ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 4] Թոշակից Չեբուռաշկա, անհնազանդության օրինակներ
18:15 - 03 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 4] Թոշակից Չեբուռաշկա, անհնազանդության օրինակներ

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 3] Խառը կանաչի․ Նախիջևանը գրավել ցանկացողներից մինչև ֆեմինիստներ

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Արմեն Գալջյան] Հերթական ցուրտ գիշերն էր` չնայած Ջաջուռին չէր հասնի: Նախաճաշի ընթացքում միտք ծնվեց Սերժի երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնում չհավակնելու մասին հայտարարությունը իմպրովիզի ենթարկել: Շրջան կազմեցինք, ուղիղ եթեր մտանք և սկսեցինք. Նիկոլը կարդում էր, մենք կրկնում էինք, իսկ Արարատը վերջում տարբեր ելևէջներ էր հաղորդում այդ ամենին, որն ամենազվարճալի հատվածն էր այդ իմպրովիզի։ Սա պատմելով հնարավոր չէ պատկերացնել, պետք է տեսանյութը դիտել:

[Վահան Կոստանյան] Չորրորդ օրն իմ ամենասպասված ակցիաներից մեկը տեղի ունեցավ։ Առավոտյան ճամբարում կարդում-երգում-իսպալնյատ էին անում Սերժ Սարգսյանի անհավակնոտ հայտարարությունը։ Էս գաղափարը ծնվել էր դեռևս քայլարշավից առաջ, բայց շատ ավելի լավ ստացվեց, քան պլանավորվում էր։ Տնկեցին Հայրենադարձության ծառը և սկսեցին քայլել։

Աշխատանքային օրվա պատճառով քայլողների թիվը մեծ չէր։ Ես իմ վանդակում շարունակում էի անել իմ մոնիթորինգը և պահել կապը ճամբարի ժողովրդի հետ։

[Արմեն Գալջյան] Օրը սկսել էր անձրևով և այդպես էլ շարունակվեց մինչև ուշ գիշեր: Տնկեցինք հայրենադարձության ծառը և սկեցինք քայլել անձրևի տակ՝ դեպի Վանաձոր:

[Թագուհի Ղազարյան] #ՄերժիրՍերժին նախաձեռնությանը հարկավոր են կամավորներ` ինչ-որ ակցիայի կազմակերպչական աշխատանքների համար: Գիտեմ, որ ինձ երբեք չեմ ներելու տանը նստած լինելուս համար: Չնայած երեկվա հուսահատեցնելու չափ տխուր հավաքին` այնուամենայնիվ գնում եմ:

#ՄերժիրՍերժին-ը, ընդհանրապես, իր կազմավորման օրվանից՝ 2018 թ. մարտի 1-ից, իր առաջ նպատակային ինտերվալ է սահմանել․ ինտերվալի ներքևի շեմում սահմանված է Սերժի տոնը փչացնելու նպատակը, վերին շեմում՝ հեղափոխությունը:

[Անի Վարդանյան] Ֆեյսբուքս ջնջել էի։ «Ռեստարտի» էջով մի փոքր քայլարշավի ուղիղ եթերը նայելուց հետո վեր կացա, որ, սովորության համաձայն, քննությունից չուշանամ։

[Սոնա Մնացականյան] Համալսարանում դաս ունեմ, բայց հեչ հավես չունեմ։ Հոդվածիս վրա եմ դեռ աշխատում․ Վահրամն ու Թագուհին կարդացել, դիտարկումներ են արել, դրանք պիտի նայեմ։ Թագուհու համար էլի գործ եմ փնտրում․ թանգարանից դուրս ա եկել ու խելքը տվել ինչ-որ ակցիաների։ Մի քանի բան գտա, ուղարկեցի, բայց ոնց որ չի ուզում։ Կարելի ա Գեմոյին ասել, գրականության մասին նոր շարք էին ուզում սկսել Բուն TV-ում, թող Թագուհուն նկատի ունենան։

[Վահան Կոստանյան] Օրվա ընթացքում դուրս եկա գործերով քայլելու ու Սարյանի վրա Արմենին ու Դավիթին հանդիպեցի, մի բաժակ գինու շուրջ քննարկեցինք սպասվող պլանները, ահագին սառույց կոտրվեց մեջներս, ու Արմենը առաջարկեց միանալ իրենց քննարկմանը, որտեղ պլանավորելու էին հետագա գործողությունները։

Ես, Արմենը, Արենը, Գարուշը քննարկում էինք՝ ոնց կարելի ա ակտիվացնել Երևանը։ Թոշակ հավաքելու մտքից էնքան սյուռվեցինք, որ հասանք Չիբուռաշկային։ Սկզբից մտածում էին, որ Չեբուռաշկան թոշակը հավաքած Բ26-ի մոտից ֆռֆռալով կիջնի Օպերա։ Էս ամենն ավարտվեց Արենի՝ դարակազմիկ ֆալոցենտրիկ ելույթով՝ Չիբուռաշկայի շորերով, որը վերցնելուց չէին զգուշացրել դրա օգտագործման նպատակը, ու վարձով տվողն էլ, ով սայուզի մասշտաբով միակ Չեբուռաշկայի տերն էր, ահագին պրոբլեմներ ունեցավ։ Երեկոյի մասին, կներեք, չեմ հիշում։

[Թագուհի Ղազարյան] Քննարկումը «Հոդված 3» ակումբում է: Նախաձեռնությունը ակցիա է մտածել` Սերժի համար պիտի թոշակ հավաքենք 10 և 20 դրամանոց մանրադրամներով, հետո էլ նախագահության վերջին օրը՝ ապրիլի 9-ը տոնենք:

Շահենն է էստեղ: Շահենը մտածում է, որ անլուրջ են պայքարի էս մեթոդները: Ես չգիտեմ` համաձայն եմ Շահենի հետ, թե չէ: Ասում է՝ էս ի՞նչ եք անում, ժողովուրդ: Մեզ պետք են կրակոտ աչքերով տասնհինգ երիտասարդ, մահապարտ, որ գնանք ու ոչնչացնենք դրանց: Սա անլուրջ է, ասում է, սրանցից էս անլուրջ ձևերով պրծում չկա:

Արմենը փորձում է բացատրել, որ հարցերին հումորով վերաբերելը օգնելու է մարդկանց ներգրավել, որ այնտեղ, որտեղ կոշտ մեթոդներ կտեսնեն, նույնիսկ մեզ հետ համակարծիք մարդիկ կզգուշանան, կվախենան իրենք էլ մասնակից լինել, բայց եթե տեսնեն, որ սա ինչ-որ տեղ նույնիսկ ժամանցային միջոցառում է հիշեցնում, իրենք էլ կմիանան ու չեն վախենա: Բացի այդ դա պարալիզացնելու է ռեժիմի տրամաբանությունը:

Վեճը մի քիչ տաքանում է: Շահենը դուրս է գալիս, ես իր հետևից գնում եմ, խոսում ենք, վերադառնում: Լավ, ասում է, ես ձեզ հետ ընդհանրապես համամիտ չեմ: Բայց դա բնավ պատճառ չէ, որ ես չմիանամ ձեր ակցիաներին: Ես միանալու եմ բոլոր էն ակցիաներին, որոնք էս ռեժիմի դեմ են: Բայց իմացեք, որ ես ձեր էս մեթոդների հետ, միևնույն է, համամիտ չեմ: Որոշվում են դրամահավաքի օրը, տեղը, ժամը, տոնակատարության ատրիբուտներն ու մանրամասները:

[Անի Վարդանյան] Քննությունը հանձնելուց հետո էլի գրադարանում շարունակում էի հաջորդ օրվա քննությունը պարապել։ Միաժամանակ «Ռեստարտի» գրադարանի գրքերն էի տալիս ընթերցողներին կամ արդեն հետ վերցնում։ Օրը բնականոն էր։ Արտառոց իրադարձություն չկար։ Քաղաքական իրադարձություններից անտեղյակ էի։

[Արմեն Գալջյան] Ճանպարհին մեզ միացան Երևանից եկած քաղաքացիական ակտիվիստներ: Երբ մտանք Վանաձոր քաղաք, չգիտեինք՝ այդ անձրևին որտեղ ճամբար խփել: Քաղաքի սկզբում մի խոտածածկ տեղ կար, բոլորն առաջարկում էին մնալ այդտեղ, բայց ես ու Արարատը որոշեցինք, որ պետք է մի փոքր էլ առաջանալ և գտնել ավելի լավ և ապահով տեղ, քանի որ մտածում էինք, որ այդ անձրևին հնարավոր չէ գիշերել դրսում․ վրանները, ամեն ինչ կթրջվի, և սկսեցինք առաջանալ։ Գտանք մի երկհարկանի կիսակառույց շենք՝ մի փոքր կեղտոտ էր։ Միանգամից պատկերացրինք՝ ասելով «կավլենք, ցելոֆաններով կփակենք բաց տեղերը» և էլի նման հավես բաներ, ու գնացինք մեր ընկերներին տեղեկացրինք և բոլորով եկանք այդ կիսակառույցը: Քիչ հետո եկավ մի տեղացի, ով մեզ տաք-տաք քյաբաբներ էր բերել։

[Միքայել Նահապետյան] Նախորդ օրը Սուրենը Նիկոլին էր ուղարկել օտար երկրների՝ ոչ բռնի անհնազանդության հաջողված օրինակների տեխնոլոգիաների պատմությունը։ Լենան զանգել էր, ասել, որ Նիկոլին դա հետաքրքրել ա, ու ուզում ա հանդիպի։ Ըստ այդմ՝ ճանապարհին ենք։ Մենք ու արշավողները միաժամանակ հասանք Կիրովական։

Անաստված ցուրտ ու ձնախառն անձրևոտ եղանակ։ Մի շենքում, որ էդպես էլ չիմացանք, վերջը, Վահրամ Բաղդասարյանինն էր, թե չէ, ջերմամեկուսացում արեցինք ու վառարան դրեցինք, բացեցինք վրաններն ու, քանի որ մեջներս մի քանի դեպուտատ կար, անցանք քյաբաբ ուտելու բուն արարողությանը))):

[Արմեն Գալջյան] Հավեսով կերանք և խնդրեցինք, որ մեզ համար նաև վառարան գտնի: Զանգեց իր ծանոթներից մեկին, և մի 20 րոպե հետո վառարանն արդեն տեղում էր: Միշտ հաճելի է անծանոթ վայրում հանդիպել մի տեղացու, ով շատ արագ նման հարցերն անշահախնդիր կերպով կկազմակերպի: Բերեց վառարանը, կարտոֆիլները կտրտեցինք, շարեցինք վրան և պլեճ սարքեցինք․ դա դարձավ մեր ամենօրյա ուտեստը: Այդ վառարանը մեզ հետ եկավ մինչև Երևան՝ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նույնպես պլեճ ենք կերել:

[Սոնա Մնացականյան] Երեկոյան Ազգագրության ինստիտուտում Բանավոր պատմության խմբով քննարկում ունենք։ Որոշում եմ Ամերիկյանից ոտքով իջնել։ Քննարկումը հետաքրքիր ա անցնում։ Ինչպես միշտ, էնքան երկար ենք մնում, որ ասած Աշխենին՝ հաջորդ օրն ենք տուն հասնում :) 

Տաքսիով տուն եմ գնում։ Տաքսու վարորդը խոսքի ա բռնվում հետս, Նիկոլենց քայլարշավից ա հարցնում, ոգևորված ա ոնց որ, ասում եմ՝ չեմ հետևում, պարսիկների մասին ինչ-որ վատ բան ա ասում, ես չորում եմ, հույսը կտրած՝ բարձր երաժշտություն ա միացնում, էլ ձեն չեմ հանում, հասնում եմ տուն։

[Միքայել Նահապետյան] Մինչև Սուրենն ու Նիկոլը զրուցում են, ես ու Ավինյանը տեխնոլոգիաներ ենք քննարկում. Էն, ինչ մի քանի օր առաջ Վահանի հետ քննարկել էինք ՔՊ գրասենյակում։ Խնդրում է կետ առ կետ տելեգրամով ուղարկել (հատուկ ծառայությունները Տելեգրամի վրա հսկողություն չունեն)։ Փոխանակվում ենք հեռախոսահամարներով ու բաժանվում:

Հետդարձի ճանապարհին Սուրենը պատմում է Նիկոլի հետի խոսակցությունը։ Ասում եմ՝ հիմա էս պրոցեսում որտեղ կանգ առա՞նք։ Ասում է. պիտի գտնենք էն «զացեպկան», որի վրա իրավական վեճը կհարուցվի։ Մինչև կեսգիշեր Շարմազանովը ստեղծեց էդ առիթը․․․

[Արմեն Գալջյան] Չնայած անձրև էր, բայց դա եղավ մեր ամենատաք գիշերներից մեկն այդ 14 օրերի ընթացքում:

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 5] Մարուքյանն էլ «գինն» ա խոսում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել