1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում առաջարկել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը:
ՏՄՊՊՀ անդամի պաշտոնի հարցի քննարկմանը Շուշան Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ անհրաժեշտություն կա ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները՝ լայն շրջանակ ապահովելով խորհրդի կազմում: Կարևորեց վարչարարական բեռի թեթևացման անհրաժեշտությունը:
«Շարունակելով վերահսկողություն իրականացնել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի լուրջ իրավախախտումների նկատմամբ, ինչպիսիք են՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահումները, անբարեխիղճ մրցակցության գործողությունները, անհրաժեշտություն է ակտիվացնել աշխատանքները մի շարք այլ իրավախախտումների վերահսկողության ուղղությամբ, օրինակ՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահումները: Այս ինստիտուտը ներդրվել է 2021 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում»,- ասաց Սարգսյանը՝ կարևորելով նաև աշխատանքների ակտիվացումը պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության իրականացման առումով:
Սարգսյանն իր ելույթում նաև կարևորեց հանձնաժողովի գործունեության ընթացքում պետական գնումների շրջանակում հակամրցակցային վարքագծի նկատմամբ վերահսկողությունը:
«Գործող օրենսդրությամբ նախատեսված է հանձնաժողովի կոլեգիալ ինքնավար մարմնի անդամի առաջադրման գործընթաց սկսելու հնարավորություն միայն հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո, մինչդեռ օրենքով նախատեսված են հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հիմքեր, օրինակ՝ պաշտոնավարման տարիքը լրանալը, որի մասին հայտնի է նախապես, սակայն օրենսդրական հնարավորություն չկա պաշտոնի համալրման գործընթացը սկսել մինչև պաշտոնի թափուր դառնալը, ինչը կարող էր ռիսկեր ստեղծել ինքնավար մարմնի գործունեության շարունակականության ապահովման, մասնավորապես, քվորումի բացակայության տեսանկյունից:
Այդպիսի մտահոգիչ իրավիճակ կարող է առաջանալ 2022-ին, օրինակ, ՏՄՊՊՀ-ում, քանի որ 2022-ին լրանում է հանձնաժողովի անդամներից երեքի պաշտոնավարման ժամկետը: Հանձնաժողովի նիստերին առկա քվորումը, եթե նիստին մասնակցում է առնվազն 4 անդամ, այս պարագայում մինչև հանձնաժողովի անդամների պաշտոնի համալրման գործընթացը կարող է առաջանալ քվորումի ապահովման ռիսկեր»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ կարելի է այդ ամենը հաղթահարել օրենսդրական փոփոխությունների արդյունքում:
comment.count (0)