ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ եւ Էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթը կարճվել է։
Տեղեկությունը Ինֆոքոմի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով․ «Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»։
Մասնավորապես՝ 2024 թվականի մայիսի 17-ին առևտրային կազմակերպության աշխատակից Լ․ Մ․-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով: 2024 թվականի մայիսի 20-ին առևտրային կազմակերպության աշխատակից Ա․Գ․-ի (Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյան) նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով: 2024 թվականի մայիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ս.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
2024 թվականի մայիսի 27-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ի.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով: 2024 թվականի մայիսի 29-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ս.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:
Բացի այդ, 2024 թվականի մայիսի 20-ին Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով»:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
comment.count (0)