1lurer.am: Մեր կատարած աշխատանքը բոլոր ժամանակների խորհրդարանների պատմության մեջ բացառիկ է, այսպիսի քննիչ հանձնաժողով և այսպիսի ծավալով աշխատանք ոչ մի անգամ չեն իրականացվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով խորհրդարանի փակ նիստում քննարկվող զեկույցին:
Նա նշեց, որ հավաքված նյութերը, ձայնագրությունները շատ արժեքավոր են, և այս պահին այդ գաղտնի փաստաթղթին կարող են ծանոթանալ միայն իրավասություն ունեցող անձինք և մարմինները: Քոչարյանի խոսքով՝ փակ նիստը ձայնագրվում է, և իր ելույթը չի կորչի, գուցե ինչ-որ ժամանակ հետո, ըստ նրա, գաղտնիության ռեժիմի հետ առնչություն չունեցող հատվածները հասանելի դառնան նաև հանրությանը: Հանձնաժողովի նախագահը վստահ է, որ եզրակացությունը հիմք կդառնա իրավապահ մարմինների համար այդ իրադարձությունների կապակցությամբ քրեաիրավական գնահատականներ տալու:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովը կարողացել է փաստագրել շատ հարցերի պատասխաններ, եղել են նաև հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն ստացել: «Ի՞նչ է խոսել Մոսկվայում Յուրի Խաչատուրովը, այդ հարցի պատասխանը դեռ գտնված չէ: Ես ամեն ինչ արեցի, որ ԳՇ նախկին պետը գա հանձնաժողով, բայց չստացվեց: Դա, կարծում եմ, մեր հիմնական բացթողումն է, նրա չգալու մեջ կա առեղծված: Բայց այդ հարցերի պատասխաններն անկասկած գտնվելու են»,- ընդգծեց նա:
Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է գտնել ամենակարևոր հարցի պատասխանը՝ կա՞ արդյոք կապ 2016-ի ռազմական գործողությունների և 2020-ի 44-օրյա պատերազմի միջև:
Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց, որ հանձնաժողովը մեկ տարի փորձել է հասկանալ 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները, և, ըստ նրա, դա հաջողվել է: «Սերժ Սարգսյանն ասում է՝ հաղթել է Իլհամ Ալիևին, բայց այդ հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի և դեմարկացիոն գծի խախտում՝ հօգուտ Ադրբեջանի, հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանը գործողություններ է իրականացրել, առավելություն ունեն՝ 20 դիրք: Հարց կառաջանա. ինչո՞ւ այն ժամանակ հրադադարը ստացվեց, վերջին պատերազմում՝ ոչ, այդ հարցերի պատասխանները դեռ պետք է ստանանք»,- նշեց նա՝ հավելելով, որ 2016-ից հետո հակաօդային պաշտպանության բնագավառում եղել են շտկումներ, բայց դա, ըստ նրա, բավարար չի եղել «օդը փակելու» համար:
Պատգամավորը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ուսումնասիրելու նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն, ըստ նրա, այն չպետք է տեղավորել քաղաքական առանցքի կամ դավադիրների փնտրտուքների մեջ: «44-օրյա պատերազմը բանակում անտարբերության, կոռուպցիայի և հովանավորչության հետևանք էր»,- ընդգծեց Քոչարյանը:
comment.count (0)