Քեշբեք, չհարկվող շեմ. եկամատային հարկի ինչ գաղափարներ է առաջարկում ԱԺ տնտեսական բլոկը |hetq.am|
08:14 - 04 ապրիլի, 2019

Քեշբեք, չհարկվող շեմ. եկամատային հարկի ինչ գաղափարներ է առաջարկում ԱԺ տնտեսական բլոկը |hetq.am|

hetq.am: Կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթում առավել քննարկվող թեման եկամտային հարկի համահարթեցման առաջարկն է՝ 23% բոլորի համար ներկայիս պրոգրեսիվ համակարգի փոխարեն։   Այս նախագիծը օրեր առաջ հանձնվել է նաև Ազգային ժողովի դատին։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է քննարկել եկամտային հարկի փոփոխությունների ևս երկու գաղափար, որոնք առայժմ օրենսդրական նախաձեռնություն  չեն և միայն գաղափարի տեսքով են։ «Հետք»-ը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ զրույցում փորձել է հասկանալ, թե ինչ գաղափարների մասին է խոսքը և որոնք են դրանց դրական ու բացասական կողմերը։

- Պրն Թունյան, եկամտային հարկի վերաբերյալ ի՞նչ այլընտրանքային մտքեր կան, և ինչո՞վ են դրանք տարբերվում Կառավարության ներկայացրած նախագծում եղած տարբերակից։

- Կառավարությունը նախագծում ներկայացրել է եկամտային հարկը համարաթ դարձնելու տարբերակը, իսկ սրանք այն գաղափարներն են, որոնք շրջանառվում են և ընդամենը գաղափարի տեսքով են։ Դրանք ներկայացվել են այս ընթացքում տարբեր տնտեսագետների հետ քննարկումների ու շփումների արդյունքում։ Եթե ինչ-որ գաղափար կա, պետք է այն հրապարակայնացնել, քննարկել ու հասկանալ՝ որն է ավելի ձեռնտու։  Կառավարությունն առաջարկում է եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից անցնել համահարթի, որի արդյունքում բարձր աշխատավարձ ստացողների եկամտային հարկի բեռը նվազում է։ Սա, բնականաբար, ավելի ցածր վարձատրվողների շրջանում սոցիալական անարդարության զգացում է առաջացնում։ Հատկապես, որ եկմատային հարկի համահարթեցման արդյունքում առաջանում է բյուջեի կորուստ, որը առաջարկվում է փոխհատուցել այլ հարկերի որոշակի բարձրացման հաշվին։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ վերջին  ելույթներում վարչապետը նշեց գույքահարկի փոփոխությունների մասին և մեր վերջին երկու ամսվա քննարկումների ընթացքում միշտ շեշտվել է, որ եկամտային հարկն ու գույքահարկը պետք է միաժամանակ ուժի մեջ մտնեն։ Դա նշանակում է, որ մենք նախ ունենալու ենք գույքահարկի բազայի ճշգրտում, որովհետև այսօր այն իրականությունից շեղված է։ Ճշգրտման արդյունքում գույքահարկի բազան կմեծանա, որը կբերի գույքահարկի գծով հարկերի ավելացման։ Դա թույլ կտա եկամտային հարկի կորուստը փոխարինել գույքահարկի գծով ավելացող հարկերով։ Մյուս կողմից էլ՝ կվերականգնվի սոցիալական արդարության սկզբունքը։ Այսինքն՝ մենք բարձր աշխատավարձ ստացողների եկամտային հարկը կնվազեցնենք, բայց կհարկենք հարստությունը։ Սրա համար աշխատանք ու ժամանակ է պահանջվում։ Մոտավոր  հաշվարկ կա, որ հնարավոր է գույքահարկի գծով հարկերի արդյունքում 20 մլրդ դրամի չափով բյուջեի մուտքերի աճ ապահովել։ Սա մյուս կողմից էլ նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, որովհետև գույքահարկերը ուղղվում են համայնքային բյուջեներ։ Սա այն տարբերակն է, որն առաջարկում է Կառավարությունը։
Իսկ այն  գաղափարը, որը մենք ենք առաջարկում քննարկել, ենթադրում է բարձր աշխատավարձ ստացողների համար ավելի ցածր դրույքաչափով հարկվելու հնարավորություն՝ ընդհուպ մինչև 23%-ով, բայց ոչ թե իրենց համար դրույքաչափը պարզապես նվազեցնում ենք, այլ՝ իրենց հնարավորություն ենք տալիս կամավոր լրացնել եկամուտների հայտարարագիր և դրանում նշված ծախսերի մասով հարկերը նվազեցնել։ Գործելու է քեշբեքի եղանակով։ Այսինքն՝ հարկային բեռի նվազեցման դիմաց մենք իրենցից պահանջում ենք թափանցիկություն։ Դրանով միանգամից մի քանի խնդիր է լուծվում։ Նախ ներդրվում է եկամուտների ու ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, երկրորդը՝ դա թույլ է տալիս բյուջեի կորուստը տեղափոխել ոչ թե 2020, այլ՝ 2021  թվական, որովհետև 2020-ի ընթացքում այս մարդիկ կհարկվեն սովորական ռեժիմով և հաջորդ տարվա ապրիլին հետ կստանան այդ գումարները։ Երրորդ՝ հնարավորություն է տալիս ճշգրտել առավել ունևոր խավի վերաբերյալ վիճակագրությունը։ Հայտարարագրման ինստիտուտը թույլ կտա հետագայում ավելի խորքային փոփոխությունների գնալ։

-Ո՞րն է մյուս գաղափարը։

- Երրորդ տարբերակը, որն առաջարկում  ենք քննարկել, այն է՝ ունենալ համահարթ եկամտային հարկի տարբերակ չհարկվող շեմով։ Բայց այստեղ էլ բյուջեի եկամուտների էական կորուստ է կանխատեսվում։ Օրինակ՝ եթե չհարկվող շեմը սահմանում ենք նվազագույն պարենային զամբյուղի չափով՝ շուրջ 35 հազար դրամի, դա ենթադրում է բյուջեի մի քանի տասնյակ միլիարդ դրամի կորուստ։ Ֆինանսների նախարարությունը, բնական է, այս տարբերակին հակված չէ։ Բայց այս տարբերակը մենք ևս դիտարկել ենք մի քանի չհարկվող շեմերի օրինակներով։ Այն ևս կքննարկենք առաջիկայում։ Ուզում ենք, որ վերջում որևէ մեկի մոտ կասկած չմնա, թե ինչու ընտրվեց եկամտային հարկի այս կամ այն տարբերակը։ Քննարկումների արդյունքում, միգուցե, այս եղած տարբերակները ճշգրտվեն։

- Քեշբեքի տարբերակը լրացուցիչ բարդություն չի՞ լինի  աշխատող քաղաքացիների համար՝ հաշվի առնելով, որ այս դեպքում եկամտային հարկի համակարգը ոչ թե պարզեցվում է, ինչպես ի սկզբանե դրված էր հարկային փոփոխությունների գաղափարի հիմքում, այլ՝ ավելի աշխատատար է դառնում։

- Դա հիմնական քննադատություններից մեկն է, բայց իրականում այն բարդություն չի ներկայացնում, քանի որ հարկ վճարողն ու գործատուն աշխատելու են նույն կերպ, ինչպես հիմա։ Միայն վերջում ավելանալու է հայտարարագիր լրացնելու հարցը, որը կարող է բարդություններ առաջացնել։ Սակայն բարձր եկամուտ ստացող մարդկանց համար դա բարդություն չի լինի, քանի որ նրանք հիմնականում ֆինանսապես գրագետ են։  Բացի այդ, որքանով ես հասցրել եմ հասկանալ ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ զրույցում, հայտարարագիրը որևէ բարդություն չի ներկայացնելու։ Այս հայտարարագրման մեխանիզմը վերաբերում է 150 հազար դրամից բարձր ստացող բոլոր աշխատողներին։ Այլ հարց է, որ 160  հազար դրամ ստացողի համար սա, հանարավոր է, այնքան էլ մոտիվացնող չլինի, քանի որ նրա համար էական փոփոխություն չի ենթադրում։ Այս քեշբեքի տարբերակով բյուջեի կորուստներն ավելի քիչ են լինելու, քան  նախագծով առաջարկված համահարթ տարբերակի դեպքում է։ Եթե դիտարկենք այն կանխավարկածը, որ ոչ բոլորն են հայտարարագիրը լրացնելու և ոչ ամբողջությամբ, ապա կարող ենք վստահ ասել, որ բյուջեի կորուստն ավելի փոքր է լինելու։

- Կա՞ մոտավոր հաշվարկ, թե որքան կլինի կորուստը։

-Չկա, քանի որ սա դեռևս գաղափար է։ Երբ հարցը հասնի օրենսդրական առաջարկ ներկայացնելուն, մենք թվային հիմնավորումները կներկայացնենք։ Նախնական միայն գիտենք, որ բյուջեի վրա եկամուտների կորուստի առումով ավելի տանելի է, քան նախագծում եղած տարբերակը։  Պետք է նաև կարգավորման ազդեցությունը գնահատվի։ Եթե տնտեսագետները հանգեն այն մտքին, որ սա ավելի լավ տարբերակ է, արդեն կարելի է այս միտքը զարգացնել։ Անգամ կարելի է առաջարկել, որ այս տարբերակով լինի անցումային փուլ։ Այսինքն՝ սկզբում ներդրվի այս մեխանիզմը, որի հետ միաժամանակ  ներդրվի հայտարարագրման ինտիտուտը, հետո հաջորդ տարվանից այս տարբերակը հանենք ու բոլորի համար սահմանենք համահարթ տարբերակը, բայց հայտարարագրման ինտիտուտը մնա։ Սրանք բոլորը հարցեր ենք, որոնք մենք պետք է քննարկենք և հենց դրա համար ենք այս գաղափարները հրապարակայնացնում։

Շարունակությունը կարդացեք hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել