք նաև պատմական դեպքերին: Լիահույս ենք, որ այս այցը նոր ազդակ կլինի հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման համար»:
comment.count (0)