Մենք կարող ենք ղեկավարել շարժումը, որովհետև անկախության, պետականության արժեքը մեզնից լավ ոչ ոք չգիտի. Արամ Մանուկյան
16:15 - 16 մայիսի, 2021

Մենք կարող ենք ղեկավարել շարժումը, որովհետև անկախության, պետականության արժեքը մեզնից լավ ոչ ոք չգիտի. Արամ Մանուկյան

Ցավոք, 1998-ից սկսվեց հակահեղափոխությունը, հայ քաղաքական միտքը սկսեց դեգերել հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, սկսեց կրկին մեղավորներ փնտրել դրսում, հայ քաղաքական միքտը և այսօր նաև քաղաքացին Հայաստանի փրկությունը փնտրում են իրենցից դուրս, քաղաքական ուժերը մրցակցում են՝ ով կարող է ավելի շատ ռուսամետ լինել կամ ռուսներին հայհոյել։

Այս մասին այսօր «Հայ Ազգային Կոնգրեսի» համագումարի ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ապա ավելացրեց, որ ստորաքարշության և սեփական եսը մերժելու այս շքերթը դեգրադացնում է Հայաստանի քաղաքացուն, սպանում նրա մեջ քաղաքացու բարձր պատասխանատվության ու արժանապատվության զգացումը։


«Համավարակի վնասները, անգամ մեր մեծաթիվ կորուստներն այնքան վտանգավոր չեն, որքան վտանգավոր է այն վիրուսը, որի արդյունքում քաղաքացին օտարվում է պետության մաս կազմելու, պետությանը տեր կանգնելու իր իրավունքից ու պարտավորությունից։ Այսօրվա մեր հրամայականն է կանգնեցնել այս ընթացքը՝ քաղաքացու՝ Հայաստանի պաշտպանի, տիրոջ ոչնչացումը»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ Հայ Ազգային կոնգրեսն իշխանություն չի ուզում և երախտապարտ կլինի բոլոր նրանց, ովքեր իշխանության են և պահպանում են Հայաստանի անկախությունն ու ազատականությունը, տեր են կանգնում դրանց։

«Ցանկացած եկող-գնացող իշխանություն պետք է ունենա նվազագույն պարտադիր մի առաքելություն․ նա պետք է հավատարիմ շան նման պահպանի երկրի պետականությունը, մնացյալ պարտականություններն ածանցյալներ են»,- ասաց Արամ Մանուկյանը և հավելեց․ «Ցավոք, այս իշխանություններն արդեն ձախողվել են ու փորձանք են դարձել վերը նշված խնդիրները լուծելու համար։ Նրանք պետք է հեռանան, և պետք է բացառվի նաև ռևանշիստների վերադարձը»։


Նա նշեց, որ եթե Կոնգրեսը կարողանա քաղաքացիների միջից հանել վախը՝ իշխանությունների կողմից սարքած՝ նախկին իշխանությունների խրտվիլակից, ապա կունենանք հաջողություն։

«Սա է այսօրվա քաղաքական անելիքը։ Եվ ո՞վ կարող է անել դա, իհարկե, Կոնգրեսը՝ ժողովրդական լայն աջակցությունների պարտադիր գոյության պայմաններում։
Մենք կարող ենք ղեկավարել այդ շարժումը, որովհետև անկախության գինը, պետականության գինն ու արժեքը մեզնից լավ ոչ ոք չգիտի ու չի պատկերացնում, որովհետև մենք կյանք ենք դրել պետականությունը կայացնելու համար, և մեր ապրելու իմաստը եղել է ազատ, անկախ Հայաստանը կառուցելը։ Որովհետև մենք իրադարձություններին նայում ենք սթափ աչքերով, որովհետև ցանկությունները մեզ համար հիմք չեն, եթե կան հաշվարկներ ու սառը դատողություններ, որովհետև, ցավոք սրտի, չկա ուրիշ ուժ, որ կարող է անել այս ամենը։ Եվ մենք պետք է ու պարտավոր ենք դա անել, որովհետև այս երկրում կան բազմաթիվ ազատ-անկախ քաղաքացիներ, որոնք դրա կարիքն ունեն, որոնք այլընտրանքի կարիք ունեն»,- եզրափակեց ՀԱԿ փոխնախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել