Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում |armenpress.am|
13:10 - 21 մայիսի, 2021

Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:

 «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ էության, ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենզավորման ենթակա է դառնում:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: Սակայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություն կարվի, և ցեմենտի տոննայի համար կսահմանվի 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկեց փոփոխված տարբերակը դնել քննարկման և քվեարկության:

Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց՝ մտահոգություններ են հնչում, թե վերջին օրերին ցեմենտի դեֆիցիտ է առաջացել, հետաքրքրվեց պատճառներով: 

Քերոբյանը պատասխանեց. «Խնդիրն առաջացել է Արարատի ցեմենտի գործարանում: Աղացներից մեկը փչացել էր, ինչի պատճառով գործարանը 2 օր չի աշխատել: Բայց հիմա խնդիրն ամբողջությամբ կարգավորված է»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել