Ապրիլյան քառօրյա պատերազմ

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

 

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Բաղրամյան պողոտան |aravot.am|

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Բաղրամյան պողոտան |aravot.am|

aravot.am: Տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր իրենց բողոքի ցույցը շարունակում են նախագահի նստավայրի մոտ։ Մինչ այդ նրանք կառավարության շենքի մոտ էին, հանդիպում էին պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպման մերժումից հետո նրանք ցույցը շարունակում են Բաղրամյան 26-ում, հանդիպում են պահանջում նախագահի հետ։ Մի քանի ժամ նախագահականի մոտ հանդիպման սպասելուց հետո նրանք փակեցին Բաղրամյան պողոտան: «Իրենց ստի պատճառով որոշեցինք փակել փողոցը։ Ասում էին՝ հեսա կգան, հեսա կընդունեն, ու այդ հեսան երկու ժամ է, չի վերջանում։ Ինչ է, էսպե՞ս են հարց լուծում, էսքան ոստիկան են բերել, լցրել․․․Ցույցը շարունակելու ենք այնքան, մինչեւ մեկը բժժի էս արեւի տակ, ընկնի։ Ինչքան կարողանանք, այնքան փակ ենք պահելու փողոցը։ Հիմա իմ երեխան ավելի վատ վիճակում է, ո՞վ է մտածում նրա մասին»,-ասաց ծնողներից մեկը։ Ծնողները վրդովված են պաշտոնյաների անտարբերությունից, ասում են՝ բոլորն արհամարհում են իրենց։ Այս պահին պողոտան փակ է, ավտոմեքենաները շրջանցում են Բաղրամյան-Պռոշյան հատվածը։ Ավելի ուշ ծնողները բացեցին Բաղրամյան պողոտան․ նախագահականից նրանց խոստացան 1 շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել։ Ծնողների խոսքով՝ եթե հանդիպումը չկայանա, ավելի շատ ճանապարհներ են փակելու։Հիշեցնենք, ըստ հարուցված քրգործի, Էջմիածնի «քիմիկների» զորամասի զինծառայողները 2020-ի հոկտեմբերի 21-ին տեղափոխվել են Զանգելան։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Զանգելանի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, 5-ը՝ գերեվարվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։
15:00 - 19 հուլիսի, 2023
Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արայիկ Հարությունյան

Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր. Արայիկ Հարությունյան

Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը... Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի էջում։   «Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:   Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…»,- գրել է նա։   Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։   Նախագահ Հարությունյանին ուղեկցել են ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:
13:33 - 02 ապրիլի, 2023
«Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել»․ հանրապետության հրապարակում խաղաղ ակցիա տեղի ունեցավ

«Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել»․ հանրապետության հրապարակում խաղաղ ակցիա տեղի ունեցավ

Այսօր  Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների, պատերազմի մասնակիցների հարազատները խաղաղ ակցիա են իրականացրել՝ Քառօրյա պատերազմի օրվա խորհրդով։ Ակցիայի մասնակիցները նշում էին, որ դեմ են իշխանությունների վարած քաղաքականությունը։ «Այսօր ապրիլի 2-ն է՝ Քառօրյա պատերազմի հիշատակի տարելիցի օրը, և մենք՝ մայրերով, կոչ ենք հնչեցրել, որպեսզի շատերը միանան։ Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել, մենք ոչինչ չենք մոռացել և ուզում ենք ասել, որ մեր տղաների գործը՝ սկսած 90-ական թվականներից, բոլորս հիշելու ենք և ոչ մեկ թույլ չի տալու տղաների գործը չեզոքացնել, զրոյացնել։ Այսօր մեր իշխանությունները գնում են թուրքի 5 կետ ստորագրելու, և ոչ մեկ իրենց այդ իրավունքը չի տվել, որ հայի տեղը, հայի ժառանգի տեղ իրենք իրենց որոշումներ կայացնեն։ Մենք բոլորս ունենք մեր իրավունքները՝ որպես ՀՀ քաղաքացի, մենք դեմ ենք ստորագրածին, մենք դեմ ենք, որ այսօր Արցախը դարձնում են ադրբեջանական, մենք դեմ ենք, որ այսօր մեր բանակը չեն զինում, որ հայ զինվորին թողել են առանց թիկունք, պատերազմական երկրում մենք չունենք գենշտաբի պետ, հետախուզության պետ։ Ո՞նց կարելի էր այս օրով էսպես թուլացնել ու ոչնչացնել հայոց բանակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
17:41 - 02 ապրիլի, 2022
2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ. «6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։ 4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով․ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խոշտանգումներ, կանխամտածված սպանություններ և մարմինների անարգումներ ինչպես Արցախի Հանրապետության զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ 2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, այդ թվում նաև՝ ստուգելու միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային պարտավորությունների խախտման կապակցությամբ։ Այն փաստը, որ վերոհիշյալ ապօրինի գործողությունները Բաքվի համար որևէ լուրջ քաղաքական և իրավական հետևանքներ չունեցան, էլ ավելի ամրապնդեց Ադրբեջանի իշխանությունների վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է, և ուժը գերիշխում է միջազգային իրավունքի նկատմամբ։ Ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերազմը, այնպես էլ 2020 թ․ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան, չնայած տեղային բնույթին, իսկական փորձություն դարձան միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Ագրեսիվ պատերազմների սանձազերծման անպատժելիությունը հանգեցրեց միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների սասանման, ինչպիսիք են ուժի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը և այլն։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, շարունակում են խախտել իրենց պարտավորությունները և չեն դադարեցնում ագրեսիվ գործողությունները, մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը՝ առանց որևէ սահմանափակումների»:
10:41 - 02 ապրիլի, 2022
Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն- ազգանունների հրապարակումը |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը կարևորում է 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն- ազգանունների հրապարակումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտություն է տեսնում՝ ամողջությամբ հրապարակելու 2020 թվականին  44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները: Աբրահամյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի՝ զոհերի թվի վերաբերյալ հայտարարությանը: Ըստ պատգամավորի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարբեր ուժեր փորձել են ծանրացնել իրավիճակը, ներկայացվել է, թե կան 100-ից ավելի զոհեր: «Իրականության մեջ մենք քառօրյա պատերազմում ունեցել ենք 75 զոհ»,-ասաց Աբրահամյան՝ ընդգծելով, որ 2016-ի ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են:  Ըստ նրա՝  հիմա որևէ մեկը չի կարող արձանագրել, որ իր հարազատներից մեկը, որը զոհվել է 44-օրյա պատերազմում, արդյոք արտացոլվա՞ծ է ընդհանուր ցանկում, թե ոչ: «Սա է հիմնական պատճառը, որ ժամանակի ընթացքում զոհերի թվերի հետ կապված անընդհատ խնդիրներ են առաջացնում: Այս թեմայի հետ կապված վերջնական մենք արդյունք կունենանք այն ժամանակ, երբ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ կհրապարակվեն, և այդ ժամանակ արդեն բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,-ասաց պատգամավորը:
12:27 - 10 փետրվարի, 2022
Իմ հարցազրույցին հետևած քննարկումները՝ ԼՂ բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ. Նիկոլ Փաշինյան

Իմ հարցազրույցին հետևած քննարկումները՝ ԼՂ բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր հարցազրույցին հաջորդած քննարկումներին, որոնք պայմանավորված էին ԼՂՀ հարցի կարգավորման մասին իր հնչեցրած հայտարարություններով։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցին հետեւած քննարկումները՝ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ, որոնց արձանագրումը չափազանց կարեւոր է.1. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ արդեն որպես ժամանակակից Լեռնային Ղարաբաղի բնակչության մաս՝ արձանագրված է Մադրիդյան սկզբունքներում, որոնք հայկական կողմը դեռեւս 2007 թվականից ընդունել է որպես բանակցությունների հիմք: Բարեբախտաբար, թե դժբախտաբար չենք կարող ասել, թե Հայաստանի կամ Արցախի որեւէ քաղաքական գործիչ դրանից տեղյակ չի եղել, որովհետեւ Մադրիդյան սկզբունքները շատ վաղուց, դեռ իմ վարչապետ դառնալուց առաջ հրապարակված են համացանցում: Այստեղից հարց է ծագում, ինչու՞ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդվզել սրա դեմ:2. Հիշում եք, որ նոյեմբերի 9-ից հետո թեմա ծագեց, թե եղել է հնարավորություն 44-օրյա պատերազմը կանգնեցնել ԼՂԻՄ-ի ժամանակ Շուշիում բնակված ադրբեջանցիների եւ/կամ նրանց ընտանիքի անդամների՝ Շուշի վերադառնալու իրավունքը երաշխավորելու դիմաց: Այսօրվա նույն շրջանակները 2020-ի աշնանը ասում էին, թե Շուշին հայկական պահելու շանս է եղել եւ ես չեմ գնացել դրան, ինչին հակադարձեցի, թե ԼՂԻՄ-ում Շուշիի բնակչության 90 տոկոսը ադրբեջանցի է եղել, ո՞նց եք պատկերացնում 90 տոկոսով ադրբեջանցի բնակչությամբ հայկական բնակավայր: Էդ ժամանակ էլ ինձ մեղադրեցին, թե ասում եմ, թե Շուշին հայկական չէ: Հիմա այդ նույն մարդիկ ինչու՞ են նեղսրտած, երբ խոսվում է մինչեւ իմ վարչապետ դառնալը գոյություն ունեցած բանակցային բովանդակության մասին: 2020-ի աշնանը նրանք կողմ էին Շուշիում ապրած ադրբեջանցիների վերադարձին, հիմա դե՞մ: 2007-ին կողմ էին հիմա դե՞մ:3. Հիմա էլ անընդհատ կրկնում են, որ միայն Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարող է բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի ժողովրդին: Ո՞վ է վիճում: Սա իմ կարեւորագույն թեզերից մեկն է՝ 2018-ից ի վեր: Այլ հարց է ծագում. այդ նույն մարդիկ ինչու ծպտուն չէին հանում, երբ 1998 թվականին Ռ. Քոչարյանի ձեռամբ Արցախը հեռացվում էր բանակցային գործընթացից: Բայց հիմա էլ հանկարծ չմտածեք, թե նրանք ուզում են Արցախը բանակցային սեղան վերադարձնել, նրանք ուզում են Հայաստանը հեռացնել բանակցային սեղանից: Հազիվ առիթ է, մի գաղտնիք բացեմ: Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն ինձ մեղադրում են, թե ես վարչապետ դառնալուց հետո միջնորդներից պահանջել եմ ԼՂ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ինչով իբր վատացրել եմ մեր բանակցային վիճակը: Սերժ Սարգսյանը ինքն էլ 2016 թվականին միջնորդներից պահանջել է անմիջապես ԼՂ-ին ներգրավել բանակցային գործընթացի մեջ: Դրանո՞վ է վատացրել մեր բանակցային դիրքերը: Ի դեպ, այդ նույն ժամանակ Սերժ Սարգսյանը փորձել է հիմնավորել, որ Արցախի ապագա կարգավիճակի որոշման հարցին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները պետք է մասնակցեն այն նույն համամասնությամբ, ինչ համամասնությամբ ապրել են 1988 թվականին ԼՂԻՄ-ում: Ինչու՞ է սա արել, որովհետեւ հասկացել է, որ բանակցային բովանդակության տրամաբանությամբ այդ ենթադրվող հանրաքվեի պահին, որը կարող է տեղի ունենալ 100 տարի անց, ադրբեջանցիները ԼՂ-ում կարող են մեծամասնություն լինել: Իսկ կարողացե՞լ է լուծել այս խնդիրը: Իհարկե ոչ եւ այս է պատճառը, որ 2018-ի ապրիլին բարձրաձայնել է բանակցային գործընթացի անհույս վիճակի, կանգնած լինելու եւ վերահաս պատերազմի մասին:4. Մեր իրականության մեջ հայտնի շրջանակների պրոպագանդան մի թյուրիմացություն է ներարկել, թե «ԼՂ վերջնական կարգավիճակ», «ինքնորոշում» տերմինները անպայմանորեն նշանակում է ԼՂ անկախություն: Սա իհարկե այդպես չէ, որովհետեւ ինքնավար մարզն էլ է կարգավիճակ, շրջանն էլ է կարգավիճակ, անկախությունն էլ է կարգավիճակ: Իմ ժառանգած բանակցային բովանդակությունը հստակեցնու՞մ է այս հարցերը, հստակեցնու՞մ է, թե կարգավիճակ ասելով ինչ է նկատի առնվում: Իհարկե ոչ: Հայկական կողմը միշտ հպարտացել է այն դրույթով, թե ԼՂ կարգավիճակի ճշգրտման պոտենցիալ հանրաքվեի դրվող հարցը կամ հարցերը չպիտի ունենան ձեւակերպման որեւէ սահմանափակում եւ կարող են ենթադրել ցանկացած կարգավիճակ: Ցանկացած կարգավիճակ, այո, կարող է նշանակել անկախություն, բայց ցանկացած կարգավիճակ կարող է նշանակել նաեւ մարզ՝ Ադրբեջանի կազմում: Եթե սրան գումարենք այն, որ բանակցային բովանդակությունը չի կոնկրետացնում, թե հանրաքվեն ո՞ր տարածքում պետք է տեղի ունենա, չի կոնկրետացնում, թե ո՞վ պետք է ձեւակերպի հանրաքվեի դրվող հարցը, ստացվում է, որ ըստ իմ ժառանգած բանակցային բովանդակության, հանրաքվեի կարող էր դրվել նաեւ հետեւյալ հարցը՝ համաձա՞յն եք, որ ԼՂ-ն լինի ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: Բանակցային բովանդակությունը չի պարզաբանում նաեւ, թե եթե մարդիկ քվեարկում են «ոչ», ի՞նչ է դա նշանակում. անկախությու՞ն, թե 0 կարգավիճակ:Ի դեպ, քննարկումների ծիրում կա նաեւ մի շատ լեգիտիմ հարց: Ի՞նչ նպատակ ունի հիմա խոսել բանակցային բովանդակության մեջ ԼՂ ադրբեջանական բնակչությանը վերաբերող դրույթների մասին: Նպատակը մեկն է՝ պաշտպանել 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված արցախցիների՝ Արցախում հայկական իրավազորության ներքո բնակվելու իրավունքը: Բայց սա բանակցային մարտավարության հարց է եւ հետագա քննարկումների խնդիր»:
09:24 - 27 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը |civilnet.am|

Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը |civilnet.am|

Հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան civilnet.am: Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների նախօրոք ուղարկած հարցերին: Այս ասուլիսի ընթացքում ևս Ղարաբաղյան հակամարտության թեման առանցքայիններից էր: Փաշինյանը այս համատեքստում հերթական անգամ կատարեց մի շարք պնդումներ, որոնք խիստ խնդրահարույց են և մեծ հաշվով ամբողջովին համապատասխանում են ադրբեջանական քարոզչամեքենայի վերջին տասնամյակներին մշակած թեզերին: Փաշինյանն ու նրա թիմակիցները հետպատերազմյան փուլում 44-օրյա պատերազմում հայկական կողմի աղետալի պարտության մեջ պատասխանատվության սեփական բաժինը նվազեցնելու համար փորձում են հանրության շրջանում տարածել այն թեզը, թե Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված էր, և հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը ի զորու չէր ոչինչ փոխել հօգուտ հայկական կողմի: Այս գործընթացում իշխող թիմը պարբերաբար օգտագործում է բանակցային փաստաթղթերի տարբեր կետերի շուրջ ադրբեջանական հայտնի շահարկումներն ու մեկնաբանությունները: Այսպես, դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, մեկնաբանելով ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտնի բանակցային դրույթը, նշեց․ «Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք։ Չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»: Սա ակնհայտ մանիպուլյացիա էր ՀՀ վարչապետի կողմից, քանի որ թե՛ մադրիդյան, թե՛ կազանյան փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է ԼՂ բնակչության պլեբիսցիտի (ազատ կամարտահայտության) միջոցով: Իսկ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»: Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսի ընթացքում այս շատ հստակ ձևակերպումները, որոնք նունիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է այլ կերպ ընկալել, որակեց որպես հայկական մեկնաբանություն և նշեց, թե հայկական այս մեկնաբանությամբ հանրաքվեն տեղի չէր ունենա երբեք: Ընդհանրապես, ասուլիսի այդ հատվածում Փաշինյանի հնչեցրած մտքերը կրկին ի ցույց դրեցին մի պարզ իրողություն, որը մինչ այդ էլ էր ակնհայտ՝ ՀՀ ներկայիս իշխող թիմի կազմում չկան գործիչներ, որոնք ի վիճակի են ընկալել բանակցային փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ու բանակցային գործընթացի հետ առնչություն ունեցող կարևոր հանգամանքները: Առանցքային հարցերի շուրջ բազային գիտելիքների բացակայության ու սեփական նեղ խմբակային շահի պաշտպանության համար բոլոր հարցերում մանիպուլյացիաներ անելու պատրաստակամության արդյունքում Փաշինյանը պարբերաբար կատարում է պնդումներ, որոնք աստիճանաբար թուլացնում կամ նույնիսկ անէացնում են ՀՀ տարբեր դիրքորոշումներ Արցախյան հիմնահարցում: ՀՀ վարչապետի մոտ անտեղյակության ու մանիպուլյացիաների նկատմամբ հակվածության այս հետաքրքիր սիմբիոզը ասուլիսի ընթացքում առանձնապես ցցուն էր, երբ նա պատասխանում էր ՍիվիլՆեթի հարցին: Հարցը հետևյալն էր․ «1992-ից ից ի վեր միջնորդների առաջարկած կարգավորման բոլոր պլանները ընդունել են նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես քաղաքական միավորի սահմանները։ 2020-ի պատերազմում այդ սահմանները էապես խախտվել են։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը ունի՞ պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները։ Եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, Հայաստանը արդյոք բարձրացնելո՞ւ է Շուշիի և հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը»։ Նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերաբերյալ այս շատ ընկալելի հարցին Փաշինյանն իր պատասխանը հնչեցրեց Լեռնային Ղարաբաղի հայկական լինելու կամ չլինելու շուրջ տեսական, անբովանդակ ու բավականին երկարատև մտատանջանքների տեսքով: Նա մասնավորապես նշեց, որ ԼՂԻՄ-ը բանակցային գործընթացում երբեք չի դիտարկվել որպես զուտ ու միայն հայկական միավորում, որովհետև ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային օրակարգի մեջ: Շարունակելով միտքը՝ նա կատարեց բոլորի համար ակնհայտ ու հայտնի փաստի «բացահայտում»՝ նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը ևս մասնակցելու էր ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեին: Այս հանրածանոթ փաստի արձանագրումից հետո պարադոքսալ եզրահանգում արեց՝ «եթե ԼՂ ադրբեջանական բնակչությունը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ուրեմն այն ունի նաև Լեռնային Ղարաբաղից ինքնորոշվելու իրավունք»: Սա Փաշինյանի մտավոր աճպարարության հերթական վառ օրինակն է, որ որևէ աղերս չունի իրականության հետ: Վերջին երեսուն տարվա ընթացքում որևէ բանակցային փաստաթղթում նման դրույթ չի եղել: Ասուլիսի ընթացքում այս համատեքստում Փաշինյանի մեկ այլ «բացահայտումը» այն էր, որ բանակցային փաստաթղթերով նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնար Լեռնային Ղարաբաղ: ՀՀ վարչապետի այս միտքը բացատրում է նրա կողմից նախկինում արված մի շարք հայտարարություններ ու ընդունված որոշումներ: Փաշինյանը, փաստորեն, տարբերություն չի տեսնում որևէ բնակավայր ադրբեջանական բնակչության վերադարձի ու այդ բնակավայրի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատվելու միջև: Դա է պատճառը, որ Փաշինյանը հայտարարում էր՝ մինչ պատերազմը բանակցային փաստաթղթերով նախատեսվում էր Շուշիի հանձնումը Ադրբեջանին: Դա է նաև պատճառը, որ 2020-ի հոկտեմբերի 20-ին նա հրաժարվեց ստորագրել զինադադարի վերաբերյալ հայտարարությունը: Փաշինյանի պնդումը 2016-ին ներկայացված կարգավորման պլանի մասին Փաշինյանն իր ասուլիսի՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հատվածում մեկ այլ պնդում կատարեց, որը ևս արժանի է ուշադրության: Նշեց, որ 2016-ին բանակցային սեղանին դրվել է առաջարկությունների երեք փաթեթ, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին նախադասություն ներառված չի եղել: Փոխարենը, ըստ Փաշինյանի, այդ փաստաթղթով ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ էլ որոշում պիտի կայացվեր այդ ժամանակավոր կարգավիճակի իրավական և գործնական կիրառման նրբությունների վերաբերյալ: Նա եզրահանգում է, որ ՄԱԿ-ի Անվտանգութան խորհուրդը ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցով կանխատեսելի լուծում կկայացներ, քանի որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 1993-ին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերից երկուսում Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի մաս: Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:39 - 25 դեկտեմբերի, 2021
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին հաջողվել է պարզել 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովին հաջողվել է պարզել 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Մեր կատարած աշխատանքը բոլոր ժամանակների խորհրդարանների պատմության մեջ բացառիկ է, այսպիսի քննիչ հանձնաժողով և այսպիսի ծավալով աշխատանք ոչ մի անգամ չեն իրականացվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով խորհրդարանի փակ նիստում քննարկվող զեկույցին:  Նա նշեց, որ հավաքված նյութերը, ձայնագրությունները շատ արժեքավոր են, և այս պահին այդ գաղտնի փաստաթղթին կարող են ծանոթանալ միայն իրավասություն ունեցող անձինք և մարմինները: Քոչարյանի խոսքով՝ փակ նիստը ձայնագրվում է, և իր ելույթը չի կորչի, գուցե ինչ-որ ժամանակ հետո, ըստ նրա, գաղտնիության ռեժիմի հետ առնչություն չունեցող հատվածները հասանելի դառնան նաև հանրությանը: Հանձնաժողովի նախագահը վստահ է, որ եզրակացությունը հիմք կդառնա իրավապահ մարմինների համար այդ իրադարձությունների կապակցությամբ քրեաիրավական գնահատականներ տալու:  Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողովը կարողացել է փաստագրել շատ հարցերի պատասխաններ, եղել են նաև հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն ստացել: «Ի՞նչ է խոսել Մոսկվայում Յուրի Խաչատուրովը, այդ հարցի պատասխանը դեռ գտնված չէ: Ես ամեն ինչ արեցի, որ ԳՇ նախկին պետը գա հանձնաժողով, բայց չստացվեց: Դա, կարծում եմ,  մեր հիմնական բացթողումն է, նրա չգալու մեջ կա առեղծված: Բայց այդ հարցերի պատասխաններն անկասկած գտնվելու են»,- ընդգծեց նա:  Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է գտնել ամենակարևոր հարցի պատասխանը՝ կա՞ արդյոք կապ 2016-ի ռազմական գործողությունների և 2020-ի 44-օրյա պատերազմի միջև:      Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց, որ հանձնաժողովը մեկ տարի փորձել է հասկանալ 2016-ի ռազմական գործողությունների ձախողումների և բացթողումների պատճառները, և, ըստ նրա, դա հաջողվել է: «Սերժ Սարգսյանն ասում է՝ հաղթել է Իլհամ Ալիևին, բայց այդ հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 94-ի զինադադարի պայմանագրի և դեմարկացիոն գծի խախտում՝ հօգուտ Ադրբեջանի, հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ: Այն դիրքերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանը գործողություններ է իրականացրել, առավելություն ունեն՝ 20 դիրք: Հարց կառաջանա. ինչո՞ւ այն ժամանակ հրադադարը ստացվեց, վերջին պատերազմում՝ ոչ, այդ հարցերի պատասխանները դեռ պետք է ստանանք»,- նշեց նա՝ հավելելով, որ 2016-ից հետո հակաօդային պաշտպանության բնագավառում եղել են շտկումներ, բայց դա, ըստ նրա, բավարար չի եղել «օդը փակելու» համար:  Պատգամավորը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ուսումնասիրելու նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները, սակայն, ըստ նրա, այն չպետք է տեղավորել քաղաքական առանցքի կամ դավադիրների փնտրտուքների մեջ: «44-օրյա պատերազմը բանակում անտարբերության, կոռուպցիայի և հովանավորչության հետևանք էր»,- ընդգծեց Քոչարյանը: 
12:48 - 05 մայիսի, 2021